HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ինչո՞ւ ձախողվեց «կոշիկի բիզնեսը»

Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Երեւանյան փողոցի վրա վագոն-տնակում Նորիկ Սահակյանը ընկերոջ` Համլետ Գիշյանի հետ 7 ամիս առաջ համատեղ բիզնես սկսեց. որակյալ, բայց համեմատաբար էժան կոշիկներ էին կարում եւ նորոգում: 20 օր առաջ «Նորիկ Սահակյան» անհատ ձեռներեցը գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է տվել Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն:

Համատեղ բիզնեսից մնացել են Համլետ Գիշյանին պատկանող վագոն-տնակի դարակներին դարսված նոր, չիրացված, նաեւ վերանորոգված, սակայն տերերի կողմից չտարված կոշիկներ: «Սպասում ենք, որ ձմռան ընթացքում նորոգած կոշիկները գան-տանեն, այս ցավից պրծնենք: Դրանք էլ չեն տանում: Տարածների տերերն էլ ասում են` թոշակը կամ նպաստը ստանանք` նորոգման փողը կտանք: Թոշակն ու նպաստը ստանում, չեն տալիս, ուրիշ հոգսեր ունեն»,- ասում է Նորիկը եւ ցույց տալիս ապառիկի` «նիսյայի» տետրի 10 էջ գրառումները: 41-ամյա Նորիկը կոշիկի հմուտ մասնագետ է. տարիներ առաջ աշխատել է Երեւանի կոշիկի «Լյուքս» ֆաբրիկայում, նաեւ` Եղվարդի մարզական կոշիկների գործարանում, 6 տարի որպես կոշիկի մոդելավորող` Վորոնեժի կոշիկի ֆաբրիկայում: Նա Նոյեմբերյանի տարածաշրջանի եզակի կոշկակարներից է, ով կոշիկ է կարում նաեւ հատուկ պատվերով` հարթաթաթություն, ոտքի ձեւախախտումներ կամ անսովոր կառուցվածք ունեցողների համար: Նաեւ կատարում է կոշիկների մաշված տակդիրների փոխարինում նորերով: «Մեր գործն ամենաաղքատ մարդկանց հետ է: Գյուղացին գոմից թրքոտ կոշիկով գալիս է, նորոգում եմ: Ես որ մեռնեմ, իմ գործը շարունակող չի լինի»,- հոռետեսորեն ասում է Նորիկը: Նրա եւ Համլետ Գիշյանի ծառայություններից օգտվելու համար հաճախորդներ են գալիս շուրջ 30 կմ հեռավորությունից, Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր բնակավայրերից` Բարեկամավանից, Կոթիից, Բագրատաշենից, Այրում քաղաքից: Նորիկի եւ Համլետի համատեղ փոքր բիզնեսի ձախողման պատճառները երկուսն են` սահմանամերձ տարածաշրջանի բնակչության ցածր գնողունակությունը եւ բարձր տոկոսադրույքներով վարկերը:

Նորիկ Սահակյանն անցյալ տարի հաճախել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Թրփանճեան» գյուղական համայնքների զարգացման ծրագրի դասընթացներին եւ հայտ ներկայացրել տարեկան 7 տոկոսով վարկ ստանալու համար: Նրա ներկայացրած ծրագիրը շահել էր փոքր բիզնեսի վարկավորման մրցույթում, այդ առթիվ արդեն շնորհավորանքներ էր ստացել եւ 2010 թ. ամռանը պետք է վարկ ստանար: Սակայն պարզվել է, որ Նորիկը տարիներ առաջ մի բանկից վերցրած վարկի հերթական մուծումն ուշացրել է եւ հայտնվել «սեւ ցուցակում»: Այդ պատճառով նա «Թրփանճեան» հիմնադրամի վարկը չկարողացավ ստանալ: Ստիպված 700 հազար դրամ վարկ է վերցրել «Ֆինկա» վարկային կազմակերպությունից: «Վարկի տարեկան տոկոսադրույքը 24 է, պահումները գումարած` 35 տոկոս: Մինչեւ հիմա վարկի մարման ժամկետները չեմ ուշացրել, սակայն հիմա էքստրեմալ վիճակ է»,- ասում է Նորիկը: Իր խոսքերով` «ճարահատյալ» օգնության խնդրանքով դիմել է Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից Աժ պատգամավոր Միքայել Վարդանյանին: Վերջինս անտոկոս 1 մլն դրամ վարկ է տրամադրել: Նորիկ Սահակյանը վատառողջ է, նրա առողջական վիճակն ավելի է վատացել ընդդիմության ցույցերին մասնակցելուց հետո. Նոյեմբերյան քաղաքում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից է: 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո նրան հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանության 6-րդ վարչություն, դատախազության հատուկ քննչական բաժին: Իրավապահները, ի թիվս այլ բաների, նրան հիշեցրել են հեռախոսազանգով Նիկոլ Փաշինյանին հայտնած «տեղեկության» մասին: «Կոթիից միոտանի, միձեռանի 300 մարդ է գալիս»,- հեռախոսով կատակով ասել էր Նորիկը: Իրավապահների հետ հանդիպումներից նրա առողջությունը վատացել է: Ծանր հոգեկան ապրումներից սրտի կաթված է ստացել: Նրան տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, ուր սրտի վիրահատության է ենթարկվել: Վիրահատության համար պահանջվել է 3 մլն 700 հազար դրամ: Այդ գումարից 1 մլն դրամը պարտք է մնացել: «Հետվիրահատական բուժումը կիսատ թողել, հեռացել եմ: Մինչեւ հիմա «Նորք-Մարաշից» ինձ զանգահարում են, ասում են` քեզ դատի ենք տալու»,- պատմում է Նորիկը: Նա մանկուց հաշմանդամ է: 5 տարի առաջ նրա հաշմանդամության խումբը 2-րդից 3-րդ են դարձրել: Հիմա 7 եւ 5 տարեկան տղաների հայրը 10 հազար 500 դրամ թոշակ է ստանում: «Եթե մինչեւ սեպտեմբեր 1.5 մլն դրամ էժան վարկ չստանամ, գործը վերջնականապես կփակվի»,-տխուր ասում է Նորիկը: Նա տարակուսում է` գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքները իջեցրել են (ճիշտ են արել), ինչո՞ւ փոքր բիզնեսին տրվող վարկերի տոկոսադրույքները չեն փոխվում, չէ՞ որ իրենք այդ աղքատ խավին` գյուղացիությանն են սպասարկում: Եթե մինչեւ աշուն գործերը չլավանան, նրա հույսը մնալու է իշխանափոխությունը: «Իշխանափոխությունից հետո գործերդ լավանալո՞ւ են»,- հարցնում եմ:

«Գոնե հոգեկան հանգստություն ձեռք կբերեմ»,- պատասխանում է Նորիկ Սահակյանը:

Մեկնաբանություններ (1)

Rima
katarva& lragroxakan hetaqnnutyun@ texekatvutyamb bavakanin harust e, sakayn karox eiq ushadrutyun darznel uxxagrakan,ketadrakan ev vochakan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter