
Պատգամավոր Սեդրակ Սարոյանը ԱՄՆ է մեկնել Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը
Ավելացում
«Հետք»-ի լրագրողը կապ է հաստատել Լոս Անջելեսում գտնվող Արման Կարապետյանի հետ, որի ֆեյսբուքյան էջից էլ տարածվել էր Սեդրակ Սարոյանի՝ ԱՄՆ մեկնելու օրը տեսանյութը: Մենք խնդրեցինք Կարապետյանին հայտնել, թե երբ է տեսանկարահանել Սարոյանին, վերջինս ասաց, որ Սարոյանին Լոս Անջելեսի օդանավակայանում դիմավորել են ապրիլի 23-ին: Մենք խնդրեցինք նրան ուղարկել իր հեռախոսի այն նկարը, որում երևում է Սարոյանի՝ ԱՄՆ մեկնելու տեսանյութի նկարահանման օրը: Ըստ լուսանկարի՝ տեսանյութն արվել է երեկ: Հիշեցնենք, որ Սեդրակ Սարոյանի օգնականը մեզ հետ զրույցում ասել էր, որ Սարոյանը ԱՄՆ է մեկնել հինգ օր առաջ՝ այնտեղ ծնված թոռնիկին տեսակցելու:
Հոդվածի վերնագրում կատարվել է փոփոխություն: Նախապես գրել էինք, որ «Պատգամավոր Սեդրակ Սարոյանը ԱՄՆ է մեկնել 5 օր առաջ»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը ԱՄՆ է մեկնել հինգ օր առաջ, իսկ մեկնելու համար դեսպանատուն է դիմել դեռ մեկ ամիս առաջ։
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց պատգամավորի օգնական Գևորգ Ստեփանյանը։ Հետաքրքրվեցինք, թե պատգամավորն ինչ նպատակով է մեկնել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք: Ստեփանյանը պատասխանեց, որ Սարոյանի դուստրը երեխա է ունեցել, դրա համար էլ վերջինս մեկնել է։
Տեղեկացնենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություններ էին տարածվել, որ Սարոյանը ԱՄՆ է մեկնել հեղափոխությունից հետո։ Լոս Անջելեսում բնակվող Արման Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ամերիկաբնակ երգիչ Սուպեր Սաքոն նրան օդանավակայանում դիմավորում։
Գևորգ Ստեփանյանի խոսքով՝ Սեդրակ Սարոյանը մեկ շաբաթից հետ է վերադառնալու Հայաստան։
Մեկնաբանել