HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշոտ Բլեյան․ «Իշխանության ճանապարհն անցնում է Հանրապետության հրապարակով»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանի կարծիքով այս օրերին հասարակությունը սահմանադրորեն իրեն վերապահված իշխանությունը իրացնում է ոչ թե ընտրված մարմինների, այլ ուղղակի ձևով՝ հրապարակի, փողոցի միջոցով։ Բլեյանը անցած օրերին իր երեխաների, թոռիկների հետ եղել է փողոցում, հրապարակում։ Հավատում էր, որ կլինի թավշյա հեղափոխություն, և որ այլ փոփոխություն մեզանում չէր էլ կարող լինել«Ես քաղաքացիական նախաձեռնությունների, հրապարակի, փողոցի ակտիվ մասն եմ, որովհետև այնտեղ է եղել անարատ, չվարկաբեկած, չփչացած պայքարը»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ չի մասնակցել ոչ թավշյա հեղափոխություններին։

Աշոտ Բլեյանը պնդում է, որ իշխանությունները պետք է ընդունեն ստեղծված իրավիճակը, հատկապես, երբ հասարակությունը ցույց է տալիս, որ ինքը ժողովուրդ է, ամբոխ չէ, ինքը սահմանադրորեն ամրագրված դրույթների կրողն է։

«Մենք չենք կարող այլ թեկնածու ունենալ։ Մենք ունենք մի թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Բլեյանը՝ պնդելով, որ պատգամավորը պետք է ընտրվի ժամանակավոր կառավարության ղեկավար։

«Ազգային ժողովում որևէ ձևով հայտնվածները՝ ընտրվածները, խցկվածները չեն կարող չհարգել ժողովրդի ինքնիշխանությունը։ Այսինքն՝ մենք մայիսի 1-ից չպետք է վախենանք կամ սպասենք մայիսի 1-ին։ Մայիսի 1-ը ձևական առումով նշանակած է, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում։ Ազգային ժողովի պատգամավորը հիմա պետք է գա, ներկայանա իր ընտրողին, շարադրի իր տեսակետը իսկ ընտրողը հիմա Հանրապետության հրապարակում է»։

Բլեյանը ընտրողներին խորհուրդ է տալիս յուրաքանչյուր ընտրատարածքից ընտրած իր պատգամավորին ուղեկցել Հանրապետության հրապարակ, որպեսզի գա, իր ընտրողի կողքին կանգնի։ Ասում է՝ 105 պատգամավոր ստեղծված իրավիճակի վերաբերյալ մինչ մայիսի 1-ը հրապարակային իր դիրքորոշումը պետք է արտահայտի«Ուզու՞մ ենք երկարացնել այս պրոցեսը, ինչի՞ համար, չէ որ Հայաստանը այս ամեն ինչից ունի ձեռքբերումներ և եկեք այդ ձեռքբերումները ամրագրենք, օգտագործենք, եկեք քայլենք։ Եկել է ժամանակը, որ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է կատարի իր քայլը հրապարակում, հրապարակային, տեսանելի։ Ի՞նչ կա վախենալու, խաղաղ հրապարակ է։ Պետք է ուղեկցենք պատգամավորներն Հանրապետության հրապարակ, միգուցե ինչ-որ անհարմարություններ ունի։ Դե ուղեկցենք նրան, ինչ դժվար է, 1988-ին չէի՞նք ուղեկցում։ Այսինքն՝ այդ առումով շարժումը ունի ավանդույթ և դա նորմալ է։ Բա այդ ներկայացուցիչը ու՞մ է ներկայացնում»։

Տնօրենի կարծիքով՝ ստեղծված այս վիճակը փաստում է, որ ՀՀԿ-ն անցյալում սխալներ է ունեցել և կրում է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը և որ պետք է իր քաղաքական սխալներից ազատվի «Ասում էին՝ առաջ իշխանության ճանապարհն անցում է Մելիք Ադամյանով, ես հիմա ասում եմ՝ հարգելիներս, իշխանության ճանապարհն անցնում է Հանրապետության հրապարակով»։

Աշոտ Բլեյանը շեշտում է՝ երկրում կատարված իշխանափոխությունը փաստ է, և ԱԺ-ն պետք է արձանագրի այն։ Նրա դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը միայն անձի հրաժարական չէր, այն նշանակում էր, որ ՀՀԿ-ն դադարել է այլևս իշխող ուժ լինելուց։

Նախկին քաղաքական գործիչը ներկայիս քաղաքական ուժերին կոչ է անում հրապարակային և թափանցիկ աշխատել։ Հարցնում է՝ ինչու՞ մյուս խմբակցությունները կամ գործիչները ոչ հրապարակային պետք է աշխատեն «Այսինքն՝ կարելի՞ է ոչ հրապարակային քաղաքական գործունեությամբ զբաղվել, դա արգելված է կարծում եմ։ Քաղաքական գործունեությունը հրապարակային գործունեություն է։ Հո ազգային անվտանգության, հետախուզական ծառայության աշխատողնե՞ր չեն։ Սա քաղաքական գործունեություն է։ Ինքը բաց է, հրապարակային է, թափանցիկ է, և լավաագույն տեղը հրապարակն է, ուրիշ տեղ չի կարող լինել»,- ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Լուսանկարը՝ Բլեյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter