
Շարունակվում են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության ուղղությամբ իրականացվող միջոցառումները
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։ Տարվող աշխատանքների շրջանակներում նախօորոք ընտրված 4 խոշոր ձկնաբուծական տնտեսություններում, թվով 20 ստորերկրյա ջրառի կետերում իրականացվում են հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքերի տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ընթացող ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում։
ԳԱՏՕ ծրագրի նպատակն է զսպել Արարատյան դաշտում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման տեմպը՝ այն կայուն մակարդակի հասցնելով և աջակցելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Բնապահպանության նախարարության համակարգման ներքո ընթացիկ փուլում աշխատանքներն իրականացնում է ԳԱՏՕ ծրագրի կողմից հայտարարված մրցույթում հաղթած մասնագիտացված ընկերությունը: Վերջինս ձկնաբուծական տնտեսություններում կատարել է համապատասխան չափագրումներ և մոնտաժային ընթացիկ աշխատանքներ։ Սահմանված ընթացակարգերով գնվել և Հայաստան են ներմուծվել հոսքաչափերը:
Բնապահպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների պահպանության, արդյունավետ ու խնայողաբար կառավարման և դրանք կայուն մակարդակի հասցնելուն է միտված։ Վերոնշյալ ծրագրին զուգահեռ շարունակվում են խորքային հորերի կարգաբերման և փականային ռեժիմի բերման աշխատանքները։ Օրինակ՝ միայն 2017թ. Արարատյան դաշտում լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 167 հորատանցք, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 4952 լ/վ։ Մշտադիտարկումների արդյունքում նկատվում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի կայունացման և որոշ հատվածներում բարձրացման միտում։
Մեկնաբանել