HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հինգ Ժամ է` փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի կարողանում դիմում ներկայացնել ՀՔԾ, որպեսզի տեսակցի Նիկոլ Փաշինյանին

Պարոն Բաղդասարյան,  մինչև այս պահը չկա պաշտոնական տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է գտնվում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա իրավունքների պաշտպանությունը դուք եք պատրաստվում ստանձնել։ Ձեզ հավաստիացնո՞ւմ են, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին Հատուկ քննչական ծառայությունում է։

-Ես, համենայնդեպս վստահաբար կարող եմ ասել, որ քննչական խմբի ղեկավարն, ով պետք է քննչական գործողություն իրականացնի Նիկոլ Փաշինյանի հետ, գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։  Ես  ոստիկանության  Շենգավիթի բաժնից քննիչների հետ եկել եմ Հատուկ քննչական ծառայություն, և արդեն մոտ հինգ ժամ է` փաստաթղթերը կազմել եմ և փորձում եմ դիմում ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի ինձ ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին, սակայն չեմ կարողանում ներկայացնել դիմումը։

-Իսկ ձեզ ի՞նչ պատճառաբանություն է ներկայացվում։

-Տարբեր պատճառաբանություններ են բերվում, ասում են, որ պետք է սպասել, և ես հինգ ժամ է, որ սպասում եմ։

-Ի՞նչ քայլերի եք դիմել այս ընթացքում և ի՞նչ եք պատրաստվում անել։

-Փորձում եմ կապվել Կարմիր Խաչի հետ, որպեսզի կազմակերպությունից ներկայացուցիչ գա։ Կապվել եմ ՄԻՊ գրասենյակի հետ, սակայն այնտեղից հրաժարվել են գալ և մտնել ՀՔԾ՝ պարզելու համար, թե ինչն է խնդիրը, որ իմ մուտքը ՀՔԾ հնարավոր չէ։ Այս պահին որևէ այլ նորություն չկա։ Ես խնդրում եմ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին,  Կարմիր խաչին, բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք հավատարմագրված են Հայաստանում, որպեսզի տեղեկանանք, թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը և ինչու չի թույլատրվում իմ մուտքը նրա մոտ։

-Այսօր Շենգավիթի ոստիկանության բաժնում դուք տեսակցել եք նաև Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին։ Նրանց մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել այն պահի դրությամբ։

-Ես նրանց հանդիպել են Շենգավիթի ոստիկանության բաժնում։ Միքայելյանի և Միրզոյանի վերաբերյալ ձերբակալման արձանագրություն է կազմվել, և ըստ այդ արձանագրության՝ ապրիլի 13-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ են ձերբակալվել։ Ապրիլի 22-ին նրանք չէին կարող առանց Ազգային ժողովի որոշման ձերբակալվել ապրիլի 13-ին տեղի ունեցած որևէ իրադարձության առթիվ։  Փորձում են ինչ-որ պատճառաբանություն գտնել, որպեսզի շրջանցվի սահմանադրական պահանջն այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորներին կարելի է անձեռնմխելիությունից զրկել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։

-Դուք ներգրավվե՞լ եք  որպես Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի պաշտպան։

 -Ներգրավվել եմ որպես Արարատ Միրզոյանի պաշտպան, իսկ Սասուն Միքայելյանն իմ ներկայությամբ հայտարարել է, որ հրաժարվում է ստորագրել որևէ փաստաթղթի տակ, քանի որ գտնում է, որ իրենց նկատմամբ գործողություններն ապօրինի են։

-Ի՞նչ վիճակում էին նրանք։ Բերման ենթարկելիս ինչպիսի՞ վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ։

-Շատ բարձր տրամադրություն ունեին ու ոգևորված էին, հավատում են, որ հայաստանցիներն իրենց հետ են։ Սասուն Միքայելյանը վնասվածներ ուներ, պատճառաբանեց, որ իրեն հայհոյել ու վիրավորել են, ինչին նա պատասխանել է, որի արդյունքում էլ նրան վնասվածքներ են պատճառվել։

-Այս պահին Միքայելյանն ու Միրզոյանն արդեն տեղափոխվե՞լ են Ձերբակալված անձանց պահման վայր։

-Ըստ Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի՝ նրանց պետք է տեղափոխեին, բայց երբ ես դուրս էի գալիս, այսինքն ՝ շուրջ հինգ ժամ առաջ, նրանց դեռևս չէին փոխադրել ՁԱՊՎ։

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ. մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter