HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին և «իդիոտը»

Արտակ Ս․ Խաչատրյան

Իշխանափոխության առաջին փուլը հաջողությամբ հաղթահարվեց։ Առանց էմոցիաների գնահատելով իրավիճակը՝ կարելի է արձանագրել, որ աշխատատար և երկարատև գործընթացը դեռևս առջևում է։ Մեկ անձի վրա կառուցված բուրգը բրգի գագաթի անկումից հետո դեռևս վերջին մետաստազներն է ապրում։ Դա, միգուցե, կարելի է բնական պրոցես համարել։

Շուրջ 15 տարի հանրապետությունում բոլոր հնարավոր խոշոր ու փոքր պաշտոնական դիրքերը զբաղեցրած և դրան սերտաճած կուսակցությանը հեշտ չի հարմարվել այդ ամենը կորցնելու մտքի հետ։ Կորցնել ամեն ինչ ու միանգամից, երբ երեկ կարծես ոչինչ էլ չէր սպառնում։ Սակայն պատմությունն ապացուցում է իսկությունն այն փաստի, որ հեղափոխությունը գալիս է այն ժամանակ, երբ նրան ամենաքիչն են սպասում կամ չեն էլ սպասում։ Հանրապետական կուսակցությունը Հայաստանում տիրացել էր հնարավոր բոլոր մակարդակների պաշտոններին՝ համայնքապետերից մինչև հանրապետության նախագահ ու վարչապետ՝ դա ամրագրելով նաև սեփական հագով կարված սահմանադրությամբ։

Դա տոտալիտարիզմի ակնհայտ հավակնություն էր, ինչի նախադեպը 20-րդ դարում առկա էր ի դեմս ԽՍՀՄ-ի և Նացիստական Գերմանիայի։ Հանրապետական կուսակցությունը, որը սկզբնապես կազմավորվել էր Ղարաբաղյան շարժման ալիքի վրա և հիմնականում համալրված էր շարժման անդամներով, արդեն 2000-ականների 1-ին կեսից սկսած վերափոխվեց նախկին խորհրդային մանր ու միջին նոմենկլատուրայի ներկայացուցիչներով։Դա խորհրդային հասարակական-քաղաքական ժառանգության դրսևորումն էր հայաստանյան միջավայրում։

Այդուհանդերձ, այն ժամանակի եհտ փոփոխվում էր, ձեռք բերում նոր երանգներ։Խոշոր կապիտալի ներկայացուցիչների համար դա ապահովում էր մոնոպոլիա տարբեր ոլորտում և տարակերպ արտոնությունների տիրապետում։ Հանրապետականը գոնե դեկլարատիվ առումով ինքնանվանվում էր պահպանողական կուսակցություն։Պատճառն ակնհայտ է՝ իրեն հռչակելով պահպանողական արժեքների կուսակցություն՝ այն հղվելու էր անցյալի պատմությանը, անցյալի հերոսներին որպես խորհրդանիշներ և այդ անցյալամետությունը լեգիտիմացնելու էր նրանց։ Նման միտում մենք տեսնում ենք անցյալ դարի 20-ական թվականների վերջից և 30-ականների սկզբից սկսած, երբ հեղափոխական էյֆորիան անցավ և կոմունիստական կուսակցությունում սկսեց գործել վերարժևորման քաղաքականությունը։

Աստիճանաբար կոմունիստական կուսակցության շարքերից մաքրվեցին ստալինյան գծին այս կամ այն կերպ ընդդիմացողները, օրակարգում իր դիրքերը զիջեց ամենայն հինը ժխտելու և նորը գովերգելու մտայնությունը։ Դա հետապնդում էր մի քանի նպատակներ։ Նախ․ ժողովուրդն արդեն հոգնել էր հեղափոխական իրավիճակից, անհրաժեշտ էր վերադառնալ կյանքի բնականոն հուն և լուծել պետության առջև ծառացած խնդիրները։

Այդուհետ, Եվրոպայում արդեն իր մասին էր հայտնում նացիստական Գերմանիան, որի քայլերը կանխորոշում էին գալիք մեծ պատերազմը։ Անցյալամետությունը լեգիտիմացնելու էր կոմկուսին անցյալի խորհրդանիշների միջոցով, ինչպես նաև անցյալի հերոսական էջերի վերարժևորմամբ նախապատրաստելու էր հնարավոր պատերազմին։ Նույնատիպ կերպափոխում ապրեց ՀՀԿ-ն։ Արդեն ասվեց, որ նախապես կուսակցությունը հիմնադրվել էր Ղարաբաղյան շարժման մի քանի անդամների կողմից, իսկ արդեն 2000-ականներին նրանք դուրս մղվեցին խոշոր կապիտալի և արդեն նախկին խորհրդային նոմենկլատուրայի կողմից։ ՀՀԿ-ն պահպանողական էր այնքանով, ինչքանով կոմունիստական կուսակցությունը։

Մի դեպքում կոմկուսը հղում էր անում անցյալի ռուսական պատմության հերոսական էջերին և դեմքերին, մյուս դեպքում ՀՀԿ-ն դիմում էր անցյալի նշանավոր դեմքերից Գարեգին Նժդեհին։ Սակայն երկու դեպքում էլ դա ուներ ճակտոնային նշանակություն։  Երկու դեպքում էլ ներքին քաղաքականությունում ընթանում էր հասարակական-քաղաքական միջավայրի սեփականաշնորհում։

Քաղաքականությամբ զբաղվելն այս երկու ուժերը համարում էին սեփական մենաշնորհը և դա արվում էր այնպես, որ հասարակությունը խորշի քաղաքականությունից, չփորձի մտնել այդ ոլորտ ՝ դաշտն այդպիսով թողնելով իրենց։ Սակայն պետության էութենական վերլուծությունը ցույց է տալիս, որ հանրապետության մոդելի դեպքում յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ մասնակցություն պետք է բերի երկրի կառավարմանը։ Եվ կոմկուսը, և ՀՀԿ-ն փորձում էին ամուլ դարձնել քաղաքացիների՝ քաղաքական կյանքին մասնակցության գործընթացը։ Արդյունքը այլ էր՝ 1988 թ․-ից սկսած Շարժումները հանգեցրին ԽՍՀՄ փլուզմանը, իսկ ՀՀԿ-ի՝ սեփական հագով կարված սահմանադրության հիման վրա վարչապետի պաշտոնի յուրացումը՝ քաղաքացիական խաղաղ անհնազանդության , որն էլ հանգեցրեց բրգի գլխի հեռացմանը ։ Հասարակության ակտիվ մասը ողջունում է այդ գործընթացը։ Ավելին, այդ ակտիվ մասը որպես շարժման տրամաբանական հանգրվաններից մեկը համարում է Նիկոլ Փաշինյանի առաջադրումը որպես վարչապետի թեկնածուի։ Մեկ այլ հատված հիմնականում վիրտուալ ոլորտում փորձում  է առարկել՝ փաստարկելով, որ հրապարակում հավաքվածները ամբողջ ժողովուրդը չեն, հետևաբար՝ չեն կարող խոսել ժողովրդի անունից։

Այս փաստարկում մանիպուլյացիոն խաբկանք կա։ Եվ ահա թե ինչու։ Դեռ Հին Աթենքում առկա էր ագօրան, որը քաղաքի հրապարակն էր, որտեղ էլ հավաքված չափահաս տարիքի աթենացիները կայացնում էին պետության կարևորագույն որոշումները՝ այդպիսով հանդիսանալով  պետության բարձրագույն իշխանությունը։ Դա մասնակցային ժողովրդավարական կառավարումն էր։ Այսինքն՝ պետությունը դա այդ մարդկանց հավաքական միավորն էր, հասարակական դաշինք։ Հին Հռոմում այդ ֆունկցիան կատարում էր Մարսյան դաշտը։ Եվ ահա, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկան հասարակության այն մասը, որը վերջապես գիտակցեց պետության իրավատեր լինելու իր իրավունքը ։ Իրավունքը, որի իրացումը անկախ տեղից ու վայրից, լեգիտիմ է, քանզի իրացվում է սեփական քաղաքական մասնակցության ապահովման համար։

«Ժողովուրդը միայն հրապարակներում հավաքվածները չեն»  հնչեցնողները գիտակցաբար թե անգիտակցաբար  շրջանցում են այս իրողությունը։ Տանը, աշխատավայրում նստածների փոխարեն ոչ ոք չի իրացնելու նրանց քաղաքական և քաղաքացիական իրավունքները։ Հակառակը պնդելու փոխարեն նրանք կարող են դուրս գալ հրապարակ և հակառակը պնդելով՝ ցուցանել, որ «միայն հրապարակում հավաքվածները ողջ ժողովուրդը չեն»։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հենց հրապարակներում գտնվողներն են ժողովուրդը, ովքեր այդպիսով ապահովում են իրենց մասնակցությունը պետության կառավարումը։  Ի դեպ, Հին Աթենքում այն քաղաքացիները, որոնք չէին մասնակցում պետության կառավարմանը, չէին ցուցաբերում ակտիվություն, կոչվում էին «իդիոտներ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter