«Եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասին կարողանան կանխել ընտրակեղծիքները, ապա դրանց թիվը փոքր կլինի»
Վերջին օրերին քաղաքական գործիչների խոսակցության հիմնական թեման գալիք խորհրդարանական ընտրություններն են. դրանք անցկացնել միայն համամասնակա՞ն կարգով, թե՞ պահպանել համամասնական և մեծամասնական կարգի ներկայիս ձևաչափը: Համամասնականի կողմնակիցների կարծիքով, մեծամասնականից հրաժարվելու դեպքում ավելի քիչ կլինեն ընտրակեղծիքները:
Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե միայն համամասնական կարգով ընտրություններ անցկացնելը չի կարող վերջ տալ ընտրակեղծիքին:
«Ընտրակեղծիքներ կարող են լինել թե մեծամասնական, թե համամասնական ընտրությունների ժամանակ: Այն մարդիկ, ովքեր այդ տեսակետն են առաջ քաշում, ելնում են այն սկզբունքից, որ մեծամասնականով առաջադրվում են օլիգարխիկ թիմի ներկայացուցիչները, և նրանք ավելի հակված են ընտրությունները կեղծելուն, բայց իրականում դրանք կապ չունեն»,- ասում է Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգը հանելով՝ զգալի բացթողում է առաջանալու քաղաքական կյանքում, քանի որ փոփոխություն չանելու դեպքում խորհրդարանը կվերածվի միայն Երևանի խորհրդարանի:
Ինչ վերաբերում է գալիք ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրակեղծիքներին, ապա Արմեն Բաղդասարյանի ասելով՝ դրանց բնույթն ու դրսևորումները կախված կլինեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վերաբերմունքից: Ըստ քաղտեխնոլոգի՝ եթե այդ ուժերը պայքարեն ընտրակեղծիքների դեմ և այդ գործում ներգրավեն նաև դրսի ուժերին, ապա կեղծիքները քիչ կլինեն:
«Քաղաքական դաշտում մնացել են 3 քաղաքական ուժեր՝ ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասին կարողանան կանխել ընտրակեղծիքները, ապա դրանց թիվը փոքր կլինի, հակառակ դեպքում մեծ կլինի: Որովհետև նման ոչ ժողովրդավարական երկրներում ընտրակեղծիքները տարածված են տարբեր ձևերով. մի տեղ սնունդ են բաժանում, մյուսում համատիրության պարտքերն են զրոյացնում և այլն»,- ավելացրեց Արմեն Բադալյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել