
«ՀՀԿ խմբակցությունում կա նախատրամադրվածություն՝ չխոչընդոտել մայիսի 1-ի ընտրությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը
Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ այսօր ունեցած հանդիպումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դուրս գալով Բաղդասարյանի աշխատասենյակից՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարն իրեն փոխանցել է, որ ՀՀԿ խմբակցությունում կա նախատրամադրվածություն՝ չխոչընդոտել մայիսի 1-ի ընտրությանը:
«Հանդիպման ընթացքում մենք պայմանավորվել ենք կազմակերպել ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ, և Վահրամ Բաղդասարյանը ինձ փոխանցել է, որ իրենց խմբակցությունում նախատրամադրվածություն կա՝ չխոչընդոտել մայիսի 1-ին «ժողովրդի թեկնածուի» ընտրությանը վարչապետի պաշտոնում»,-ասել է Փաշինյանը:
«Արմենպրեսի» դիտարկմանը, որ ևս վեց ՀՀԿ-ականի ձայն է պետք ընտրվելու համար, Փաշինյանը նշել է, որ եթե կա այդ նախատրամադրվածությունը՝ քվեարկությանը չխոչընդոտելու, նրանք (ՀՀԿ-ն- խմբ.) կքննարկեն և կկայացնեն այնպիսի որոշում, որը խոչընդոտ չի լինի ընտրությանը: Հարցին՝ «ժողովրդի թեկնածուն» Նիկոլ Փաշինյա՞նն է, Փաշինյանը դրական պատասխան է տվել:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 29-ին կամ 30-ին կկազմակերպվի ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ:
Մեկնաբանել