HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, փոխանցում է վարչապետի պաշտոնական կայքը:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը: Հայեցակարգի նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում գազային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 18-20 տոկոսը փոխարինել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայով` գազային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ուղղելով արտահանման: 

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հաստատել է արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը, որը ձևավորվել է միջազգային մրցույթի արդյունքում:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Ըստ այդմ՝ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,237,780,767.4 հազար դրամ է, ծախսերի գծով` 1,504,802,229.8 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 267,021,462.4 հազար դրամ:

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մարզպետարաններին՝ տարերային աղետի, գազի բալոնի պայթյունի հետևանքով առաջացած վնասները վերականգնելու և տուժած համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնավորման համաձայն՝ ֆինանսական միջոցներն ուղղվելու են ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի համայնքների բազմաբնակարան շենքերին պատճառված վնասների վերացմանը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների բնակիչներին տարերային աղետի հետևանքով առաջացած բազմաթիվ վնասների վերականգնմանը: Ակնկալվում է, որ ֆինանսական աջակցություն կստանա ընդհանուր առմամբ 367 մարդ:

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին սահմանված դրույթները համապատասխանեցնելու համար: Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվում է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից: 

Կառավարության նիստի օրկարգում ընդգրկված բոլոր հարցերն ընդունվել են: 

Մեկնաբանություններ (1)

Կարինե
Միայն Կարեն Կարապետյանը կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter