HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակի խճուղուց մինչև մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան․ ֆոտոշարք

Գայանե Ենոքյան

Առավոտյան 08։00-ից ցուցարարները մեքենաներով փակել են Աշտարակի խճուղին Մելքումյան փողոցի հետ խաչման հատվածում։ Նրանցից մեկը պատմեց, որ հղի կին ուղևորով մեքենայի ևս թույլ չեն տվել անցնել, այլ շտապօգնություն են զանգահարել, որն էլ տեղափոխել է կնոջը։

Վաղ առավոտից տրակտորներով փակել են նաև Շիրազ-Մազմանյան խաչմերուկը։ Այստեղ ցուցարարների թվում շատ են դպրոցականները։ Նրանք երաժշտություն են լսում, խաղեր խաղում։

Շիրազի փողոցի մեկ այլ հատվածում երկու տղամարդ նարդի էին խաղում փողոցի հենց մեջտեղում։ Մեր այն հարցին, թե հարմա՞ր տեղ են ընտրել խաղալու համար, ցուցարարները պատասխանում են․ «Մեր երկիրն է, որտեղ կուզենք, այնտեղ էլ կխաղանք»։

Ցուցարարների տրամադրություն ուրախ է, կատակներն անպակաս։ «Ճանապարհը բացում ենք շտապօգնության մեքենաների համար, մեկ էլ հղի կանանց, եթե խոստանում են, որ տղա ծնվելու դեպքում անունը Նիկոլ են դնելու»,- կատակում է Լենինգրադյան-Շիրազ փողոցների խաչմերուկում խմբված ցուցարարներից մեկը։

«Անում ենք այնպես, ինչպես հրահանգել է մեր վարչապետը․ ճանապարհը բացում ենք ԱԻՆ-ի, ՊԲ-ի, ՊՆ-ի և շտապօգնության մեքենաների համար։ Երբեմն հարսանիքի կամ կնունքի գնացողների էլ ենք թողնում»,- ասաց Կիևյան կամուրջը փակած ցուցարարներից մեկը։


Կիևյան փողոցի մի հատվածում անցորդներին անվճար ջուր էին բաժանում։ Մեր այն հարցին, թե ջուրը միայն ցուցարարների՞ համար է, մատակարարները պատասխանում են․ « Ջուր ենք տալիս մեր հայ ժողովրդին, անկախ նրանից՝ ցուցարար են, թե պարզապես անցորդ։ ՀՀԿ-ական էլ լինի էլի կտանք, եթե շատ ծարավ լինի»։

Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի մի շարք խանութների աշխատողներ ևս գործադուլ են հայտարարել։ Ժամը 12։00-ի դրությամբ մետրոյի մուտքի մոտ կանգնած մի խումբ երիտասարդներ էլ իրազեկում են անցորդներին, որ մետրոն ևս չի աշխատում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter