HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու վերջին օրերի լարված իրավիճակը չի ազդում դրամի վարքագծի վրա

Վերջին շուրջ երկու շաբաթում Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքում տեղի ունեցող բուռն իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդում ՀՀ դրամի կայունության վրա։ Շատերի համար սա անհասկանալի է, քանի որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետագա անորոշությունը, բողոքի ակցիաները, ճանապարհների փակ լինելը, գործադուլները, դասադուլները և այլն, կարող էին ազդել դրամի վարքագծի վրա, մասնավորապես՝ դրամ-դոլար փոխարժեքի վրա։ Սակայն, այս ընթացքում որևէ տեսանելի տատանում չի գրանցվել. դոլարը դրամի նկատմամբ ոչ թանկացել, ոչ էլ, առավել ևս, էժանացել է։

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին ապրիլի 13-ին։ Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ապրիլի 25-ից վերսկսվեցին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։ Հիշեցնենք, որ Հայաստանում դոլարայնացման մակարդակը բավականին բարձր է, և փոխարժեքի ցանկացած էական տատանում անհետևանք չի անցնում տնտեսության համար։

Ինֆոգրաֆիկայում դոլարի միջին փոխարժեքն է դրամի նկատմամբ վերջին մեկ ամսվա կտրվածքով։ Տվյալները հրապարակում է Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ)։

Ինչպես տեսնում ենք, այս ընթացքում, ներառյալ՝ վերջին երկու շաբաթը, դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի զգալի տատանում չի գրանցվել։ Այսինքն՝ դրամը չի արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին։

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ բնակչության շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները դրական են ընկալվել և որևէ խուճապային տրամադրություն չեն առաջացրել, ինչը կարող էր ազդել դրամի կայունության վրա։ Իսկ եթե լինեին բացասական սպասումներ, թե քաղաքական ու տնտեսական իրավիճակը կվատթարանա, կբացակայի ֆինանսական կառույցների նկատմամբ վստահությունը, բանկերում ավանդների վերադարձելիության խնդիրներ կառաջանան և այլն, այդ ամենը կարող էին հանգեցնել խուճապային տրամադրությունների, դոլարի դեֆիցիտի ու դրամի արժեզրկման։

«Դրամի փոխարժեքը վերջին տարիներին պահպանել է իր կայունությունը։ Մյուս կողմից` զարմանալի էր, որ օրերս տեղի ունեցող իրադարձությունները որևէ բացասական ազդեցություն չունեցան ոչ միայն դրամի կայունության, այլև՝ տնտեսության վրա։ Դա խոսում է այն մասին, որ նշված իրադարձությունները հասարակության կողմից և տնտեսության կողմից դրական են ընկալվում։ Այսինքն՝ որևէ բացասական սպասում չկա։ Ընդհանրապես, փոխարժեքի տատանումը և մնացած տնտեսական կարևորագույն ցուցանիշները փոխվում են բացասական սպասումների արդյունքում, այսինքն՝ որևէ փոփոխություն, որևէ գործոն մեկ օրվա ընթացքում չի կարող ազդել։ Դա ավելի շատ ապագայում տեղի ունեցող փոփոխությունների, սպասումների հետևանքն է։ Աշխարհում նման իրադարձությունների պարագայում տնտեսվարողները սպասում են բացասական հետևանքներ, սակայն, կարող եմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները իրենց բնույթով բացառիկ են դրական սպասումներով»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանում մոտ ապագայում էլ կպահպանվի ֆինանսական ու տնտեսական կայունությունը։ «Դրամի արժեզրկումը կամ արժևորումը ավելի երկարաժամկետ տնտեսական փոփոխությունների հետևանք է լինում։ Նոր ձևավորվող կառավարության գործոնը և տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, իհարկե, հնարավոր է որոշակի փոփոխություններ բերեն։ Բայց սա ավելի շատ երկարաժամկետ հատվածի խնդիր է։ Սակայն, չեմ կարծում, որ առաջիկայում որևէ կտրուկ փոփոխություն լինի»,- ասաց նա։

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում Կենտրոնական բանկը օրենքով իրավունք ունի միջամտել, երբ դրամի կայունությունը խաթարվում է։ Սակայն, այս պահին դրա անհրաժեշտությունը չի զգացվում։ Մ. Առաքելյանը փաստեց՝ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունները եղել են կարճաժամկետ։ Նույնիսկ 2016թ. ապրիլյան «քառօրյա» պատերազմը չազդեց դրամի կայունության վրա։

«Մենք չենք ունեցել երկարաժամկետ հավաքական անկայունություն Հայաստանում, որի ազդեցությունը կզգացվեր դրամի վրա։ Այժմ էլ, հաշվի առնելով, որ իրադարձությունները գնում են դրական հունով, որևէ բացասական հետևանք տնտեսության և ֆինանսական համակարգի վրա չեմ կանխատեսում»,- ասաց տնտեսագետը։

Դիտարկելով նախորդ տարիներին դրամի վարքագիծը՝ տեսնում ենք, որ դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ ու տեսանելի տատանում վերջին անգամ գրանցվել է 2014 թվականի տարեվերջին՝ դեկտեմբերին։ Ամենասկզբում դրամի որոշակի արժեզրկում գրանցվեց։ Դա մեկնաբանվեց որպես Ռուսաստանից եկող ազդակների, ռուսաստանյան ռուբլու արժեզրկման անուղղակի հետևանք։ Դրան զուգահեռ Հայաստանի ֆինանսական շուկայում իսկական խուճապ առաջացավ։ Դրամը մի քանի օրում կտրուկ արժեզրկվեց։ Մտածելով, որ գնալով դոլարն ավելի կթանկանա` մարդիկ շտապեցին իրենց մոտ եղած դրամը փոխարինել դոլարով։ Բանը հասավ նրան, որ շատ փոխանակման կետեր ու բանկեր հրաժարվում էին դոլար վաճառել՝ պատճառաբանելով, թե շուկայում արդեն դոլարի դեֆիցիտ է առաջացել։

Իրավիճակը սրվեց, երբ ավանդատուների մի մասը հանեց բանկերում եղած ավանդները, բանկերն էլ սկսեցին քիչ վարկավորել։ Թեև փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառների մասին մշտապես տարատեսակ մեկնաբանություններ են հնչում, սակայն պարզ էր, որ 2014-ի տարեվերջի ցնցումը ոչ թե ինչ-որ քաղաքական ու տնտեսական իրադարձությունների հետևանք էր, այլ առավելապես սպասումների ու խուճապային տրամադրության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter