HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Համակարգիչ եւ կրթություն-2

Սեյմուր Փափերթ՝ Տեղեկատվության դարաշրջանի Ռոբին Հուդը

Սեյմուր Փափերթը (Seymour Papert) ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ կրթություն է ստացել Յոհանեսբուրգում, ապա Քեմբրիջում՝ Անգլիա եւ Փարիզում: Չորս տարի Շվեյցարիայում հոգեբան Ժան Պիաժեի հետ աշխատելուց հետո1964 թվականին տեղափոխվել է ԱՄՆ եւ աշխատանքի անցել Մասաչուսեթսի Տեխնոլոգիայի Ինստիտուտում (MIT) որպես մաթեմատիկայի պրոֆեսոր եւ Արհեստական Խելքի Լաբորատորիումի (Artificial Intelligence Laboratory) համադիրեկտոր Մարվին Մինսկիի հետ միասին: Նա Media Laboratory-ի հիմնադիր անդամ էր եւ «Իմացաբանության ու Ուսման» խմբի ղեկավար: Մանկավարժության տեսության խոշորագույն ամերիկյան մասնագետներից մեկն է, բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ, ինչպես նաեւ ամերիկյան կրթական համակարգում ամենատարածված ծրագրավորման Logo լեզվի ստեղծողը: Կրթության մեջ համակարգիչների կիրառման կամ ավելի ճիշտ՝ համակարգիչների վրա հիմնվող եւ նոր ուսումնական սկզբունքներով առաջնորդվող կրթական նախագծեր է իրականացրել եւ շարունակում է իրականացնել աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ստորեւ, Ս. Փափերթի գրքերից յուրաքանչյուրը համառոտ կերպով ներկայացնելուց հետո կանդրադառնամ կրթության մասին նրա տեսակետի դրույթներից մի քանիսին:

Առաջին գրքի մեջ պատմվում է Logo լեզվի, որի կատարելագործումը ու զարգացումը շարունակվում է մինչեւ օրս, ստեղծման եւ իմացաբանական ակունքների մասին, նրա օգտագործման եղանակների մասին, որ պարզաբանվում են բազմաթիվ օրինակների միջոցով: Փափերթը նկատում է, որ շատ դպրոցներում համակարգչի օգնությամբ ուսուցումը նշանակում է համակարգիչը երեխայի ուսուցիչ դարձնել: Կարելի է ասել, որ համակարգիչն օգտագործվում է երեխային ծրագրավորելու համար: Այնինչ իր՝ Փափերթի մոտեցման մեջ երեխան է ծրագրավորում համակարգիչը եւ այդ անելով՝ նա ձեռք է բերում տիրապետության զգացողություն ամենաարդիական եւ զորեղ տեխնոլոգիայի մի հատվածի վրա, ինչպես եւ մտերիմ կապ է հաստատում գիտության, մաթեմատիկայի եւ մտավոր մոդելներ կառուցելու արվեստի ամենախորին գաղափարներից մի քանիսի հետ: Համակարգիչ ծրագրավորելը ավել բան չի նշանակում, քան հաղորդակցվել նրան մի լեզվով, որ «հասկանում են» եւ համակարգիչը եւ մարդը: Իսկ լեզու սովորելը այն բաներից մեկն է, որ երեխաները ամենալավն են անում: Երկու հիմնական գաղափար է զարգացնում Փափերթը իր առաջին գրքի մեջ:

1. Կարելի է համակարգիչն այնպես նախագծել, որ նրա հետ հաղորդակցվելը դառնա բնական մի բան՝ ավելի նման Ֆրանսիայում ֆրանսերեն սովորելուն, քան անբնական հրահանգների օգնությամբ դասարանում օտար լեզու սովորելուն:

2. Համակարգչի հետ հաղորդակցվել սովորելը կարող է փոխել այն ձեւերը, որոնցով տեղի է ունենում մնացած ուսումը: Համակարգիչի հետ կարելի է շփվել թե՛ մաթեմատիկական, թե՛ բնական լեզվով: Մենք սովորում ենք սարքել այնպիսի համակարգիչներ, որոնց հետ երեխաները սիրեն հաղորդակցվել: Երբ այդ հաղորդակցությունը առաջանում է, երեխաները սովորում են մաթեմատիկան որպես կենդանի լեզու:

Ամենակարեւոր բաները՝ խոսել, տրամաբանել, կողմնորոշվել եւ այլն, երեխաները սովորում են առանց կամայականորեն պարտադրված ձեւական հրահանգների ու մեթոդական ձեռնարկների: Ժ. Պիաժեից վերցված՝ երեխայի որպես իր մտավոր կառույցները սարքողի մոդելին Փափերթը ընկերային իմաստ է ներարկում: Երեխաները կառուցողներ են, իսկ կառուցելու համար (շինա)նյութի կարիք կա, որ տրամադրում է շրջապատող միջավայրը: Երբ մշակույթի մեջ նկատվում է այդ նյութի սակավություն կամ բացակայություն, ապա ուսուցումը դառնում է դժվարին, քանի որ չկա այն, ինչ կդարձնի վերացական գաղափարը պարզ եւ կոնկրետ: Թեեւ հնարավոր է, որ հասարակությունը տրամադրի նյութը, բայց միաժամանակ արգելափակի դրա գործածումը: Խնդիրն ուրեմն մի միջավայրի ստեղծումն էր, որտեղ երեխաները կարողանան հաղորդակցվել համակարգչի հետ: Փափերթը վստահություն է հայտնում, որ համակարգիչների ներկայությունը հնարավորություն կտա այնպիսի մի ուսումնական միջավայր ստեղծելու, որ ամբողջ գիտելիքը, որ դպրոցը փորձում է սովորեցնել տանջալի եղանակներով եւ սահմանափակ հաջողությամբ, կարելի կլինի սովորել առանց չարչարանքի եւ շատ ավելի մեծ հաջողությամբ:

Ընդհանրապես՝ որեւէ գաղափարի եւ մասնավորապես՝ կրթության մեջ մեծ փոփոխության իրականացման համար վճռական կարեւորություն ունի համապատասխան տեխնիկական միջոցների կամ տեխնոլոգիական միջավայրի առկայության հարցը: Կրթության վերափոխման մասին գաղափարների պակաս երբեք չի զգացվել, բայց դրանք դատապարտված էին ձախողման, քանի դեռ չկային դրանք իրականացնելու տեխնիկական միջոցները: Փափերթը համոզված է, որ համակարգիչները թույլ կտան հաղթահարել կրթական համակարգի լճացումը: Նա այսպիսի համեմատություն է կատարում: Թռչող սարքեր պատրաստելու գաղափարը շատ հին է, բայց անգամ Լեոնարդոյի նախագծերը մնացին չիրականացած: Իսկ Ռայթ եղբայրները կարողացան պատրաստել առաջին օդանավը շնորհիվ իրենց ժամանակի տեխնոլոգիայի ընձեռեծ հնարավորությունների:

Հասկանալի է սակայն սկզբից եւեթ, որ «համակարգիչ եւ կրթություն» թեման հասարակության ընդհանուր տեղաշաժերի հետ է կապված: Մեծ տարբերություն կա համակարգիչների կարողության եւ այն բանի միջեւ, թե ինչ է նախընտրում անել նրանցով հասարակությունը: Ուստի այս խնդրի հետ կապված այլընտրական մոտեցումների բախումը վերջին հաշվով քաղաքական բնույթ ունի:

Մեկ տասնամյակից ավելի ժամանակահատված է բաժանում Փափերթի առաջին եւ երկրորդ գրքերը: Շարունակելով զարգացնել իր մոտեցումը՝ Փափերթը քննության է առնում նաեւ այդ ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքները: Կրթական համակարգը, որ ի տարբերություն մարդկային գործունեության այլ բնագավառների՝ շատ հեռու է մնացել տեխնիկական նորամուծություններից, հանձին համակարգչի կանգնած է մեծ փոփոխության առջեւ: Նա կարծում է, որ հասարակությունը գտնվում է կրթության ավելի մեծ առաջընթացի շեմին, քան այն որ առաջ բերեց տպագրությունը:

Անցած տասնամյակի ընթացքում ամերիկյան դպրոցները ձեռք բերեցին ավելի քան երեք միլիոն համակարգիչ, սակայն Դպրոցը որպես հաստատություն մեծ դիմադրություն է ցույց տվել՝ գերադասելով համակարգչի օգտագործման այնպիսի ձեւեր, որոնք Փափերթը նմանեցնում է 19-րդ դարի տեղափոխության միջոցները՝ ձիաքարշ վագոնները ռեակտիվ շարժիչներ միացնելու միջոցով բարելավելու փորձին: Նա դեմ է համակարգիչը որպես նախապես հղացված կրթական համակարգի հավելում դիտելուն եւ հատկապես սուր քննադատության է ենթարկում դպրոցներում համակարգչի մեկուսացումը առանձին սենյակում, որտեղ «համակարգչային գրագիտությունը» դառնում է պարզապես ուսումնական ծրագրի առարկաներից մեկը, ինչպես նաեւ համակարգչային օժանդակությամբ ուսուցումը, որն ընդամենը նոր տեխնիկական միջոցներով սովորեցնում է հին ուսումնական ծրագիրը:

Փափերթի պատկերացրած իսկապես արդիական դպրոցում համակարգիչը պետք է ամբողջ ուսուցման մաս կազմի այնպես, ինչպես գրիչն ու գիրքն են եղել անցյալում:

Վերջին գրքի հիմնական թեման հասարակության եւ հատկապես ընտանիքի վրա համակարգչի լայնածավալ գործածության թողած ազդեցությունների քննարկումն է: Արդեն ծանոթ հարցերից բացի՝ ինչո՞ւ է «կրթական» ծրագրաշարերի մեծ մասը շարունակում մնալ ուսման լավագույն սկզբունքներին անհարիր, Փափերթը փորձում է պարզաբանել նաեւ, թե ինչպես կարող են ծնողները վիդեո խաղերը փոխակերպել դրական ուսումնական փորձառության, ինչպես պետք է ծնողները, հաղթահարելով առաջին հերթին սովորելու (եւ ոչ թե համակարգիչը հասկանալու) իրենց անկարողությունը, միանան իրենց երեխաներին՝ կամրջելու համար այն ճեղքվածքը, որ սպառնում է երեխաների ու նրանց ծնողների հետագա բաժանմամբ:

Կրթության բնագավառում անհրաժեշտ մեծ փոփոխության գաղափարը եւ այն հիմնավորող հիմնական փաստարկները ներկա են արդեն Փափերթի առաջին գրքում: Հաջորդ գրքերում ու հոդվածներում այդ մոտեցման դրույթները վերստին կրկնվում են՝ հարստանալով նոր երանգներով ու մանրամասնություններով: Ի հայտ են գալիս լրացումներ, հետագա պարզաբանումներ, հետաքրքրական օրինակներ: Նախորդ գրքերի ընթերցողների արձագանքները օգնում են նրան իր կեցվածքի մեջ ճշգրտումներ կատարելու: Իր առաջին գրքի երկրորդ հրատարակության առաջաբանում նա գրում է, թե գրքի հիմնական թեման այն է, «որ մարդիկ հազվադեպ են հենց առաջին փորձից որեւէ միանգամայն ճիշտ բան ստանում»: Մտավոր գործունեությունը առաջընթաց չէ, ինչպես կուզենային մեզ հավատացնել ուսումնական ծրագրեր կազմողները, որ քալ առ քայլ գնում է հստակորեն ձեւակերպված եւ լավ հիմնավորված մի ճշմարտությունից դեպի հաջորդը: Ընդհակառակը, ընթացքը ճշգրտելու մշտական կարիքը, համոզված է Փափերթը, կազմում է մտավոր գործունեության իսկությունը: Իր գրքերը աներկբայորեն հաստատում են այս սկզբունքի արդյունավետությունը: Գրքից-գիրք կատարվող ճշգրտումները, շեշտադրության փոփոխությունները համոզիչ կերպով զուգակցվում են նախկինում աննկատ մնացած կամ արժանի ուշադրության չարժանացած թեմաների ծավալմամբ: Այսպես, երկրորդ գրքում է, որ նկատվում եւ ուսման բարեփոխման առումով ըստ արժանվույն գնահատվում է այն տարաձայնությունը, որ առկա է դպրոցական համակարգի եւ շատ ուսուցիչների միջեւ: Ամբողջ աշխարհում երեխաները ընդունում են համակարգիչը որպես իրենցը, որպես մի բան որ թույլ է տալիս ուսման մեջ անկախություն ձեռք բերել: Այս անկախության բացասական կողմը այն ճեղքվածքն է, որ առաջանում է ծնողների ու երեխաների միջեւ: Վաղուց նշմարված այս խնդրի պարզաբանումը դառնում է Փափերթի երրորդ գրքի հիմնական նպատակը:

Սովորելու կարողության վճռական նշանակությունը

Ներկա՝ տեղեկատվության դարաշրջանը նույն հաջողությամբ կարող է կոչվել ուսման, սովորելու դարաշրջան: Արագորեն փոփոխվող միջավայրում մարդկանց կենսաձեւը որոշող ամենակարեւոր հմտությունը արդեն դարձել է նոր հմտություններ սովորելու, նոր գաղափարներ ընկալելու, նոր իրադրություններ գնահատելու, անսպասելի բաների հետ գործ ունենալու ունակությունը:

Ինչ ճիշտ է անհատների համար էլ ավելի ճիշտ է ազգերի համար: Ճապոնացիների օրինակը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ազգի մրցակցային կարողությունը ուղիղ համեմատական է նրա ուսանելու կարողությանը, որն առաջանում է անհատների եւ հասարակական հաստատությունների ուսանելու կարողությունների զուգադրումից:

Փափերթը կարծում է, որ ստեղծված իրավիճակում լավատես լինելու ծանրակշիռ պատճառներ կան: Նախ՝ սովորելու սուր կարիքների համար պատասխանատու տեխնոլոգիական հեղափոխությունը միաժամանակ բազմազան միջոցներ է առաջարկում այդ ուղղությամբ գործողությունների դիմելու համար: ՏՏ-ը՝ հեռուստացույցից մինչեւ համակարգիչ եւ սրանց բոլոր զուգակցումները, աննախադեպ պատեհություն են ընձեռում գործելու համար ի սեր ուսման միջավայրի բարելավման: Լավատեսության երկրորդ հիմքը իմացաբանական բնույթ ունի եւ կապված է գիտելիքի մասին մտածողության մեջ տեղի ունեցած հեղափոխության հետ: Նոր տեխնոլոգիաների հզոր օժանդակությունը ուսման բարելավման մեջ առնչվում է անձնական մեդիայի ստեղծման հետ, որն ընդունակ է աջակցելու մեծ թվով տարբեր մտավորական ոճերի: Ուսման հաստատված միակ եւ միաձեւ եղանակի դեմ արտահայտվողները՝ կանայք եւ հատկապես փոքրամասնական մշակույթների անդամները ի դեմ նոր մեդիայի իրենց ուրույն ձայնը արտահայտելու ու զարգացնելու մեծ հնարավորություն են ստանում:

Գրագիտության նոր տեսակ

Մարդկության պատմության ամենաերկարատեւ ժամանակաշրջանի համար գիտելիքի պահպանման եւ փոխանցման հիմնական միջոցը եղել է բանավոր խոսքը: Գիրը առաջին խոշոր հեռացումն էր բանավոր մշակույթից: Այս փոփոխությունը իր հետ բերեց գիտելիքի նոր տեսակ, ինչպես նաեւ սովորելու նոր եղանակներ: Ըստ Փափերթի, համակարգչային հիմքով միջավայրը հաջորդ էական առաջխաղացումն է եւ մասնավորապես հուշում է, թե չպետք է շփոթել գրագիտությունը գրերի միջոցով գիտելիք ստանալու ունակության հետ: Նախադպրոցական տարիքի երեխան կարող է գիտելիքներ ստանալ համակարգչի միջոցով ստեղծվող միջավայրերում՝ ուսումնասիրելով, ասենք, օվկիանոսի հատակը կամ հեռավոր տիեզերական տարածություններ: Այս հանգամանքը չի նսեմացնում գրավոր խոսքի դերը գրագիտության մեջ, այլ ցույց է տալիս կրթության գաղափարը եւ բուն ուսումնական հոլովույթը նոր եղանակներով հարստացնելու ուղիներ:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter