
ԵՊՀ-ում ուսանողները սկսել են դասադուլը (թարմացվող)
10:52
Ցուցարար ուսանողներին մոտեցան ոստիկանության աշխատակիցներ` պահանջելով երթևեկության համար ճանապարհ բացել: Սակայն ուսանողները նշեցին, որ քանակապես բազմամարդ լինելու պատճառով չեն կարող ճանապարհը բացել, փոխարենը խոստացան քայլերթն այնպես կազմակերպել, որ փողոցները երկար ժամանակ փակ չմնան:
10:20
Երևանի պետական համալսարանի դասադուլ անող ուսանողներին միացան նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները: Ցուցարար ուսանողները երթով ու «Դասախոս, միացիր» կոչերով շարժվեցին դեպի Ալեք Մանուկյան փողոց, սակայն քիչ անց ուղևորվեցին դեպի «Երիտասարդական» մետրոյի կայարան։
10:13
Երևանի պետական համալսարանում ուսանողները սկսել են դասադուլը: Նրանք հավաքվել են կենտրոնական մասնաշենքի դիմաց: «Ազատ, անկախ ուսանող» կոչեր են հնչեցում:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
Մեկնաբանել