
Այս տարի կմեկնարկեն Սանահինի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքները
2012 թ. պետբյուջեի հատկացումներով կմեկնարկեն Սանահին վանական համալիրի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքները: Համապատասխան մասնագետները անհրաժեշտ լուծումներ կտան նաև բուսածածկի և տանիքների ջրամեկուսացման խնդիրներին:
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ վանական համալիրի հետագա անխաթար պահպանության նպատակով 2011 թ. շարունակել է իրականացնել համալիրի առանձին հուշարձաններում առկա խնդիրներին ուղղված մի շարք աշխատանքներ:
- Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալսարանի համագործակցությամբ ուսումնասիրվել է կառույցների տեխնիկական վիճակը:
- Նախարարության հրավերով իտալացի մասնագետները մանրամասն չափագրել են վանական համալիրի բոլոր հուշարձանները:
- Պետական բյուջեի միջոցներով իրականացվել են պահպանվածության առումով առավել վտանգված Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հուշարձանամերձ տարածքի հնագիտական պեղումներ ու կառույցի ինժեներաերկրաբանական հետազոտություններ:
- Կազմվել են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու և գավիթի, Սբ. Աստվածածին եկեղեցու և գավիթի, Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի մասնակի ամրակայման, վերականգնման նախագծային առաջադրանքները: Իրականացվել է հուշարձանի վերականգնման համար պահանջվող նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և ձեռքբերման համար նախատեսված գնումների գործընթացը: 2011 թ. նոյեմբերին հաղթող կազմակերպության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր, և վերջինիս են տրամադրվել կատարված բոլոր հետազոտությունների արդյունքներն ու նշված հուշարձանների մանրամասն չափագրությունները:
- Անհրաժեշտ աշխատանքները, որոնք կկատարվեն պետական բյուջեի հաշվին, նախատեսվում է ավարտել 2012 թ. մայիսին:
Մեկնաբանել