
ՀՀԿ-ականների արձագանքը, թե ինչու չընտրեցին Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Մինչ ցուցարարները շրջափակել են Երևանի մի շարք փողոցներ, ՀՀԿ-ական պատգամավորները փորձում են խորհրդարան գալ, որպեսզի իրենց գրանցմամբ քվորում ապահովեն։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ քառօրյայի հերթական նիստի օրն է, սակայն նիստը չգումարվեց՝ քվորում չլինելու պատճառով, և եթե 4 ժամվա ընթացքում առնվազն 53 պատգամավոր գրանցվի, ապա քվորում կլինի։
Նիստի մեկնարկից անցել է մեկ ժամ, և դեռևս 29 պատգամավոր է գրանցվել։ Տեղեկացնենք, որ խորհրդարանի շենքում են մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնք հրաժարվում են լրագրողների հարցերին պատասխանել, իսկ ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասի աշխատասենյակների դռները կողպված են։
Մեր հարցին, թե ինչու եք դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Աշոտ Արսենյանը, Ալիկ Սարգսյանը, Տաճատ Վարդապետյանը հրաժարվեցին պատասխանել, Միհրան Հակոբյանը, Շուշան Պետրոսյանը և Կարեն Ավագյանը ընդհանրապես հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել։ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն ասաց․ «Ելույթում ամեն ինչ ասել եմ, և դա ֆրակցիայի և կուսակցության միասնական տեսակետն է, ուրիշ ոչ մի ասելու բան չունեմ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութով։
Մեկնաբանել