HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Համակարգիչ եւ կրթություն

Ժամանակակից տեխնոլոգիաների հարուցած բազմաթիվ գլոբալ, այդ թվում՝ բնապահպանական խնդիրների մեջ արեւմուտքում օրեցօր աճում է այն հարցերի հրատապությունը, որոնք կապված են «հասարակության քոմփյութերացման» հետ: Իր մի շարք յուրահատկություններով համակարգիչը առանձնահատուկ եւ հարճունորեն կարեւոր նշանակություն է ստանում: Լինելով 2Օ-րդ դարի վերջի ամենաբարդ տեխնոլոգիաներից մեկը՝ այն միաժամանակ ամենատարածվածներից է, իսկ իր ապագա ազդեցությունների հնարավորությամբ՝ ապահովաբար առաջինը: Երբ մարդկային գործունեության գրեթե բոլոր ձեւերը այս կամ այն չափով միջնորդված են համակարգչային սարքավորումներով, այն դադարում է սոսկ հզոր տեխնիկական միջոց լինելուց եւ դառնում ընկերային կյանքի վրա մեծապես ազդող գործոն, արմատական հասարակական փոփոխությունների զորեղ խթան:

Իր կարեւորությամբ համակարգիչների արդյունաբերությունը արդեն մրցում է ավտոմեքենաների արդյունաբերության հետ, բայց համակարգիչների եւ ավտոմեքենաների համեմատությունը ավելի խորին շերտեր ունի: Այդ համեմատությունը հաճախ կատարվում է ընդգծելու համար սպասվող մեծ եւ անկռահելի փոփոխությունները, որոնք ի հայտ կգան համակարգիչների հետագա տարածման հետ: Որեւէ տեխնիկական միջոցի հիմնական հետեւանքները սովորաբար երեւան են գալիս միայն այն բանից հետո, երբ նրա ներկայությունը վճռական չափերի է հասնում: Այդպես եղավ ավտոմեքենաների դեպքում, որոնց համընդհանուր տարածումը այնպիսի խնդիրներ առաջացրեց, որ նախապես անգուշակելի էին եւ որոնց լուծումը պահանջեց մեծագույն վերափոխումներ թե՛ հասարակական կազմակերպման ձեւերի, թե՛ հենց քաղաքների կառուցվածքի մեջ: Իսկ ժամանակակից քաղաքների անլուծելի խնդրի՝ ավտոմեքենաների արտամղած գազերի պատճառած վնասների մասին ոչ ոք չէր կարող ենթադրել անգամ:

Ինչ վերաբերում է «հասարակության քոմփյութերացման» հետ կապված խնդիրներին, ապա այդ ընթացքի մեջ արդեն նկատվել են բազմաթիվ հեգնական անկանոնություններ: Դրանցից մեկը կապված է լազերային տպիչի հետ, որի պատճառով հօդս ցնդեցին առանց թղթի գրասենյակային գրագրության անցնելու մասին կանխագուշակությունները: Ենթադրվում էր, որ համակարգիչը հնարավորություն կտա գրագրությունը կազմակերպելու առանց թղթի եւ թույլ կտա խնայել մեծ քանակությամբ փայտանյութ: Այնինչ լազերային տպիչի ի հայտ գալն ավելի ընդլայնեց թղթի գործածումը համակարգիչի վրա հիմնված տարբեր միջավայրերում: Բայց սա ընդամենը մի մասնավոր հարց է:

Խոսելով հասարակության քոմփյութերացման մասին՝ տեղին է ընդգծել, որ հաճախ անհասկանալի է մնում թե ինչը եւ ինչու է քոմփյութերացվում: Համակարգիչը սովորաբար դիտվում է որպես ռացիոնալության գործիք, բայց եւ կարող է դառնալ ոչ ռացիոնալ կառավարման եւ խնդրահարույց հասարակական գործունեությունների առանցք [1]:

Համակարգիչների տարածումը արդեն ակնհայտ փոփոխություններ է հարուցել տնտեսական ու հասարակական բազմաթիվ ոլորտներում եւ մասնավորապես՝ կրթության ու մշակույթի բնագավառներում՝ առաջ բերելով «Համակարգչային մշակույթի» ("Computer Culture") մի համատարած շերտ, որն իր հերթին նշված տիրույթներում նոր բնույթի խնդիրներ է հարուցում՝ մատնանշելով կատարվող տեղաշարժերի «ցանկալի» եւ «անցանկալի» կողմերը [3]: Սրա հետ միասին, համակարգիչը, որպես կանոն, հիմք է դառնում տնտեսական եւ հասարակական, այդ թվում՝ մշակութային եւ կրթական ոլորտների հետագա զարգացմանն առնչվող ծրագրերի համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն

Մ.թ.ա. 6-ից 5-րդ դարերում Աթենքում կատարված մշակութային անօրինակ ծաղկման հիմք համարելով քաղաքի հրապարակում՝ ագորայում ազատորեն շփվելու, հաղորդակցվելու հնարավորությունը՝ որոշ հեղինակներ նման մի պոռթկման նախադրյալներ են տեսնում ժամանակակից աշխարհում՝ ագորայի արդի նմանակը գտնելով մերօրյա հաղորդակցական մեդիայի մեջ[2]: Համակարգիչը անմիջական հաղորդակցության բազմազան հնարավորություններով «արագացնում է պատմությունը»՝ ինչպես ագորայում, ի տարբերություն միջնադարի, երբ նամակները տեղ էին հասնում ամիսների ընթացքում: Այն ուժեղացնում է ճշգրիտ կամ ձեւայնացված կրթանքները, որոնք մտավորական կյանքում կարեւոր տեղ են գրավում: Համակարգիչները նաեւ նոր հրատապություն են հաղորդում մաթեմատիկական գիտելիքներին ու ունակություններին կամ ավելի ճիշտ՝ մտավոր կերտվածքի մեջ լայն իմաստով հասկացված մաթեմատիկականության ներկայությանը: Սակայն, սատարելով մարդու վստահությունը իր կարողությունների նկատմամբ եւ հատկապես՝ նպաստելով սովորելու ունակությունների դրսեւորմանը, մյուս կողմից՝ ինչպես ենթադրվում է, համակարգիչը դարի վերջին կարող է դառնալ անբավարարվածության գլխավոր պատճառ: Գիտելիքների ու հնարավոր փորձառություների անընդգրկելի քանակությունը մարդկանց մեջ կծնի անբավարարվածություն սեփական կրթությամբ, տեխնոլոգիաներիի բերած նորանոր փորձառությունների կանչը մշտապես դիմակայելու անհրաժեշտություն հետ միասին՝ գիտելիքի ու գործունեության անավարտվածության ուժգին զգացողություն [2]:

Առհասարակ, «Տեղեկատվական դարաշրջանի» երեխաները ծնվում են բազմաբնույթ տեղեկատվությամբ ծանրաբեռնված միջավայրում, որ սփռում են տարբեր տեսակի տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ)՝ ռադիոն, հեռուստատեսությունը, վիդեոն, նոր տեսակի խաղերը եւ այլն:

Տեղեկատվությունը եւ ՏՏ կարեւոր նշանակություն ունեն կրթության կազմակերպման մեջ: «Սովորելուց» առավել, դպրոցը հաղորդակցության տեղ է, որտեղ շատերը ձեռք են բերում մեծ խմբերում հաղորդակցվելու հմտություններ: Սրանից պարզ է դառնում, թե ինչ մեծ դեր ունեն համակարգչով միջնորդված հաղորդակցության ժամանակակից միջոցները դպրոցի համար: Մինչդեռ՝ հասարակության կողմից այդ միջոցների նախնական հասկացումն ապահովելու խնդիրը արդեն իսկ դրվել է դպրոցի վրա: Համակարգչային խաղերը կազմում են նման պարզագույն ունակություններ պահանջող առաջին համակարգչային ոլորտը, որտեղ երեխաները մեծ հափշտակությամբ խաղում եւ միաժամանակ սովորում են: Սա համոզիչ կերպով ցույց է տալիս համակարգչային հիմքով միջավայրի մեծ կարողությունները ուսման կազմակերպման համար, բայց եւ հուշում դրա մեջ խաղի կենտրոնական նշանակությունը:

Համակարգիչների ստեղծումից ի վեր կրթության մեջ դրանց ներդրման նպատակը հետապնդող աշխատանքները ընթացել են երկու ուղղությամբ՝ համակարգչի հարմարեցումը ուսումնական նպատակներին եւ ուսումնական համակարգի հարմարեցումը համակարգչային միջավայրին:

Համակարգիչների մշակման սկզբնական փուլը կապված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական նպատակներով կատարվող ուսումնասիրությունների հետ եւ հետագայում նրա հարմարեցումը այլ խնդիրների եւ հատկապես՝ կրթական-ուսումնական՝ նկատելի ջանքեր ու ժամանակ պահանջեց: Սրան պետք է ավելացնել այն փաստը, որ ի տարբերություն մարդկային գործունեության բազմաթիվ ոլորտների, որ տեխնոլոգիական միջամտության շնորհիվ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում անճանաչելի են դարձել՝ բժշկություն, տեղափոխության միջոցներ եւ այլն, դպրոցը եւ ամբողջ կրթական համակարգը աննշան փոփոխությունների է ենթարկվել: Սա նույնպես խոսում է դպրոցի եւ համակարգչի «հաշտեցման» հետ կապված դժվարությունների մասին:

Անձնական համակարգիչների առաջացումը եւ արագ տարածումը այս հարցում դիրքորոշման կտրուկ փոփոխության ազդակ հանդիսացավ: Սրանց հասարակական-տնտեսական նշանակության հարցը բուռն բանավեճերի առարկա դարձավ: Հետեւությունը միանշանակ էր՝ «համակարգչային գրագիտության» որոշ մակարդակ կենսականորեն անհրաժեշտ կլինի քաղաքացիների մեծ մասի համար: Այս հետեւությունը բազմաթիվ արեւմտյան երկրներում կառավարական մակարդակի քննարկումների տեղիք տվեց, որոնց արդյունքը եղավ կրթական համակարգի վերափոխման ծրագրերի ու միջոցառումների մշակումը:

Փոքր համակարգիչների տարածումը փոխեց նաեւ համակարգիչների մասին եղած պատկերացումները՝ առաջ բերելով «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» արտահայտությունը: Եթե սկզբնապես շեշտը դրվում էր տեխնոլոգիայի՝ hardware եւ software, վրա՝ հիմնական ուշադրությունը դարձնելով մեքենայի կամ ծրագրերի կարողությունների ուսումնասիրմանն ու բարելավմանը, ապա այժմ ուշադրության կենտրոնում հայտնվեց տեղեկատվությունը: Սրա շնորհիվ համակարգիչների փոխազդեցությունը ուսումնական ընթացքի հետ դարձավ ավելի արդյունավետ:

Համակարգչի հիման վրա ուսման միջավայր ստեղծելու գաղափարը, որ հետագայում ծավալուն մշակումների առիթ տվեց, ձեւավորվեց նաեւ շնորհիվ երեխայի իմացական զարգացման հոգեբանական տեսությունների: Սրանցից առավել հայտնիների թվում է շվեյցարացի հոգեբան Ժ. Պիաժեի մշակած տեսությունը: Համաձայն այս տեսության՝ երեխայի զարգացումը կատարվում է չորս փուլով, որոնցից յուրաքանչյուրում նա բնորոշվում է միանգամայն տարբեր իմացական հետաքրքրություններով ու միջավայրում գործելու եղանակներով: Երեխան պարզապես փոքրիկ մարդ չէ: Մեծանալիս նա կտրուկ կերպարանափոխությունների է ենթարկվում: Փուլերից յուրաքանչյուրը երեխայի ուսման տարբեր կազմակերպում եւ տարբեր միջավայր է պահանջում: Ահա այս միջավայրերը ստեղծելու առումով է, որ համակարգիչը մեծ հնարավորություններ է խոստանում: Մարդու միտքը միշտ ձգտում է ստեղծել ցանկացած գործունեության համար հարմար միջավայր, իսկ համակարգիչը առաջարկում է նախապես եւ մեծապես մշակված միջավայրեր [5]:

Համակարգչային օժանդակությամբ ուսում (ՀՕՈՒ)

Ուսման մեջ համակարգիչների կիրառումը սկզբնապես կապված էր բնագիտական առարկաների դասավանդման հետ, բայց գործածության ոլորտը անընդհատորեն ընդլայնվելու միտում է դրսեւորում: Ուսման ավանդական ընթացքին համակարգիչների հարմարեցման կամ համակարգչային օժանդակությամբ ուսման կազմակերպման հարցի նկատմամբ երկարատեւ քննարկումների ընթացքում ձեւավորված մոտեցումները կարելի է ամփոփել չորս խմբի մեջ:

1. Ըստ առաջին տեսակետի, որ կարելի է «հրահանգային» կոչել, համակարգիչը, որը պարունակում է ուսման ամբողջ նյութը, պետք է ապահովի նախապես ծրագրված ուսուցում փուլերի որոշակի հերթականությամբ: Տվյալ փուլի նյութը բավարար չափով յուրացնելուց հետո սովորողը հնարավորություն կստանա անցնելու հաջորդ փուլին:

2. «Ազատող« կամ «թեթեւացնող» մոտեցումը ենթադրում է, որ համակարգիչը պետք է կրճատի ծանր, անախորժ աշխատանքը, որպեսզի երեխան կարողանա կենտրոնանալ ավելի կարեւոր բաների վրա:

3. «Հայտնագործման» մոտեցումը համարում է, որ երեխաների համար կարեւորը հայտնագործելով սովորելն է: Նոր տեղեկությունները եւ նրանց հիմքում ընկած տեսությունը աստիճանաբար բացահայտվում են երեխայի եւ համակարգչի փոխներգործության ընթացքում: Օրինակ՝ համակարգիչը կարող է նմանակել որեւէ փորձ, որի միջոցով երեխաները պիտի գտնեն շարունակելու իրենց ձեւերը:

4. Վերջին մոտեցումը հիմնվում է կռահման սկզբունքի վրա՝ ենթադրելով, որ որոշ իմաստով հենց երեխաներն են ստեղծում իրենց գիտելիքը: Մեքենայի աշխատանքը միայն օգնելն է երեխաներին՝ փորձարկելու իրենց գաղափարները (տես՝ Education and Personal Information Skills by J. Meadows in [4]):

Երկու դիրքորոշում

Իրականում, այս բոլոր մոտեցումները բաժանվում են երկու խմբի: Առաջինի մտահոգությունը համակարգիչների օգտագործումն է որպես դպրոցում ավանդաբար գոյություն ունեցող ուսումնական հոլովույթը լրացնող գործիքներ: Ըստ երկրորդ խմբի տեսակետի՝ համակարգիչը կրթության ընթացքի մեջ մեծ փոփոխություններ մտցնելու պատեհություն է ընձեռում: Առայժմ շատ ավելի ամուր են առաջին տարբերակի կողմնակիցների դիրքերը, քանի որ շատ ավելի հեշտությամբ են համաձայնեցվում արդեն գոյություն ունեցող կրթական համակարգին: Դպրոցից դուրս, առօրյա կյանքում հանդիպող ինքնաշխատ սարքավորումների գերակշիռ մասը նույնպես առաջին սկզբունքն է մարմնավորում: Սակայն բազմաթիվ մեկնաբաններ արդեն այսօր հաստատում են, որ ապագայում երկրորդ մոտեցման հիման վրա պատրաստված գործիքները հարաճուն մասսայականություն կունենան:

Հարցերի նույն շրջանակին է պատկանում նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուսումնական ծրագրերի մշակումը, որի մեծ կրթական նշանակությունը ընդունվել է բոլոր զարգացած երկրներում: Բազմաթիվ փորձեր են կատարվել թվարկելու ՀՕՈՒ հաջող գործադրման համար անհրաժեշտ պահանջները՝ երեխաների շահագրգռվածությունը, գործուն մասնակցության հնարավորությունը, դասի ժամանակ անմիջական հետադարձ կապի առկայությունը եւ այլն: Վերոհիշյալ հոդվածի հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ բերված բազմաթիվ պահանջներից յուրաքանչյուրի համար ենթադրվող պայմաններում մեքենան սկզբունքորեն կարող է աշխատել անկախ մարդ ուսուցչից: Սա չի՞ նշանակում, որ կարեւր մի հարց՝ ո՞րն է ուսուցչի դերը ՀՕՈՒ մեջ, մնում է բոլորովին չդիտարկված, եւ արդյո՞ք սա չի խոսում բոլոր մոտեցումների լուրջ պակասության մասին: Այս հարցի շուրջ ավելի մանրամասն կխոսվի հոդվածի երկրորդ մասում:

Ուսման մեջ համակարգչի կիրառման իրական մեխանիզմների վերաբերյալ գրականությունը աճում է, աճում է նաեւ ՀՕՈՒ մասին իրար հակասող տեսությունների քանակը: Գործնականի եւ տեսականի հաջող համադրման օրինակ է ամերիկյան կրթական համակարգում լայնորեն տարածված համակարգչային Logo լեզուն: Ս. Փափերթի ստեղծած ծրագրավորման այս լեզվին եւ տարբեր գիտելիքներ յուրացնելու համար նախատեսված միկրոմիջավայրերին է նվիրված հոդվածի երկրորդ մասը:

Ի՞նչ է նշանակում «Համակարգչային գրագիտությունը»

«Կրթելով համակարգչային սերունդը» հոդվածի հեղինակները ընդգծում են, որ այս տերմինն ունի բազմաթիվ ու իրարից զգալիորեն տարբերվող իմաստներ (տես՝ Educating the Computer Generation by F. Williams, V. Williams and A. F. Phillips in [5]): Նրանք անհիմն են համարում այն տեսակետը, որը համակարգչային գրագիտությունը հավասարեցնում է լեզվի եւ հատկապես մաթեմատիկայի լեզվի նշանային միջոցներին, քանի որ ծրագրավորման ցանկացած լեզու զուրկ է մաթեմատիկական լեզվի ընդհանրականությունից: Ծրագրավորման լեզվի իմացությունը բավարար չէ համակարգչով որեւէ խնդիր լուծել կարողանալու համար: Առավել եւս գրագիտություն չեն կարող կոչվել համակարգիչը պարզագույն նպատակների համար օգտագործելու տարրական հմտությունները: Հոդվածում բերվում է մի ընդարձակ ցուցակ, որտեղ թվարկվում են անձնական օգտագործման ժամանակ անհրաժեշտ եւ աշխատանքի մեջ գործածելու թե՛ կիրառական, թե՛ հետազոտական բնույթի կարողությունների ու հմտությունների մեծ բազմություն: Դրանցից յուրաքանչյուրը՝ կարողանալ պատշաճորեն օգտագործել համակարգիչը առօրյա նպատակների համար, կարողանալ իմաստալից վճիռներ կայացնել, երբ համակարգչային տեխնոլոգիայիհետ կապված հասարակական որոշումներ են ընդունվում, նվազագույն չափով տիրապետել որեւէ ծրագրավորման լեզվի, ..., կողմնորոշվել համակարգչային սարքավորումների մեջ եւ այլն, կարող է դիտվել որպես համակարգչային գրագիտության մաս: Ընդ որում՝ դրանց զգալի մասը ավելի շատ կապված է համակարգչի գործածության հասարակական կողմերի, քան ուղղակի խնդիր լուծելու հետ: Համակարգիչ օգտագործողից պահանջվողը, այսպիսով, որքան հմտություններ, նույնքան էլ գիտելիքի եւ դիրքորոշման հետ կապված հատկություններ են: Սա էլ հենց պարզորոշ է դարձնում տեղեկատվական դարաշրջանում երեխաների կրթության ավելի ընդարձակ նպատակը: Այս է պատճառը, որ ինչպես եզրակացնում են հեղինակները, համակարգչային գրագիտություն անվանումը սխալ պատկերացում է ստեղծում: Ի վերջո, չէ՞ որ ավանդական իմաստով գրագիտությունը «գրել-կարդալու» պարզ ունակությունը չէ որ մատնանշում է, այլ խորքում ենթադրում է «աշխարհը հասկանալու» կարողությունը: Ուրեմն, համակարգչային սերունդը լավագույն ձեւով կրթված կլինի, եթե կարողանա տեխնոլոգիական հեղափոխությունը ծառայեցնել իր մշակութային, հասարակական եւ հոգեբանական կարիքներին:

Գիրք, հեռուստացույց, համակարգիչ...

Ժամանակակից երեխաները հայտնվում են ոչ հեռավոր անցյալում եղած միջավայրից շոշափելիորեն տարբեր միջավայրում, որը հագեցած է տարաբնույթ տեխնիկական միջոցներով: Արդեն սովորական դարձած ռադիոյի, հեռուստացույցի ու վիդեոյի կողքին հայտնվում են համակարգիչը, կառավարման համակարգերով եւ պատկերային միջոցներով օժտված բազմազան խաղալիքներ: Հավանաբար այս ամենը քիչ-քիչ կփոխի մեր ավանդական պատկերացումները կրթության ու գրագիտության մասին: Ու թեեւ արդեն ակներեւ է, որ տեխնոլգիական դարաշրջանի երեխաները դատապարտված են գործ ունենալու ավելի շատ էլեկտրոնային գրությունների տեսքով ներկայացվող, քան թղթի էջի վրա զետեղված «տպագիր» նյութի հետ, այնուամենայնիվ՝ կրթական-մշակութային միջավայրում շարունակում է կարեւոր դեր խաղալ տպագիր գիրքը: Համեմատությունները գրքի, հեռուստացույցի եւ համակարգիչի միջեւ, սրանցից մեկի կամ մյուսի առավելությունների կամ պակասությունների քննարկումը հեղինակների կողմից մեծ ուշադրության արժանացած թեմաներից է: Համակարգիչը, իհարկե, ավելի հետաքրքրական է, քան գրքերի հատորները, կարդում ենք "Technology 2001" գրքի "A World to Understand: The Future of Computing and Communication" գլխում, եւ ավելի շատ նման է հեռուստացույցի: Բայց հեռուստացույցն անհամեմատ ավելի վատ ուսումնական միջավայր է եւ ցավոք, համակարգիչ օգտագործելը ավելի ու ավելի նման է դառնում հեռուստացույց դիտելուն: Գիրքը ներկայացնում է արդեն պատրաստի աշխարհ եւ ազդելու ավելի քիչ հնարավորություն ունի, քան համակարգիչը, որն օգտագործողին ներքաշում է իր մեջ՝ առաջ բերելով միջավայրի եւ օգտագործողի աննախադեպ փոխկապակցվածություն եւ գործելու աներեւակայելիորեն հարուստ դաշտ: Սա էլ իր թերություններն ունի. միջոցների առատությունը խանգարում է կենտրոնանալու մի բանի վրա, երբ անհրաժեշտ է հաղթահարել որեւէ խոչընդոտ [2]: Այստեղ է, որ առանձնահատուկ կարեւորություն է ստանում ոչ թե ուսումնական նյութը, այլ ուսուցման եղանակը: Կարեւորը այն չէ, թե ինչ են սովորում, այլ այն թե ինչպես են սովորում: Ն. Նեգրոփոնթեի կարծիքով, օրինակ՝ նոր տեխնիկական միջոցները ուսման նպատակներին ծառայեցնելու փորձերը դատապարտված են ձախողման, քանի դեռ համակարգիչը սահմանափակված-հանգեցված է տեսալսողական սարքերով հեռավորության վրա ուսուցման գործիքի, որ պարզապես ուսուցիչներին ավելի գործուն, իսկ երեխաներին ավելի կրավորական է դարձնում: Մինչդեռ համակարգիչն առաջին անգամ հնարավորություն է տալիս, որ «անելով սովորելու» սկզբունքը դառնա կանոն(*) [6]:
Հին եւ նոր սերունդներ

Փոխակերպված միջավայրում, որտեղ երեխաներին մատչելի են նորանոր ծառայություններ ու փորձառություններ՝ նրանք մեծանում են իրենց ծնողներից տարբեր ձեւերով: Սա պատճառ է դառնում խզումների մեծահասակների ու երեխաների՝ ծնողների ու զավակների, ուսուցիչների ու սովորողների այսօրվա սերունդների միջեւ, որ հանգեցնում է հասարակական մեծ փոփոխությունների: Տեղեկատվությամբ հեղեղված հասարակության մեջ տեխնոլոգիայիեւ մշակույթի միջեւ հարաբերությունները դուրս են եկել մեծահասակ սերնդի հսկողության շրջանակից: Համակարգիչ օգտագործող երեխաների ծնողները հաճախ հարց են տալիս թե՝ այդ ի՞նչ է, որ իրենց երեխաները գիտեն, իսկ իրենք՝ ոչ:

Արդեն ակներեւ է, որ տեղեկատվական դարաշրջանի առավել նշանակալից փոփոխությունները կկատարվեն հասարակական ոլորտում, կունենան ընկերային բնույթ եւ դրանց ակունքները արդեն առաջանում են այսօրվա երեխաների փորձառության մեջ: Ինչպես եւ պատմության ընթացքում կատարված ուրիշ մեծ փոփոխությունների ժամանակ՝ երեխաները կլինեն գալիք տարիների շահողները կամ զոհերը: Շատ բան, այդ թվում՝ նրանց դժվարությունները եւ պատեհությունները կախված կլինեն նոր միջավայրին հարմարվելու նրանց կարողությունից: Եթե մենք այսօր ի վիճակի լինենք հասկանալու այս փոփոխությունների բնույթն ու միտումները, գուցե եւ կարողանանք կայացնել մեր երեխաների ապագայի հետ կապված լավագույն վճիռները:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter