HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերահսկիչ պալատ. Հարկադիր աճուրդի էլեկտրոնային համակարգը չի ապահովում հրապարակայնությունը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աճուրդի դրված անշարժ գույքի լոտերն աճուրդի տևողության 10 օրերի ընթացքում ոչ միշտ են տեսանելի լոտերի էլեկտրոնային ցանկում: Նման եզրահանգման է եկել Վերահսկիչ պալատը՝ ուսումնասիրելով ԴԱՀԿ ծառայության 2016-2017թթ. գործունեությունը:

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համաձայն՝ «եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ աճուրդի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տաս տոկոսի չափով»: Նույն օրենքը սահմանում է նաև, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:

Վերահսկիչ պալատը ուսումնասիրել է 2017թ. հուլիսի 26-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակաշրջանում, ժամը 12-ից մինչև 13-ը, հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացման և կազմակերպման  harkadir.ajurd.am կայքը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդի դրված անշարժ գույքի լոտերն աճուրդի տևողության 10 օրերի ընթացքում ոչ միշտ են տեսանելի լոտերի էլեկտրոնային ցանկում:

Նշելով կոնկրետ 9 լոտերի համարներ, Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ նշվածները տեսանելի չեն եղել 2-ից մինչև 5 անգամ, առանձին դեպքերում նաև աճուրդի ավարտման օրը:

«Փաստորեն, հարկադիր աճուրդի էլեկտրոնային համակարգը կատարյալ չէ և չի ապահովում հրապարակայնությունը: Աճուրդի դրված լոտերը ոչ միշտ են տեսանելի հնարավոր մասնակիցների համար, աճուրդները չեն կայանում մասնակիցների բացակայության պատճառով և աճուրդի արդյունքում մասնագիտացված կազմակերպությունների կողմից գնահատված գույքը վաճառվում է տասնապատիկ անգամ էժան»,-նշված է Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվության մեջ:

2016 և 2017 թվականներին գնահատող լիցենզավորված կազմակերպությունների կողմից մոտ 407 մլն դրամ գնահատված արժեքով գույքի աճուրդով վաճառքից պետական բյուջե մուտք է եղել մոտ 36 մլն դրամ, կամ գնահատված արժեքի 8,7%-ը:

ԴԱՀԿ ծառայությունը Վերահսկիչ պալատ առարկություն է ներկայացրել: Նշել է, որ ստուգող մարմնի կողմից արձանագրված փաստը, թե լոտերը ոչ միշտ են տեսանելի մասնակիցների համար և աճուրդները չեն կայանում մասնակիցների բացակայության պատճառով, իսկ աճուրդի գինը տասնապատիկ նվազում է, իրականությանը չի համապատասխանում:

«Երբ կայքում կատարվում են գործողություններ՝ նոր լոտերի ստեղծում, վաճառք, կասեցում, այդ դեպքում լոտացուցակի հաջորդականությունը փոխվում է և լոտը կարող է տեղափոխվել այլ էջ»,-աառարկության մեջ նշել է ԴԱՀԿ ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter