HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորությունը պատկանում է ժողովրդին

Հայաստանում տեղի ունեցող ուղղակի ժողովրդավարական գործողությունները ստեղծեցին պատեհությունը խոսելու մի բառի մասին, որի քննադատությունն առաջին անգամ լսել եմ Արման Յարալյանից 2012թ․ Մաշտոցի պուրակում, որտեղ խմորվում էին տարբեր քաղաքական քննարկումներ ու կերտվում էր ինքնորոշված քաղաքացին։ 2012թ․-ից ի վեր մշտապես մտմտացել եմ, թե իսկապես, ինչպես է լեզուն, ինչպես նշանային ցանկացած համակարգ, թելադրում ոչ միայն մտածողություն, հետևաբար՝ իրականություն, այլև կուռ ու անքննելի դարձած քաղաքական համակարգ։ Խոսքը իրավաքաղաքական ամրագրում ստացած «իշխանություն» բառի մասին է։ 

Երևի այս հոդվածն ընկալելի չլիներ որևէ այլ պահի կամ առիթ տար քաղաքական տեսությունների ու փիլիսոփայական մոտեցումների մասին իմացության ինտելեկտուալ նեղ մրցավազքի, բայց քանի հենց այսօր են տեղի ունենում գործընթացներ, որոնք բառի նշանակյալն են, այսինքն՝ ուղղակի ժողովրդական գործողությունները, լայն հանրության համար շատ ավելի ակնառու և ընկալելի է, թե ինչպես լեզվի մեջ նշանակիչը չի համընկնում նշանակյալի հետ։ 

Դեռ 2012թ․-ից հանրային քննարկումներում մատնանշվում էր, որ վարչական գործառույթներ իրականացնող մարմինները չեն կարող կոչվել իշխանություններ, դրանք վարչական կամ կառավարման մարմիններ են, իսկ ավելի լայն՝ վարչակազմ, որին ժողովուրդը ընտրությունների միջոցով նշանակում է  կառավարման իր աշխատանքին։ Որպես ակտիվ քաղաքացի, ես, ինչպես և շատ այլ քաղաքացիներ, չէի գործածում «քաղաքային իշխանություններ» բառակապակցությունը՝ մերժելով իշխանություն բառի մեջ բառարմատի իմաստի ճնշող ներկայությունը մի ժամանակաշրջանում, որում այլևս պետք է որ չլինեն ֆեոդալական (և ստրկատիրական) ժամանակաշրջաններին բնորոշ «աստվածատուր» աստճանակարգության հանրային հարաբերություններ։ Մենք մերժում էինք, որ ժողովրդի կողմից նշանակվող հանրային կառավարիչը կամ վարչարարը կարող է իշխան, իշխանություն իրականացնող, իշխանավոր համարվել։ Մի խոսքով, կային նշանակյալին համարժեք բառեր՝ վարչակազմ, վարչական մարմին, կառավարական մարմին, որոնց ակտիվ գործածմամբ փոխում էինք հանրային դիսկուրսը։ Երբեմն օգտագործում էինք իշխանություն բառը, որպեսզի շեշտենք, որ այդ պահի վարչական մարմինները գործում էին ֆեոդալական կարգին բնորոշ վարքուբարքով։ 

2013թ․ Ռուսաստանի գլխավորությամբ Մաքսային միությանն անդամակցելու պարտադրված և միահեծան որոշմանը դիմադրելու ժամանակ ակտիվացան ինքնիշխանության մասին քննարկումները, (պետական) ինքնիշխանությունը դարձավ Մաքսային միությանը միանալուն դեմ բողոքի ցույցերի հիմնական պահանջն ու լոզունգը։ Այս գործընթացների ժամանակ նորից մատնանշվեց, որ իշխան բառարմատով բառը չի կարող արտահայտել մի երևույթ, որը պատմական այնպիսի ժամանակաշրջանում է, որտեղ պետք է որ չլինի նշանակյալը՝ իշխանը, միահեծանը, որտեղ նման կարգերը ֆրանսիական հեղափոխությունից ի վեր չկան։ Ոմանք, այդ թվում՝ Արմանը Յարալյան, նախընտրեցին գործածել ֆրանսերենից փոխառված սուվերեն բառը, քանի դրա բառիմաստային ու ստուգաբանական ընկալումները (իշխանից վեր) ոչ ֆրանսախոս հայերին հասու չեն։ 

Քաղաքական իրավիճակը, իսկ իմ պարագայում՝ ֆեմինիստական օրակարգը կարևորելը, անհրաժեշտ էր դարձնում ստորակարգային ու բռնի հարկադրանքով ուղեկցվող երևույթներին անուն տալը, նկարագրելը, դրանք պատմելը։ Եվ ուրեմն, իշխանությունն էր այն բառը, որով հնարավոր էր նկարագրել հարաբերությունների այն տեսակը, որտեղ հարաբերվողները դասավորված են աստճանակարգով, որի վերին աստիճանին բռնացողն է, թելադրողը կամ հրամայողը, հաճախ՝ բարիքներ վայելողն ու անհոգը, իսկ վերևինին պարտադիր կերպով  հակադրված է ներքևինը՝ աստճանակարգային այս բուրգում ստորինը, իշխվողը, ենթարկվողը։ 

2015թ․ կեղծիքով մեզ վզին փաթաթված նոր սահմանադր(ական)ության քննադատության համատեքստում կարևորագույն կետերից էր սահմանադրության անփոփոխելի հոդվածներից երկրորդը, որը, սակայն, առաջացնում էր բառիմաստային պարադոքս․ «իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Ինչպե՞ս կարող է ժողովրդավարական սկզբունքի նկարագրությունը՝ նշանակիչը, նկարագրել ճիշտ հակառակ՝ ֆեոդալական, բռնարար, հրամայական երևույթ։ Ակնկալում եմ, որ լեզվագետները պիտի շտապեն ու դեմ տան բացատրական բառարաններից բառահոդվածներ, որտեղ մի 6-րդ իմաստով իշխանությունը նշանակում է իրավունք, կարողություն։ Բայց հիմնավորումների այդ փորձերը համոզիչ չեն․ իշխանություն բառը կրում է բառիմաստային ծանր բեռ, կիրառվում է մեծամասնաբար տիրել, իշխել իմաստով։ 

Եվ ուրեմն, իմ խոհումների ու պրպտուքի մեջ առանցքային դեր խաղացին քաղաքացիական ոչ-բռնի պայքարների մասին տեսությունները և հատկապես ուժի ֆեմինիստական սահմանումները, որոնք ընդդիմանալով տիրապետող քաղաքագիտական դպրոցների՝ ուժի սահմանումներին ու վերասահմանումներին՝ իրականում ընդլայնում էին դրանք, անուն տալիս (միտումնավոր) անտեսվածին։ Ուժի այլընտրանքային տեսությունների քննարկումն ինքնին մեծ ու հետաքրքիր թեմա է, կարող եմ թարգմանաբար մի հոդված առաջարկել Բռնության, կոնֆլիկտի ու խաղաղության մասին ամերիկյան մի հանրագիտարանից, ուստի առաջ անցնելով՝ պիտի եզրափակեմ հոդվածի գլխավոր մտքով։ 

Վերջին օրերին մեր աչքի առջև տեղի ունեցող ժողովրդական զանգվածային գործողությունները, այդ թվում անհնազանդությունը, ցույց էին տալիս մարդկանց ուժը, նրանց փաստացի կարողությունն ու իրավունքը։ Բացառությամբ պատրիարխալ (հայրիշխանական) հասարակարգին բնորոշ գենդերային գերակայության ու կապիտալիստական հասարակարգին բնորոշ դասակարգային շերտավորման դրսևորումների՝ մարդկանց գործողություններն ուղղված չէին կոնկրետ որևէ մեկին կամ մարդկանց խմբին իշխելու, տիրելու, հրամայելու, ստորադասելու։ Հակառակը, մարդիկ ասում էին ո՛չ իշխվելուն, հնազանդվելուն, կեղեքվելուն։ Մարդիկ իրացնում էին իրավունք, ինքնուրույնություն, ինքնակազմակերպվում էին։ 

Հավաքականորեն այս երևույթները հայերենում ունեն պատշաճ նշանակյալ՝ զորություն բառը։ Եվ ուրեմն, ժողովրդավարական սկզբունք նշանակելու համար «ժողովրդի իշխանություն» օքսիմորոնային արտահայտությունն առաջարկում եմ փոխարինել «ժողովրդի զորություն»-ով։ Իրականում առաջարկս բոլորովին նորամուծություն չէ, այլ մատնանշում է քաղաքական ու իրավական հարաբերություն ցույց տվող ու լայնորեն գործածվող մեկ այլ բառի այս համատեքստում անտեսված լինելը։ Երբ ցանկանում ենք մեկին օժտել որոշակի սահմաններում իրավունքներով ու կարողությամբ, ասում ենք՝ լիազորել կամ իրավազորել։ Այսինքն՝ լիարժեք զորություն տալ։ Լիազորելը, իրավազորելը, լիազորագիրը և զորություն բառով բարդվող բազմաթիվ այլ բառեր լայն կիրառություն ունեն իրավա-քաղաքական բառապաշարում։ Հենց այս բառն է գործածվում պաշտոնյաների՝ գործառույթ իրականացնելու իրավունքի ու կարողության սահմանների վերաբերյալ, օրինակ՝ կատարել, ձախողել կամ գերազանցել լիազորությունները։ Չենք ասում չէ՞ «իշխանավորել» հանրային  ծառայություն մատուցող պաշտոնյային, կամ «իրավաիշխանել» մեկին։ Անշուշտ, եթե չապրեինք իրավունքի սահմանման ու իրացման մեր դարաշրջանում, թագավորը՝ միահեծանը, կունենար իշխանավորելու, այսինքն՝ իշխան կարգելու հնարավորություն։ Քանի ապրում ենք Ժողովրդավարության պատկերացումով ու հարաբերությունների կարգում, բերեք ամրագրենք մեր բառապաշարում «ժողովրդի զորություն» բառակապակցությունը որպես պատշաճ նշանակիչ։ Այն անհրաժեշտ կլինի նաև 2015թ․ ապօրինություններով ժողովրդին պարտադրված սահմանադրության իսկական ժողովրդավարական փոփոխման ու նոր սահմանադրության մշակման համար (անփոփոխ հոդվածի էությունը չի փոխվի, եթե փոխվի նշանակիչը)։ 

Ինչ վերաբերում է սուվերենությանը, կարելի է երկար քննարկումներ անել, հիշեցի ամիսներ առաջ Մարկ Նշանյանի երկար ու խորքային, բայց իր բառերով՝ շարունակելի մենախոսությունը ՆՓԱԿ-ում։ Ու որպես այդ քննարկման շարունակություն՝ առաջարկում եմ հայերենի պասիվ բառամթերքից ակտիվացնել «ինքնազոր», «ինքնազորություն» բառերը։ Իմ կարծիքով՝ սրանք համապատասխանում են նշանակյալին։ 

Եվ ուրեմն՝ զո՜-րո՜ւ-թյո՜ւնը մե՛-րն է․․․ 

Աննա Շահնազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter