Ընդդեմ եւ հանուն պատերազմի նախահիմքերի
Այսպես կարելի է կոչել Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը Ղարաբաղում եւ նրա շուրջ տիրող իրավիճակի մասին, որը վերջինս կարդացել է Եւրոպական խորհրդի գլխավոր ասամբլեայում հունվարի 25-ին։
Զեկույցը, որ կարելի է համարել ոչ հայանպաստ, ըստ էության կարող է փոխել հայ-ադրբեջանական հարաբերությունների որակը։ Եթե անցած տասը տարում մենք ասում էինք, որ ի պատասխան ինքնորոշման մեր արդար պահանջի Ադրբեջանի հրահրած պատերազմում հաղթել ենք, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ մեր հաղթանակը, բացի հուզականությունից այլեւս ոչինչ չի պարունակում։
Անկեղծ ասած, Աթկինսոնի զեկույցը կարդալիս, ես հիշում էի Հայաստանի առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստը, որում մասնավորապես խոսվում էր «պատերազմի կուսակցության» իշխանության գալու մասին։ Շատերն այս ձեւակերպումը քննադատում էին՝ վկայակոչելով 1998-ից մինչ օրս շարունակվող հարաբերական խաղաղությունը, չհասկանալով, որ առաջին Նախագահի, «Պետերազմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը» հոդվածի հեղինակի խոսքը ոչ թե անմիջապես կամ ժամանակի ընթացքում հայտարարվելիք պատերազմի մասին էր, այլ այն քաղաքական մտքի, որը չի կարողանում կերտել երկրի ու ժողովրդի ապագայի մոդելը։ Այս իշխանությունների օրոք գուցե երբեւէ չսկսվեն ռազմական գործողություններ, բայց արդյո՞ք պատերազմի բացակայությունն է խաղաղությունը։
Տեղին է հիշել նաեւ Հանրապետության առաջին Նախագահի անցած նոյեմբերին օդանավակայանում տված հարցազրույցի այն հատվածը, ուր Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավով արձանագրում է արժանապատիվ խաղաղության ձեռքբերման ճանապարհին մեր երկրի ապրած հետընթացը. «Ղարաբաղի հարցում ոչ միայն որեւէ առաջընթաց չկա, այլեւ, խոր ցավով եմ ասում, ես տեսնում եմ տխուր հետեւանքներ։ Այսինքն՝ այդ հարցի լուծումը ավելի խորանում եւ ավելի բարդանում է մեզ համար։»։
Այս հետընթացի վառ ապացույցներից մեկն էլ երկու օր առաջ Դեյվիդ Աթկինսոնի կարդացած զեկույցն էր, որով, ըստ էության, արձանագրվեցին մի քանի իրողություններ, որոնք մեզ զրկում են բանակցություններում մանեւրելու հնարավորությունից եւ որոնք ազատ են արձակում մեր հարեւան երկրի ձեռքերը։
Ասվածը հաստատելու համար մեջբերենք մի քանի նախադասություն։ «Ռազմական գործողությունները, դրանց նախորդած եւ լայնորեն տարածված ազգամիջյան թշնամանքը, հանգեցրին ազգային հատկանիշով խոշորամասշտաբ տեղահանությունների։»
«Անջատողական ուժերը շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը։»
«Եւրոպայի խորհրդի անդամ պետության կողմից օտար երկրի տարածքի զավթումը տվյալ երկրի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտում է։»
«Ադրբեջանի տարածքի զգալի մասը շարունակում է զավթված մնալ հայկական ուժերի կողմից։»
«Ասամբլեան հաստատում է, որ տարածքի անջատումը պետությունից եւ նրա ինքնիշխանությունը կարող են ձեռք բերվել միայն տվյալ տարածքի բնակչության ժողովրդավարական աջակցության վրա հիմնված խաղաղ եւ իրավական գործընթացի արդյունքում, բայց ոչ երբեք զինված հակամարտության ճանապարհով։»
90-ականների սկզբներին մեր քաջարի մարտիկները՝ պաշտպանելով Ղարաբաղի սահմանները, գրավում էին նաեւ սահմանակից ադրբեջանական շրջաններ։ Այն ժամանակ դա ուներ երկու բացատրություն։ Առաջինը՝ խաղաղություն հաստատելու համար հարկավոր էր ու անհրաժեշտ Ղարաբաղի շուրջ ստեղծել անվտանգության գոտիներ։ Երկրորդը՝ հայերն այդպիսով ձեռք էին բերում բանակցային լուրջ արսենալ։ Դա տեսնում ու հասկանում էին բոլորը՝ Եւրոպան, Ամերիկան, Ռուսաստանը։ Դա տեղավորվում էր զինյալ հակամարտությունների առաջին փուլի հանգուցալուծման տրամաբանության մեջ։ Հիմա տեսնելով բանակցային գործընթացի ծույլ ընթացքը, նույն Եւրոպան հայերի ռազմավարական ձեռքբերումը որակում է իբրեւ ոտնձգություն օտար երկրի նկատմամբ։ Որովհետեւ այդ ձեռքբերումն օգտագործման ժամկետ ունի, եւ ինչպես, ասենք, մթերքը, չի կարող անընդհատ պահպանել իր թարմությունն ու օգտակարությունը։
Եւ պատահական չէր, որ 97 թվականին Հայաստանի Նախագահն առաջարկում էր չհետաձգել բանակցությունները, որովհետեւ 97-ին՝ հրադադարից երեք տարի անց, այդ տարածքները բավական մեծ արժեք ունեին, եւ դրանց գործոնի խաղարկմամբ կարելի էր հասնել ավելի մեծ արդյունքի՝ ինչը կապահովեր եւ Ղարաբաղի լիակատար ինքնավարությունը, եւ կապը Հայաստանի հետ եւ, իհարկե, անվտանգությունը։ Իսկ 2004-ի նոյեմբերին օդանավակայանում պատասխանելով «Իսկ հնարավո՞ր է այդ կարգավորման խնդրում վարադառնալ այն կետին, որտեղից Դուք կիսատ թողեցիք» հարցին, առաջին Նախագահն ասում է. «Չկա այն, ինչ մենք կարող էինք ստանալ 1997-ին։ Մենք դա այլեւս չենք ստանալու։»։
Դեյվիդ Աթկինսոնի զեկույցով «հայկական գործոնը» հայտարարվում է ժամկետանց, ինչն առավել հավանական է դարձնում պատերազմի միջոցով խնդրի լուծման հնարավորությունը։ Եւ չնայած Աթկինսոնը մյուս կողմից մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա՝ պահանջելով չհամարձակվել վերսկսել ռազմական գործողությունները եւ սպառնալով եւրոպական ընտանիքից վտարմամբ, բայց հրադադարն էլ իր օգտագործման ժամկետն ունի, եւ այս զեկույցում տեղ գտած ձեւակերպումներով կարող է կորցնել թարմությունն ու օգտակարությունը։
Աթկինսոնն իր զեկույցում մի կողմից զավթիչ ու անջատողական է համարում հայերին, մյուս կողմից՝ հորդորում խնդիրները լուծել բացառապես իրավական ճանապարհով։ Ինչպես է պատկերացնում նա Հայաստանի մասնակցությունը կանխորոշված բանակցություններին, պարզ չէ։ Պարզ չէ նաեւ, թե ինչ պատկերացում ունի նա «զավթիչ» հարեւանի նկատմամբ ադրբեջանցիների տրամադրվածության մասին։
Կշեռքի նժարներից մեկը ծանրացել է, եւ դա բանակցությունների ձախողում է խոստանում։ Իսկ բանակցությունների ծույլ հարատեւման կամ ստույգ ձախողման դեպքում այս զեկույցի որոշ դրույթների հիման վրա Ադրբեջանն իրեն իրավունք կվերապահի ռազմի ուժով վերադարձնել կորցրած հողերը։ Եւ արդեն հոգնած միջազգային հանրությունը աչքը կփակի, ինչպես փակել էր այն ժամանակ, երբ Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտիներ էին ստեղծվում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել