
«Ժողովրդի շարժմանը դիմակայելն անօգուտ է». Սերժ Թանկյանը խոստանում է շուտով Հայաստանում լինել
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իր, դերասանուհի Արսինե Խանջյանի, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի, երգիծաբան և արվեստագետ Վահե Բերբերյանի, ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանի համատեղ հայտարարությունը:
Սռյուռքի արվեստի գործիչները նշել են, որ այն, ինչ իրենք դիտարկել են վերջին երկու շաբաթների ընթացքում իրական հաղթանակ էր Հայաստանում ժողովրդավարական գործընթացի հաստատման համար:
«Ձեր գեղեցիկ և խաղաղ բողոքի ակցիաների արդյունքում ոչ միայն վարչապետը հրաժարական տվեց, այլ նաև մենք լսեցինք տարաբնույթ հակասական ելույթներ շրջափակված Հանրապետության հրապարակի վերաբերյալ: Սա զարմանալի էր, մեր խորհրդարանն առաջին անգամ դարձել էր հանրային ֆորում: Այսօր պատմություն կերտվեց:
Պարզ էր, որ այսօր Նիկոլը չէր ընտրվելու վարչապետ, բայց մենք համոզված ենք, որ փոփոխության այս շարժումը կշարունակվի և ավելի մեծ թափ կհավաքի, երբ մենք գնանք շատ անհրաժեշտ հանրային ընտրության:
Հայաստանի երիտասարդները և քաղաքացիները հավաքականորեն բարձրացրել են խաղաղ բողոքի ակցիաների նշաձողը ողջ աշխարհում: Նպատակի համար ձեր ցուցաբերած համերաշխությունն ու միասնությունը նոր ալիք է առաջացրել Հայաստանում իրական ժողովրդավարական փոփոխության համար:
Մենք կոչ ենք անում, որ այդ ընտրությունը կատարվի հնարավորինս շուտափույտ, քանզի դա միակ միջոցն է գործող կառավարություն ապահովելու համար, որն իրապես կներկայացնի ժողովրդին:
Խնդրում ենք զայրույթին ու վրդովմունքին տեղիք չտալ և մնացեք ձեր դրական կեցվաքցքում: Հաղթողները չեն կորցնում իրենց սառնասրտությունը. Արդարությունը կհաղթի: Մենք ձեզ հետ ենք: Արդարություն Հայաստանին»:
Սերժ Թանկյանը նաև առանձին գրառմամբ նշել է, որ ժողովրդի շարժմանը դիմակայելն անօգուտ է: Թանկյանն ափսոսանք է հայտնել, որ մինչ այժմ չի կարողացել միանալ ժողովրդին վատ վիրուսի պատճառով, սակայն խոստանում է շուտով լինել Հայաստանում:
«Տարիների անարդարությունից հետո դուք հաղթել եք այս պայքարում: Մեր երկրի ներկան ու ապագան ապահովված է ձեր խաղաղ, խոհուն ակտիվիզմով,- գրել է երաժիշտը,- ողջ աշխարհն այսօր հիացած է քաղաքացիական անհնազանդության այս անհավատալի հաղթանակով: Եկեք շարունակենք այս ճանապարհը: Սիրեմ ձեզի»:
Մեկնաբանել