
Արա Բաբլոյանը հորդորում է դադարեցնել ԱԺ պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել` ուղղված ՀՀ քաղաքացիներին, որտեղ մասնավորապես ասված է.
«Հարգելի հայրենակիցներ,
Վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:
Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը:
Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:
Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որեւէ դրական տեղաշարժի, չեն կարող տեւական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների եւ մեր քաղաքացիների կողմից:
Մեկ անգամ եւս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին եւ հատկապես երիտասարդությանը' ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն եւ հանդուրժողականություն»:
Մեկնաբանել