HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Միասին փակել ներհայաստանյան ատելության էջը եւ դառնալ այդ պատմական նվաճման համահեղինակներ. Նիկոլ Փաշինյանի առաջարկը ԱԺ խմբակցություններին

«Իմ քայլը» շարժման այսօրվա կանգառը Վանաձորն էր: Ավտոերթով այստեղ հասած հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին Հայքի հրապարակում:

Շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց Լոռու մարզի բնակչությանը շնորհակալություն հայտնելով. «Ես երբեք չեմ մոռանա այն գորովանքը, այն սերը, այն օգնությունը, որ Լոռվա մարզը մեզ ցույց է տվել»: Նա թվեց մարզի համայնքների և քաղաքների անունները, որոնք աջակցել են իրենց և ցուցաբերած ջերմության համար հայտնեց իր երախտագիտությունը: «Եվ ահա, Վանաձոր մտնելուց մոտավորապես 22 օր հետո, մենք վերադարձել ենք այստեղ,  որպեսզի ասենք` Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ դուք հաղթել եք, մենք եկել ենք ձեզ ասելու` ՀՀ քաղաքացիներ, ձեր հաղթանակը ձեր ձեռքից որևէ մեկը չի կարող գողանալ, ով կփորձի գողանալ այդ հաղթանակը` իշխանությունից լինի, թե ընդդիմությունից, նա շատ արագ, նույնպիսի արագությամբ գնալու է Սերժ Սարգսյանի հետևից»:

Ապա արձագանքեց օրվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին:

«Այսօր շատերը փորձում են ներկայացնել, թե այս բանավեճն անձերի մասին է, թե ով պիտի զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը, իրականում խոսքն ուրիշ բանի մասին է, խոսքը նրա մասին է` արդյոք լուծվելու է քաղաքական ճգնաժամը, թե շարունակվելու է: Եթե մայիսի 1-ին վարչապետ ընտրվեց որևէ ուրիշ մեկը, քան ժողովրդի թեկնածուն, ուրեմն ՀՀ-ում և սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով: Եվ ուզում եմ շատ հստակ լինեմ, սա ասել եմ և էլի եմ ասում` ես իլյուզիաներ չունեմ, որպեսզի մտածեմ, որ դուք իմ անունը վանկարկելիս իմ անունն եք վանկարկում, ես հավատում եմ, որ դուք իմ անունը վանկարկելիս ինքներդ ձեր անունն եք վանկարկում, որովհետև ասել եմ և ասում եմ` Հայաստանում հաղթանակած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը ունի մեկ առաջնորդ, և այդ մեկ առաջնորդը դու ես….դու ես և ուրեմն ԱԺ բոլոր խմբակցությունները պարտավոր են աներկբա ձևով քեզ նշանակել ՀՀ վարչապետ:

Կարեն Կարապետյանը` առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, վերջին օրերին փորձում էր ժողովրդի ձեռքից գողանալ հաղթանակը և փորձում էր իր համար հենարան, դաշնակիցներ գտնել և ուրիշ մարդկանց ներքաշել անազնիվ և հակաժողովրդական խաղերի մեջ: Եվ ես ուրախ եմ, որ այսօր ԱԺ պատգամավոր մյուս Կարեն Կարապետյանը, ով «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր ընտանիքի անդամ է, հայտարարել է, որ իր կարծիքով` Կարեն Կարապետյանը չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու: Ես հույս ունեմ, որ այս տեսակետը կտարածվի ամբողջ ՀՀԿ խմբակցության անունից:

Ես հույս ունեմ, որ մյուս խմբակցությունները նույնպես կգնահատեն ստեղծված իրավիճակը և կհայտարարեն, որ ոչ միայն թեկնածու չեն առաջադրելու, այլև առանց նախապայմանների պաշտպանելու են ժողովրդի թեկնածուին, հակառակ դեպքում, չեմ ուզում քննարկել նույնիսկ հակառակ դեպքը, որովհետև հակառակ դեպք չի լինելու և վերջ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ոստիկանության` այսօր տարածած հայտարարությանը` պատգամավորն ասաց. «Ոստիկանությունը հայտարարություն է տարածել,  որում ասում է, որ իրավիճակը բարդացնող ոչ մի գործողություն չի ձեռնարկելու, հայտարարության այս մասը ընդունելի և հասկանալի է, բայց հայտարարության երկրորդ մասում կա այսպիսի մի հատված, որ էլի խոսվում է սադրիչների ինչ-որ խմբերի մասին և այլն, և այլն: Ես հույս ունեմ, որ այդ պարբերությունները չեն գրվել ոստիկանությանը ոչ խելամիտ քայլերի մղելու համար: Ես ուզում եմ հստակ ասել, եթե Երևան քաղաքում` որևէ հատվածում,  փշալարեր, զինտեխնիկա, հատուկ տեխնիկա երևա, դա մեր կողմից կարժանանա խիստ և բացասական գնահատականի, Երևանում փշալարեր, ջրցաններ, մահակներ, վահաններ չպետք է լինեն, պետք է լինեն ոստիկանններ, որոնք նաև պետք է ապահովեն մեր ակցիաների անվտանգությունը: Ես էլի ուզում եմ ընդգծել, հիշեցնել, որ մեր շարժումը բաց ձեռքերի շարժում է, մեր շարժման մեջ չեն կարող լինել սադրիչներ, որևէ լկտիություն մեր շարժման հետ չի կարող կապ ունենալ: Ոստիկանների նկատմամբ պետք է պահպանել կոռեկտ, հարգալից վերաբերմունք»:

Ողջունելով և ծափահարելով հանրահավաքի անվտանգությունն ապահովող տեղի ոստիկաններին` Փաշինյանը հայտարարեց, որ դա տրյուկ չէ, դա այսուհետ լինելու է քաղաքացու և ոստիկանի հարաբերությունների էությունը: Փաշինյանը կոչ արեց ծափահարել նաև այդտեղ իրենց ծառայությունն իրականացնող ԱԱԾ աշխատակիցներին:

«Ես ուզում եմ հավատալ, որ այսօրվանից` այս պահից սկսած Հայաստանում չկան ու չեն լինելու բարիկադներ: Հետևաբար, բարիկադների բացակայությունը մեզ, ոստիկանությանը, ԱԱԾ-ին դնում է նույն կողմում, մենք նույն կողմում ենք, դեմ-դիմաց չենք կանգնած, մենք այս պահից սկսած` կանգնած ենք ուս-ուսի հանուն ազատ և երջանիկ Հայաստանի:

ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու, սա վատ չէ, բայց լավ էլ չէ, և որպեսզի լավ լինի, կարծում եմ ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին: Ես ուզում եմ ասել, որ պատրաստակամ եմ հանդիպել Հանրապետական խմբակցության բոլոր պատգամավորների հետ, բոլորի հետ միաժամանակ, որպեսզի հավաստիացնեմ նրանց, որ այս պրոցեսով, երբ որ մենք ասում ենք փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ, և եթե նրանք անեն իրենց քայլը, Հանրապետական խմբակցության և մյուս խմբակցությունների պատգամավորները դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ: Եվ ուզում եմ ևս մեկ անգամ ասել` հույս ունեմ, որ այլ քաղաքական ուժեր, այլ քաղաքական գործիչներ չեն փորձի անգամ գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի այդ քաղաքական գործիչների և ուժերի դուրս մղմանը Հայաստանի ներքաղաքական դաշտից»,- կարծիք հայտնեց «Իմ քայլը» շարժման առաջնորդը:

Անելիքների մասին

Ըստ Փաշինյանի` վաղը ժամը 12.00-ից ՀՀ ողջ տարածքով վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները, բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: «Էն օրը Ալավերդուց պատվիրակություն էր եկել, ասում էին` ուզում ենք երկաթուղին փակենք, ուզում եք` փակեք»,- ասաց նա:

Այս բոլոր ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով` ժողովրդի թեկնածուին անհապաղ ընտրել ՀՀ վարչապետ:

Փաշինյանի խոսքով` վաղը ժամը 19.00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա մինչև այժմ կայացած «ամենա-ամենա-ամենահզոր հանրահավաքը»: Բայց ժամը 12.00-ին փակված ճանապարհները ուղիղ ժամը 16.00-ին պետք է բացվեն, որպեսզի ժողովուրդն անարգել կարողանա հասնել Հանրապետության հրապարակ:

Փաշինյանը հերթական անգամ պատճառված անհարամարության համար ներողություն խնդրեց այն բոլոր քաղաքացիներից, ովքեր մինչև այժմ կարողացել են անտարբեր մնալ այդ իրադարձությունների նկատմամբ և նախընտրում են ֆուտբոլ կամ կինո նայել: Խնդրեց չբարկանալ և չնեղանալ իրենցից:

Այսօրվա հանրահավաքը նույնպես ավարտվեց երթով` Վանաձոր քաղաքի փողոցներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter