
«Այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի»․ Արարատ Միրզոյանը պատասխանել է Սամվել Ֆարմանյանի հայտարարությանը
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ կոչ է արել քննարկման, գործընկեր փնտրելու ու ոչ թե ուրացողներ կերտելու:
Այս գրառմանը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Պատասխան ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին.
Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ , քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների և ողջ աշխարհի։ Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին՝ իբրև իրավիճակի միակ հնարավոր և պետության համար շահեկան հանգուցալուծում։ Մի քանի ճշգրտում. Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք,ցայսօր միայն մերժում ենք ստացել։ Հարցրա Վահրամ Բաղդասարյանին, հարցրա Գագիկ Մինասյանին և այլոց։ Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն և միջամտություն չունի։ Չունի և վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը։
Եվ վերջում. Մի քիչ շփվեք ընտրողների հետ, ՀՀ քաղաքացիների հետ։ Մի վախեցեք և նրանց ահաբեկիչներ մի անվանեք։ Առերեսվեք իրականությանը։ Սթափվեք, ինչպես կասեր դասականը, գժուկներ։
Եղբայրաբար՝ Քո ուսանողական ընկեր Արարատ։
Սամվել Ֆարմանյանի պատասխանը․
Արարատ Միրզոյան ջան, ուսանողական իմ ընկե՛ր: Շնորհակալ եմ արագ արձագանքի համար: Մի քանի կարևոր ճշգրտում: Մի շտապեք ինձ + 1 անել ձեր ցուցակներում: Կարծում եմ՝ ամեն ինչ հստակ եմ շարադրել: Մեր խմբակցությունը քվեարկելու է միաձայն: Ավելին՝ հակառակը Ձեր գլխացավն է լինելու:
Պատմությունը՝ վկա: Հակառակը չի լինելու: Հակառակը չի ստացվելու: Հակառակը միայն վնաս է տալու: Ես ունեմ իմ տեսակետը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ունեմ իմ տեսակետը վարչապետի հնարավոր այլ թեկնածուների վերաբերյալ:
Ասածս պարզ բան է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գա իր գործընկերների հետ խոսելու. նստենք խոսենք, պետք է խոսենք առանց պաթոսի, խոսենք կարևոր հարցերի մասին, խոսենք միմյանց հասկանալու, խոսենք մտահոգությունները փարատելու նպատակով:
Հ.Գ. Հանդիպման համար սուրճ հաստատ կա:
Մեկնաբանել