HY RU EN

Մարինե Մադաթյան

Ցուցարարները փակում են Ազատության պողոտայի տարբեր հատվածներ. ոստիկանները բերման ենթարկեցին սրտի արատ ունեցող ցուցարարի

Ցուցարարները քիչ առաջ փակել էին Ազատության պողոտա-Ներսիսյան փողոց խաչմերուկը, արգելափակել մեքենաների երթևեկը բոլոր ուղղություններով:

Որոշ ժամանակ անց տարածքում գտնվող՝ ոստիկանության Արաբկիրի բաժնից ոստիկանական ուժեր եկան այստեղ: Նրանք փորձում էին համոզել քաղաքացիներին ազատել փողոցը, սակայն երբ չստացվեց համոզել, սկսեցին բերման ենթարկել նրանցից մի քանիսին: Ցուցարարների խոսքով՝ Արաբկիրի բաժին են տարել 4 քաղաքացու:

Մեր այցելության պահին ներս տարան նաև Նարեկ Աղավելյանին: Նրա կինը՝ Լուսինե Մարտիրոսյանը փորձում էր համոզել ոստիկաններին՝ բաց թողնել ամուսնուն՝ նշելով, որ սրտի արատ ունի: Լուսինեն մեզ հետ զրույցում նշեց, որ ամուսինը հաշմանդամության երկրորդ կարգ ունի: Այդ մասին ասաց նաև բաժանմունքի դարպասը հսկող ոստիկանին: Վերջինս, սակայն, պատասխանեց, որ պարզապես ծառայող է, չի կարող ոչինչ անել՝ խորհուրդ տալով գտնել փաստաբան:

Ցուցարարների երթը Ազատության պողոտայով շարժվում է դեպի Հաղթանակի զբոսայգի: Նրանք քայլում են փողոցի անցումի երկայնքով, որտեղ լուսացույց չկա, այդպիսով կաթվածահար անելով երթևեկությունը: Նշենք նաև, որ վարորդների մեծ մասը չի դժգոհում, նրանք արձագանքում են ազդանշաններով:

Փողոցը փակող ցուցարարների մեծ մասը դպրոցականներ են։ Նրանք ասում են, որ դպրոցում թեև պաշտոնապես դասադուլ հայտարարված չէ, սակայն ոչ ոք դասի չի գնացել։ Հարցին՝ արդյոք ուսուցիչներն էլ են միացել իրենց, պատասխանում են, թե նրանց աշխատանքից կհանեն։ «Դրա համար էլ մենք դասի չենք գնում, որ և իրենք կարողանան մասնակցել, և մենք», - ասաց դպրոցականներից մեկը (անունը չցանկացավ նշել)։ Հիմնականում դպրոցականների հետ են նաև նրանց ծնողները, ովքեր փորձում են հորդորել ոստիկաններին երեխաներին ձեռք չտալ, որովհետև նրանց ցույցը խաղաղ է։ 

Դպրոցական ցուցարարները բացեցին երթուղայիններից մեկի դուռը՝ հորդորելով ուղևորներին իջնել և միանալ ցույցին։ Երթուղայինից իջնող չեղավ․ դպրոցականները նրանց «բաց թողեցին» այն ժամնանակ, երբ ուղևորներից մեկն ասաց, որ հիվանդանոց են գնում։

Կին վարորդներից մեկն էլ մեքենայի պատուհանից դպրոցականներին ազդանշանով ողջունելուց հետո ասաց, թե կարող են նաև ճանապարհը չփակել, ինքը, միևնույն է, չի վարելու։

Թեև քիչ անց ոստիկանները մոտեցան և վերականգնեցին երթեևկությունը ճանապարհի նաև այս հատվածում, սակայն իրավիճակը նրանց համար կանխատեսելի և վերահսկելի չէ․ հայտնի չէ, թե ցուցարարաները հաջորդը պողոտայի որ հատվածն են փակելու։

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: