
Փաշինյանը կոչ արեց վաղվանից վերսկսել անհնազանդության տոտալ գործողությունները
Ազգային ժողովում վարչապետի ընտրության արդյունքների հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը Աժ-ից ուղեւորվեց Հանրապետության հրապարակ, որտեղ, իր խոսքով, տեղի էր ունենում շարժման ամենաբազմամարդ հանրահավաքը:
Իր ելույթը նա սկսեց հետեւյալ խոսքերով.
«Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ,
Աներեւակայելի էր պատկերացնել, որ 12 ժամ շարունակ ՀՀ ավելի քան 250,000 քաղաքացիներ կարող են կանգնել այս հրապարակում, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ամեն ինչ վերջացած է, մեր հաղթանակն արձանագրված է, սա ուրիշ Հայաստան է, եւ այդ Հայաստանում մնացել է ընդամենը 50 հատ աթոռ Բաղրամյան 19-ում, մնացած Հայաստանը գտնվում է ՀՀ քաղաքացիների լիակատար իշխանության եւ վերահսկողության ներքո:
Այսօր Հանրապետական խմբակցության պահվածքը ուներ բացառապես պրովոկացիոն բնույթ: Նրանք անընդհատ ուզում էին հասնել նրան, որ ժողովուրդը եւ նրա թեկնածուն նյարդայնանան, ափերից դուրս գան, պրովոկացիոն բաներ անեն, գրոհներ կազմակերպեն: Բայց, մենք սիրելի ժողովուրդ, դիակապտությամբ չենք զբաղվում: Քաղաքական այդ մեռելը, որ կոչվում է Հանրապետական կուսակցություն եւ խմբակցություն, ընդհանրապես արժանի չէ մեր ուշադրությանը: Խոսք է գնում բանակցություների մասին, պաշտոնապես հայտարարում եմ, որ դրանք կարող են վերաբերել միայն ու միայն ՀՀԿ-ի քաղաքական հուղարկավորությանը:
Ուզում եմ հստակ գնահատենք այսօր տեղի ունեցածը: Այսօր ՀՀԿ խմբակցության պահվածքն ունենալու է նույն էֆեկտը, ինչ ունեցավ մեր առեւանգումը Արցախի փողոցից: Ես ուզում եմ արձանագրենք, որ մենք նույնիսկ կես միլիմետր հետքայլ անելու տարբերակ եւ հնարավորություն չունենք, պետք է գնանք առաջ, միայն ու միայն առաջ»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում այսօր չկա մի ուժ, որ կարողանա դիմակայել շարժմանը: Նա դիմեց ոստիկանությանը` կոչ անելով մի կողմ թողնել բոլոր ձեւականությունները, ցած դնել մահակներն ու վահանները եւ խառնվել ցուցարար ժողովրդին:
Տեղեկացրեց, որ Հանրապետական խմբակցության մի պատգամավոր` ԱԱԾ նախկին գեներալ Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը եւ այդպիսով «սեփական անունը ոսկե տառերով գրել ժողովրդի սրտերում»:
Վարչապետի` ժողովրդի թեկնածուն հայտնեց, որ ՀՀԿ-ի գործողությանը իրենց հակագործողությունը լինելու է շատ արագ: Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է, իր խոսքով, տոտալ գործադուլ եւ դասադուլ: 8:15-ից «Իմ քայլը» շարժման անդամները շրջափակելու են հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները: «Դիմում եմ պետական բոլոր ծառայողներին` հայտարարում ենք տոտալ գործադուլ: Ես ուզում եմ, որ հստակ իմանաք` մեր այս պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով: Հաղթանակ...»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահություն հայտնեց, որ վաղվա գործողությունների արդյունքում որեւէ քաղաքացուց ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի լինելու, որովհետեւ քաղաքացիական անհնազանդության գործողություններին չմիացած քաղաքացիների թիվը հնարավոր է լինելու հաշվել ձեռքի մատների վրա: «Սա հայ ժողովրդի աստեղային ժամն է եւ չի կարող մթագնվել որեւէ միջադեպով»,- նշեց շարժման առաջնորդը:
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանի կոչով ծափերով ողջունեցին «Ծառուկյան», «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունների կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին: «Հանրապետականի գուցե ամենակարեւոր եզրակացությունը հետեւյալն էր` կյանքը տեսնում են իրենց ծառայողական ավտոմեքենաների պատուհաններից եւ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Հայաստանում: ՀՀԿ այդ վերնախավին պետք է թողնել ՀՀ-ի հանրային-քաղաքական կյանքի լուսանցքում: Եթե նրանց կնկատեք որեւէ տեղ, չնկատելու կտաք նրանց գոյոթյունը, որովհետեւ նրանք այլեւս գոյություն չունեն ՀՀ-ում: Շատ հստակ, եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ առանց այլընտրանքի ժողովրդի առաջադրած թեկնածուն պետք է ընտրվի ՀՀ վարչապետ, որովհետեւ դա է ժողովրդի հաղթանակը դե յուրե արձանագրելու ճանապարհը»,- ասաց Փաշինյանը:
Մեկնաբանել