
Դավիթ Անհաղթը փակ է
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս պահին փակ է Դավիթ Անհաղթ փողոցը: Տասնյակ մարդիկ հավաքվել են աղբարկղերով փակված փողոցում: Այստեղ են ինչպես հարակից շենքերի բնակիչները, այնպես էլ դպրոցականներ: Վարորդները փորձում են երթևեկել տարածքի այլ ավտոճանապարհներով:
Ոստիկանության 3 մեքենաներ փորձեցին անցնել ճանապարհով, բայց չկարողանալով` հետ դարձան:
Նշենք, որ Դավիթ Անհաղթի այս հատվածը դպրոցականները սկսել են փակել վաղ առավոտից: Որքան էլ ոստիկանները փորձ են արել փողոցը բացել երթևեկության համար, նրանց դա չի հաջողվել: Դպրոցականները շարունակաբար անցել են Դավիթ Անհաղթի տարբեր հետիոտնային հատվածներից՝ այդպիսով խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը:
14:30-ի դրությամբ ցուցարարները շարունակում են փողոցը փակ պահել մի քանի հատվածներում:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
Մեկնաբանել