HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանցիները ևս բողոքի ակցիա են իրականացնում (թարմացվող)

14:45

Մերի Սարգսյան

Սեդա Հերգնյան

Ոստիկանության մի քանի աշխատակիցներ, այդ թվում՝ ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանը, և քաղաքացիական հագուստով տարբեր անձինք պարբերապար մոտենում են և հորդորում քաղաքացիներին բացել ճանապարհը։ Նրանցից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ քաղաքացիներին, մի քանի րոպե շարունակ հորդորել է և փորձել համոզել քաղաքացիներին բացել ճանապարհը մոտակայքում գտնվող տուրիստական երեք ավտոբուսների համար։

«Տուրիստները թող տեսնեն, թե ինչ իրավիճակ է մեր երկրում։ Չենք բացելու ճանապարհը»,- նշեց ցույցի մասնակից տարեց քաղաքացիներից մեկը։ Ցուցարարները նշում են, որ չեն զիջելու և չեն բացելու ճանապարհը մինչև իրենց պահանջը չկատարվի։ Ակցիայի մասնակիցներից Արմինե Մելքոնյանի խոսքով՝ բողոքին են միացել բնակիչներ մարզի տարբեր շրջաններից՝ Ծովագյուղից, Չկալովկայից, Լճաշենից, Ցամաքաբերդից և այլն։

14:00

Շուրջ երեք ժամ է` ցուցարարները փակել են Գագարին-Սևան ճանապարհահատվածը: Գեղարքունիքի փոխմարզպետ Կարեն Հակոբյանը հորդորում է ցուցարարներին բացել ճանապարհը` պատճառաբանելով, որ զբոսաշրջիկներ են մնացել խցանման մեջ, ովքեր պետք է հասնեն օդանավակայան: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել երեկ ձերբակալված երեք պատգամավորներին: Ցուցարարներին ճանապարհը բացելու կոչ է անում նաև Սևանի ոստիկանապետ Վ. Աղեկյանը: 

Այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա են իրականացնում նաև սևանցիները։ Սևան քաղաքի երիտասարդներն առավոտից հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ ու այնտեղից քայլերթով շրջում են տարբեր փողոցներով՝ «դասադուլ», «միացեք», «քայլ արա, մերժիր Սերժին» կոչերով։ Անցնող մեքենաները  միանում են ցուցարարներին ազդանշաններով։

Ցուցարարների կողքին է նաև Սևանի Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու քահանան։ Հավաքը ուղեկցում են ոստիկանները։

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter