«Ես երազանք չունեմ»
Անուններից մի քանիսն այս պատմության մեջ, հասկանալի պատճառներով, փոխված են։
Քրիստինեն սովորում եւ ապրում է Վանաձորի թիվ 3 հատուկ դպրոցում։ Մորը 14-ամյա Քրիստինեն արդեն տեսնում է միայն երազներում. նա երեք տարի առաջ մահացել է:
Ձմռան առաջին սառնամանիքները Քրիստինեն դիմավորեց դպրոցից ստացած կիսամաշ կոշիկներով: Նոյեմբերին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել նրա հորը՝ Գ.-ին, որը կնոջ մահից հետո իր անասնական բնազդների այլ թիրախ չի գտել, քան... դստերը։ «Ես նրան երբեք չեմ ների»,- ասում է Քրիստինեն:
Քրիստինեն իրենից երկու տարով մեծ քույր էլ ունի: Նրա ասելով' քույրն այժմ բնակվում է Երեւանում՝ մորաքրոջ տանը։ Աղջիկը լսել է, որ նրանք ուզում են իրենց բնակարանը վաճառել։ Ու եթե այդպես լինի, Քրիստինեն դպրոցն ավարտելուց հետո էլ, հավանաբար, կշարունակի ապրել դպրոցում:
Քրիստինեն ստանում է 7500 դրամ թոշակ, որը ծախսում է մանր-մունր իրեր ու տետրեր ձեռք բերելու վրա։ Շոր ու կոշիկ չի կարողանում գնել, քանի որ շատ թանկ են, եւ եթե մի բան էլ հասնում է իրեն, դպրոցից է հասնում՝ այս ու այն տեղից օգնություն ստացած օգտագործված հագուստեղենից։
Առաջ, երբ քրոջ հետ էր, նպաստ էին ստանում, իսկ հիմա «կտրել» են՝ պատճառաբանելով, թե փաստաթղթերը ժամանակին չեն թարմացրել։ «Հիմա հորաքույրս ուզում է թղթերը դասավորի»,-ասում է Քրիստինեն:
Հորաքույրն ու մորաքույրը երբեմն այցելում են աղջկան, բայց նրանք էլ իրենց հոգսերն ունեն։
Քրիստինեն անընդհատ հիշում է մորը: Աղջկա անորսալի հայացքը մոր մասին հիշողությունից ջերմանում է: «Նա շատ հոգատար էր, բարի ... Հայրս մայրիկիս հետ միշտ կռվում էր. այնքան ծեծեց մորս, որ նա քաղցկեղից մահացավ»։
Քրիստինեն դեռ չգիտի, թե ինչ կերպ կդասավորվի իր հետագա կյանքը. «Դեռ չեմ որոշել՝ ինչ եմ դառնալու,-ոչ այն է՝ մտահոգությամբ, ոչ այն է՝ անհոգությամբ ասում է նա:- Ընկերուհիս որոշել է, որ քույր կդառնա։ Իսկ ե՞ս... Եսի~մ։ Ոչ մի երազանք չունեմ»։
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Վանաձորի նստավայրի դատավոր Վահան Հովհաննիսյանը Քրիստինեի հետ պատահածն իր վարույթում եղած գործերի մեջ առանձնացնում է իր քստմնելիությամբ:
Դատարանը պարզել է, որ Քրիստինեի հայրը' նախկինում մի անգամ ազատազրկված Գ-ն, «2002թ. մայիս ամսից մինչեւ 2004թ. մայիսն ընկած ժամանակահատվածում սիստեմատիկաբար սեռական հարաբերություն է ունեցել իր անչափահաս դստեր՝ 1989թ. ծնված Քրիստինեի հետ»։
Առաջադրված մեղադրանքում Գ.-ն նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Մինչդեռ, գործով տուժող Քրիստինեի, նրա քրոջ եւ գործով վկա Ա.-ի, ինչպես նաեւ Քրիստինեի օրինական ներկայացուցիչ, Վանաձորի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրեն Կարեն Ղարաքեշիշյանի ցուցմունքների ու դատաքննությամբ հետազոտված ապացույցների հիման վրա դատարանը հաստատված է համարել, որ «Գ.-ն, սեռական հարաբերությունների մեջ մտնելով տասնվեց տարին չլրացած անձի հետ, կատարել է հանցագործություն» եւ հաշվի է առել ինչպես նրա կատարած հանցավոր արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը, նախկինում դատապարտված լինելու, ինչպես նաեւ' տուժողի հետ ազգակցական կապ ունենալու հանգամանքն ու վճռել է Գ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով՝ դատապարտելով ազատազրկման՝ երկու տարի ժամանակով։
Մեր հարցին ի պատասխան՝ դատավոր Վ. Հովհաննիսյանը նշեց, որ Գ.-ին տրված ազատազրկման ժամկետը նման հանցագործության համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետն է։ Իսկ Քրիստինեի խնամքի ու հոգածության պատասխանատվությունն այսուհետ դրվելու է պետության ներկայացուցչի՝ աղջկա «օրինական ներկայացուցիչ» ճանաչված Կարեն Ղարաքեշիշյանի վրա։
«Ժամանակն է այդ մասին բարձրաձայն ասելու»,-ահազանգում է տնօրենը:
Քրիստինեի ընտանիքի պատմությունը թիվ 3 հատուկ դպրոցում փորձում են գաղտնի պահել։ Տնօրեն Կարեն Ղարաքեշիշյանը համաձայնեց տեղեկություններ տալ միայն այն դեպքում, երբ հավաստիացավ, որ աղջկա իսկական անունը չի հրապարակվի։ Նա համոզված է, որ հակառակ դեպքում բարձր դասարանների տղաները կփորձեն «օգտագործել» աղջկան։ «Խստիվ արգելել եմ այդ թեմայով դպրոցում զրույցներ ծավալել,-ասաց Կ. Ղարաքեշիշյանը,-Թեպետ նաեւ անհրաժեշտ եմ համարում, որ դեռահասներին բնորոշ դարձող մի շարք երեւույթների մասին հրապարակային քննարկում ծավալվի»։ Նա համոզված է, որ համատարած դաստիարակչական-բարոյական անկման մի դրսեւորում էլ Քրիստինեի հետ պատահածն է։
Պարզվում է՝ քույրերը դպրոցում են սովորել նաեւ մոր մահից առաջ։ «Շատ հոգատար կին էր նրանց մայրիկը, բայց... շուտ մահացավ։ Նրա կենդանության ժամանակ էլ աղջիկները գիշերում էին դպրոցում ու միայն շաբաթ-կիրակի օրերին էին տուն գնում։ Մայրը մի կերպ էր օրվա հացի խնդիրը հոգում' շուկայում կանաչի վաճառելով։ Օրվա ընթացքում գալիս-տեսնում էր աղջիկներին»,-ասում է տնօրենը։
Քրիստինեի մեծ քույրն այսօր էլ, չնայած դադարել է դպրոց հաճախել, համարվում է դպրոցի աշակերտ։ Տնօրենը չի կորցրել հույսը, որ 16-ամյա այդ աղջկան կկարողանան համոզել ու ետ բերել դպրոց։ «Չէ՞ որ միայն իր հասակակիցների շրջապատում նա կարող է իրեն նորմալ զգալ»,-ասում է Կ. Ղարաքեշիշյանը։
Հատուկ դպրոցի 355 աշակերտից, տնօրենի հավաստմամբ, շուրջ 70 տոկոսը սոցիալապես անապահով ու անբարենպաստ ընտանիքներից են։ «Դպրոցը նախատեսված է հիմնականում թույլ տեսնող, ինչպես նաեւ ծնողական խնամքից զրկված երեխաների համար։ Ունենք նաեւ խրոնիկ հիվանդություններով երեխաներ»,-տեղեկացնում է նա։
Կ. Ղարաքեշիշյանը զարմանում է վերջերս ավելի հաճախակի հնչող այն կարծիքների վրա, թե հատուկ դպրոցների կարիք այլեւս չկա, եւ որ այդտեղ հաճախող հիվանդ ու հաշմանդամ երեխաներին էլ պետք է «ինտեգրել» հանրակրթական դպրոցներին։ «Մեր հասարակությունը նման քայլի դեռ պատրաստ չէ, հիվանդ երեխայի ներկայությունը միշտ էլ ճնշող կլինի մյուսների համար,-ասում է տնօրենը։- Բացի այդ, անգամ եղած շենքային պայմանները նման քայլի համար համապատասխան չեն»։
«Դպրոցն այսօր աշակերտներից շատերի տունն է դարձել»,-նշում է Կ. Ղարաքեշիշյանը՝ փաստելով, որ շուրջ 92 երեխա գիշերում է այնտեղ։ Նրանցից 32-ը դպրոցում է լինում նաեւ հանգստյան օրերին։ Աշակերտներից 2-ը երկկողմանի, իսկ 27-ը միակողմանի ծնողազուրկ են, 35-ը՝ ծնողներից լքված, 165-ը լքված է կա՛մ հոր, կա՛մ մոր կողմից։ «Սրանք թվեր են, որոնք այսօրվա կյանքի մասին շատ բան են ասում»,-ասում է տնօրենը։
Անուշ Սարգսյան
Վանաձոր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել