HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ․ «Փեթակ» և «Երևան» տոնավաճառներում մի շարք թերություններ են պարզվել

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ էր կազմակերպել «Փեթակ» (հասցե՝ Արշակունյաց պողոտա 17ա) և «Երևան» (հասցե՝ Ս.Զորավարի փ. 11/1շենք) տոնավաճառներում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Վարժանքի նպատակներն են` ստուգել տնտեսվարողների անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Համաձայն վարժանքների սցենարի՝ տոնավաճառներում առաջացել է հրդեհ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը չեն գործել: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, և առաջին հարկը ծխապատվել է, առկա է մարդկանց տարահանման խնդիր:

Վարժանքի մեկնարկից հետո Փրկարար ծառայության ուժերն իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հետախուզում, աշխատակիցների և հաճախորդների տարահանում, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում:

Ուսումնավարժանքի ընթացքում հայտնաբերվել են որոշակի թերություններ, մասնավորապես՝ բացթողումներ տարահանման պլաններում, տոնավաճառներում ապրանքների ոչ ճիշտ տեղակայում և դասավորություն, որը հրդեհի դեպքում կխոչընդոտի մարդկանց տարահանմանը, հրդեհաշիջման և ազդարարման ինքնաշխատ համակարգերի թերի աշխատանքը, տարհանման նեղ ուղիներ և ելքեր, հրդեհաշիջման պարզագույն միջոցների ոչ բավարար քանակը և այլն:

ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկում ունեցան տոնավաճառների պատասխանատուների հետ՝ արտակարտգ իրավիճակներում անձնակազմի առաջին գործողությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում կազմակերպել դասընթացներ՝ հրդեհի դեպքում անձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ համատեղ ուժերով շտկել առկա թերությունները:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարահանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:

Հարուցվել է 74 վարչական վարույթ, նշանակվել է 36 միլիոն դրամի վարչական տուգանք

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար յուրաքանչյուր տնտեսվարող պետք է անվերապահորեն կատարի հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով ստուգումներ, հրդեհատեխնիկական հետազոտություններ և կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:

Մշտական ուշադրության կենտրոնում են արտադրական վտանգավոր օբյեկտները (ԱՎՕ): 2018 թ.-ի սկզբից թվով 54 ԱՎՕ-ների՝ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու համար, տրվել են շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր: ԱՎՕ-ների նկատմամբ հարուցվել է 74 վարչական վարույթ, այս պահին նշանակվել է 36 միլիոն դրամի վարչական տուգանք:

Հատկապես կարևորվում է շարժական գազալցակայանների անվտանգության հարցը, քանի որ դրանք համարվում են խիստ հրդեհապայթյունավտանգ օբյեկտներ և դրանցում առաջացած հրդեհներն ու տեխնածին վթարները, որպես կանոն, ուղեկցվում են ծանր հետևանքներով: 50-ից ավելի շարժական գազալցակայանների տրվել են շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր, հարուցվել է 57 վարչական վարույթ: Իրականացված աշխատանքների արդյունքում, վերջին շրջանում նկատվում է որոշակի դրական միտում նշված բնագավառում: Շարժական գազալցակայաններ շահագործող բազմաթիվ տնտեսվարողներ դիմում են ՀՀ ԱԻՆ՝ իրենց ԱՎՕ-ները հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Նշենք նաև, որ ի կատարումն ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, այլ գերատեսչությունների տեսչական մարմինների հետ համատեղ, շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը: ՀՀ մարզերում և Երևանում գտնվող 230-ից ավելի օբյեկտներում արդեն իսկ իրականացվել են ստուգումներ և հետազոտություններ, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի:

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 300-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների`՝ իրազեկելով հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների, ինչպես նաև՝ դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն ապահովել հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարումը՝ ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter