HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտարկվածներիս մոտ հույս ու հավատ է արթնացել, որ օրենքները վերջապես կգործեն

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ապրիլի 23-ին «Նուբարաշեն» բանտի տանիքի զբոսախցում էի, երբ հանկարծ մեծ աղմուկ բարձրացավ` գոռոցներ, սուլոցներ, ինչ-որ բացականչություններ: Սկզբում չհասկացա անգամ՝ որտեղից է աղմուկը` բանտի ներսից, թե դրսից: Հետո լսվեց «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» կարգախոսը: Երբ մի պահ լռություն եղավ, ինչ-որ շատ կամաց ձայն լսվեց` ձեզ ինչ… հետո բանտի մի աշխատակից սկսեց տանիքի վերևով անցնելով՝ մոտենալ զբոսախցերին: Հարցրեցի` ի՞նչ աղմուկ է:

-Տղե՛րք ջան, հրաժարական տվեց:

Ուրախությանս չափ ու սահման չկար, բայց պետք էր ճշտել տեղեկությունը: Խուց վերադարձանք, շուտ հեռուստացույցը միացրեցի, որ սեփական ականջներովս լսեմ վարչապետի հրաժարականի մասին պաշտոնական հաղորդում: Բայց հեռուստացույցը լռում էր: Երեկոյան լուրերով նոր լսեցի:

Մինչ այս, երբ գնում էինք զբոսանքի, աշխատակիցներին հարցնում էի՝ քայլ արե՞լ ես: Տարբեր պատասխաններ էին լինում`«ես շախմատ չեմ խաղում», «ի՞նչ քայլ», բայց հիմանկանում շշուկով ասում էին`«արել եմ, բայց շատ զգույշ…»:

Արդեն առավոտյան`հերթափոխի ժամանակ, բանտի շարքային աշխատողները մտնում էին խցեր ու աչքալուսանք տալիս, անգամ ասում՝ հալալ ա Նիկոլին:

Բանտարկվածներիս մոտ հույս ու հավատ է արթնացել, թե հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին հասցվելուց հետո, օրենքները կսկսեն գործել: Օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատումը, որը քանիցս ասել են՝ վերևից հրահանգ չկա կիրառելու: Օրինակ՝ ակնհայտ անարդար դատավճիռների վերանայումը, որը տասնամյակներ տեղի չի ունենում ավարտված գործերով: Եվ շատ այլ խնդիրներ: Իսկ բանտերում ու գաղութներում խնդիրների պակաս չկա:  

Երեկ երեկոյան իմացանք, որ փախուստի փորձ է կանխվել բանտի առաջին հարկում, սակայն հստակ տեղեկություններ չկային: Ցմահների բաժնում որևէ իրարանցում չկար: Ճիշտն ասած՝ չզարմացա, որովհետև կանխատեսում էի նման պրովոկացիա… Համոզված եմ, որ բանտարկված քիչ, թե շատ խելամիտ քաղաքացին երկրում տիրող այսօրվա իրավիճակում, երբ վերջապես ժողովուրդն ոտքի է կանգնել`բռնապետությունից ազատվելու, երկրում արդարություն հաստատելու համար, հաստատ չի փորձի փախուստ կատարել, հակառակը`ողջամտորեն համբերությամբ կզինվի և Աստված կկանչի, որ ժողովրդի հաղթանակը վերջնական արդյունքի հասնի`հաստատվի օրինական, ազգանվեր իշխանություն:

Այսօր առավոտյան, որպես բանտային թղթակից որոշ տեղեկատվություն հավաքեցի: Ըստ այդ տեղեկության, կլոր բանտի «00» կորպուսում Իրանի քաղաքացի կալանավորները դուրս են եկել խցից, փորձել են խեղդել հսկիչին, հետո վերցրել են բանալիները և սկսել բացել մնացած դռները: Սկզբից բացել են իրենց համաքաղաքացի կալանավորների դռները: Այդպես՝ մոտ 50 կալանավոր հայտնվել են միջանցքում: Երբ բացել են հայ ազատազրկվածների խցի դռներից մեկը, մերոնք ընդվզել են, չեն ցանկացել դուրս գալ`համարելով դա սխալ քայլ: Իմացա նաև, որ իրանցիները վերցրել են ճամպրուկները՝ իրենց քայլը բացատրելով հեղափոխությամբ: Ասել են, թե տուն են գնում:

Այս ամբողջ պրոցեսին նայում են նաև իրավագիտական տեսանկյունից: Մարդ-Իրավունք-Օրենք. այս բանաձևով պետք է առաջնորդվել, երբ խոսում ենք Մարդու իրավունքների և օրենքների, այդ թվում ընտրությունների, սահմանադրական կարգի մասին: Ավելի պարզ ասած`թե՛ Սահմանադրությունը, թե՛ այլ օրենքները ընդամենը գործիքներ են, որոնք պետք է ծառայեն Մարդուն, Ժողովրդին և ոչ թե հակառակը: Ժողովրդին պետք է ծառայի նաև Ազգային ժողովը, երկրի նախագահը, վարչապետը և կառավարությունը: Իշխանությունը պատկանում է միայն և միայն ժողովրդին: Ոչ մի պետական կառույց, պաշտոնատար անձ ինքնին իշխանություն չունի, նրանք միայն լիազորվում են այս կամ այն կերպ ղեկավարել, ուղղորդել իշխանությունը`ժողովրդի ուժը: Եթե նրանց հաջողվում է դա անել, ապա պայմանականորեն անվանում են երկրի իշխանություն: Եթե ժողովուրդը չի ընդունում այդ ղեկավարողներին, ապա փաստացի նման կառավարությունն այլևս լեգիտիմ չէ, քանի որ չի արտահայտում ժողովրդի կամքը: Տվյալ պարագայում Մարդու իրավունքների իրացման գործիքը`Սահմանադրությունը, այլ օրենքները պետք է պիտանի լինեն հենց Մարդու, այն է `ժողովրդի համար: Մեր իրականության մեջ, նախևառաջ, ժողովուրդը չէր ընտրել ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ ԱԺ-ի ներկայիս մեծամասնություն կազմող նրա կուսակցությանը: Պարզապես վերցրել էին ղեկավարումը`վարչական ռեսուրսի հաշվին:

Ավելին`Սերժ Սարգսյանը և իր կուսակցությունը իրենք իրենց համար գրեցին նոր «սահմանադրություն», որպեսզի վերարտադրվեն: Այժմ փորձում են Ժողորդին ծառայելու համար նախատեսված գործիքը օգտագործել իրենց օգտին, որպեսզի ինչ-որ կերպ փորձեն պառակտել համաժողովրդական շարժումը և մնալով կառավարման ղեկին`օգտագործելով պետական ռեսուրսները`նորից անցկացնեն աճպարար ընտրություններ: Նպատակը՝ ըստ էության իրենց ստեղծած, կամ իրենց քծնող այս կամ այն կուսակցության անվան տակ նորից Ազգային ժողով կամ կառավարություն սողոսկելն է:  

Մեր՝ մաքուր հայկական՝ Սիրո, Բարության ու Արդարության հեղափոխությունն անպայման կհասցնենք տրամաբանական ավարտին։ Աստված Հայ ժողովրդի հետ, որ վերջապես կառուցենք Սիրո և Արդարության վրա հիմնված պետություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter