HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Անկախության համար բանտերով անցած Նավասարդյանի կուսակցությունը դրսի ուժերի սպառնալիքով է իշխանությունը պահում

Կարեն Կարապետյանը իշխանություն պահելու համար անում է այն, ինչ չի արել ոչ մեկը, նույնիսկ` Սերժ Սարգսյանը։

Թեև մեծ տերությունները, մասնավորապես` ԱՄՆ֊ն և Ռուսաստանը բազմիցս ցույց են տվել իրենց լոյալությունը, այսուհանդերձ, այս լարված միջազգային հարաբերությունների ժամանակներում Կարեն Կարապետյանն ամեն ինչ անում է, որ նրանց ներգրավելով Հայաստանի ներքին գործերի մեջ՝ սպառնա ժողովրդին։

Ընդ որում՝ դրսի բոլոր ուժերին՝ որը ստացվի։ Այսպես.

Ապրիլի 25֊ին կառավարությունը հաղորդագրություն տարածեց, թե իբր Հայաստանում ԱՄՆ֊ի դեսպան Ռիչարդ Միլսը Կարեն Կարապետյանի հետ զրույցի ժամանակ ասել է.

«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, եւ կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ»։

Նույն օրը Հանապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթից պարզվեց, որ ԱՄՆ֊ի դեսպանին նա ասել է, որ կհանդիպի նրա հետ մի պայմանով, եթե նա այս տեղեկության վերաբերյալ հստակություն մտցնի, որից հետո կառավարական կայքից հանվել է այդ հաղորդագրությունը։ Հստակ է, որ ԱՄՆ֊ի դեսպանատունը բողոքել է դեսպանի խոսքը խեղաթյուրելու համար։ Պարզ կեղծիք՝ ԱՄՆ֊ով ժողովրդին ահաբեկելու համար։

Մյուս կողմից, Կարապետյանը ջանքեր է թափում՝ ներգրավելու համար Ռուաստանի և՛ կապիտալի, և՛ քրեական, և՛ պետական իշխանություններին։ Ռուսաստանից քրեական հեղինակություններ է հրավիրել ու նաև բերել է Ռուսաստանի միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որի հետ հանդիպումը մամուլը լուսավանում է որպես «մտերիմ ընկերոջ» այց։

Սակայն նրա գլխավոր նպատակը Ռուսաստանի պետական իշխանություններին ներգրավելն է։

Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի մամուլի խոսնակները բազմիցս հայտարարեցին, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, այդ երկրի ներքին գործն է։

Բայց Կարեն Կարապետյանը 5 օր է` ջանքեր է թափում, որ Ռուսաստանից իրեն աջակցելու ինչ-որ խոսք պոկի, Մոսկվա է ուղարկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով հայտնի է կառավարությունում Ռուսաստանի հետ ջերմ կապերով։ Թեև նա հենց հեղափոխության թեժ պահին Լավրովի հետ ասուլիս է տալիս ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ, սակայն դեռևս դա որպես աջակցություն «սաղացնելը» բարդ է։

Ապա Մոսկվա է գործուղում փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանին և հաղորդագրություն տարածում, թե նա հանդիպել է Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Այդ ե՞րբ է եղել, որ հաղորդագրություն տարածվի, թե հայ նախարարը կամ փոխվարչապետը հանդիպել են նախագահի աշխատակազմի հետ, բնական է, որ նպատակն է` թե տեսեք, Պուտինը մեզ աջակցում է, սակայն այս լուրը ևս շատ դժվար է որպես աջակցություն «սաղացնելը»։

Կարապետյանն, ի վերջո, հասնում է նրան, որ այն նույն օրը, երբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը կրկին ընդգծում է՝ «Սա Հայաստանի ներքին գործն է», հաղորդագրություն է տարածվում, թե Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ ասվել է. «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»։ Այսինքն՝ ենթատեքստը պարզ է, ապրիլի ընտրություններով վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է։

Այն, ինչ տապալվեց ԱՄՆ֊ի դեսպանի միջոցով՝ ահաբեկելը, ինչ-որ չափով հաջողվեց Պուտինով։ Այս անգամ շատ ավելի բարդ է պարզել, թե Պուտինը իրո՞ք անգիր գիտի Հայաստանի բոլոր ընտրությունների տարին, օրն ու ժամը, մասնավորապես, որ 2017֊ի ապրիլին ԱԺ ընտրություն է եղել։

Արմեն Գևորգյա՞նն է շատ խնդրել Կրեմլի պատերի տակ, թե՞ Կարեն Կարապետյանն է իր՝ վարչապետի աթոռի դիրքը չարաշահելով` ի վերջո հեռախոսազրույց արձանագրել Վլադիմիր Պուտինի հետ։ Նույն երկրի երկու ղեկավարների հետ ամեն օր խոսելու կարիք հաստատ չուներ Պուտինը, չէ՞ որ  նախորդ օրը նա հեռախոսազրույց էր ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ ու հաստատել չեզոքությունը, «որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում»:

Կարծում եմ՝ սա ու մեկ էլ ռուսական մի շարք թերթերում Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող հրապարակումներն առավելագույնն էին, որ նա կարող էր ստանալ Ռուսաստանից։

Եթե նույնիսկ Կարեն Կարապետյանն ու իր էմիսարները առավոտից իրիկուն Ռուսաստանի իշխանությունների առաջ զրպարտեին Նիկոլ Փաշինյանին, մեկ է՝ Ռուսաստանը չի խառնվելու Հայաստանի ներքին գործերին, մանավանդ միջազգային այս զգայուն հարաբերությունների պայմաններում։

Սակայն Կարեն Կարապետյանի ջանքերը բացահայտեցին նրա իրական դեմքը, որ Հայաստանի իշխանությունն ուզում է յուրացնել մեկը, ով պատրաստ է  իշխանութան ու փողի համար դրսի ուժեր բերել Հայաստանի վրա։

Կարեն Կարապետյանի գործունեության ֆոնին ճիշտ է ասում Շարմազանովը, որ Սերժ Սարգսյանը պետական գործիչ է. այո, նա իր հակառակորդի դեմ օգտագործեց բազմաթիվ միջոցներ՝ սպառնալիքներ, կալանավորում, ցուցարարների ջարդ, բայց երբեք փորձ չարեց արտաքին ուժերին ներգրավել։

Սարգսյանը ղարաբաղյան շարժման հետ կապված վերջին պետական գործիչն էր և իշխանությունը պահելու մի սահման ուներ, որը չանցավ։ Սակայն, նա, հեռանալով, վերջին վնասը տվեց Հայաստանին՝ իշխանությունը թողնելով մեկին, ով իշխանությունը պահելու ճանապարհին սահման չունի, երկրի պետականությունն էլ է պատրաստ առևտրի առարկա դարձնել, ու նաև այն կուսակցության ղեկին, որը հիմնադրել է Հայաստանի անկախության համար 11 տարի բանտերում տառապած Աշոտ Նավասարդյանը։

Իսկ անկախության համար բանտ նստած մյուս գործչի՝ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանն էլ ամեն ինչ անում է, որ այս մարդն իշխանությունը վերցնի։ 

Ահա, թե ով է ուզում իշխանությունը զավթել. 3 միլիոնանոց երկրում ընդամենը 69 պատգամավորի աջակցությունն ունեցող ու այդ 3 միլիոնին դրսի ուժերով սպառնացող մեկը։

Իսկ մյուս կողմում ժողովուրդն է ու նրա թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ով խորը մտահոգությամբ ամեն ինչ անում է, որ հանկարծ երկիրը չդառնա արտաքին ուժերի ձեռքին գործիք։

Մեկնաբանություններ (4)

Գ.Երիցյան
ոչ ոք ուշադրություն չի դարձրել, որ երեկ ռուսական պաշտոնական կարծիքի արտաբերիչ վրեմյա ծրագրի հաղորդավարը ժողովրդի ցասումն արտահայտող մեր ցուցարարներին արդեն հստակ անվանեց уличная толпа, հավելելով, որ ամբոխի ցանկությամբ ղեկավար չի փոխվում: այսպիսով ռուսաստանը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը, ուժային գործողությունների քարտ բլանշ տալով կարապետյանին: իսկ որ ընտրություններից հետո բողոքների դեպքում նա դրան կգնա չհավատալը կարծում եմ միամտություն կլինի
Արմենակ Եղիիայեան
Այսպիսի ձրի ու յիմար հաստատումներ կարելի չէ ընել. ինչի՞ վրայ հիմնուելով վաչէն կ'ըսէ, թէ կարէն կարապետեանը «պատրաստ է արեան մէջ խեղդել յեղափոխութիւնը եւ հայ ժողովուրդը: Մէկ կաթիլ արիւն թափե՞ց ան, որ այսպիսի յիմարութիւններ դուրս տրուին: Ամօթ ձեզի:
Վաչե
Կարեն Կարապետյանը ոչ մի իշխանություն չունի և չի ունեցել, նա Մոսկվայի գործակալն է և ղարաբաղյան կլանի կողմից իշխանությունը պահելու վերջին հույսը։ Այդ նպատակին հասնելու համար նա պատրաստ է արյան մեջ խեղդելի և հեղափոխությունը և Հայ ժողովրդին։ ՀՀԿ պատգամավորները պետք է գիտակցեն այս ամենը, մի կողմ դնեն նեղ անձնական խնդիրները և անեն ամեն ինչ ժամ առաջ ազատվելու համար այդ խղճուկ կարիերիստից։ Նա Հայաստանում որևե պաշտոն կամ աշխատանք չպետք է ունենա, նա թող գնա իր մարզիչների մոտ։ Որևե մեկը տեղյակ է, թե ինչի համար է նա գաղտնի հանդիպումներ ունենում Ռ․ Քոչրյանի, Բակո Սահակյանի,Ս․ Սարգսյանի հետ։
Լուսիկ
Անգամ Կիմ Չեն Ինը, կարծես, սկսել է հասկանալ, որ կործանում է երկիրը: Բայց ՀՀկ իր նոր առաջնորդով անհույս է: Փողը կուրացրել, չորացրել է ուղեղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter