HY RU EN

Սեդա Ղուկասյան

Վարչապետի հաջորդ ընտրությունը կլինի մայիսի 8-ին

Վարչապետի ընտրությունները կլինեն մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: 
Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից: Հիշեցնենք, որ երեկ կայացած ընտրություններում քաղաքական մեծամասնությունը մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ըստ Սահմանադրության՝ այս ընտրության ժամանակ կարող են առաջադրվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները, այսինքն առնվազն 35 պատգամավորի ձայն է հարկավոր, որպեսզի Նիկոլ Փաշինյանն առաջադրվի:

Եթե այդ ընտրության ժամանակ էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն իրավունքի ուժով լուծարվում է: Սահմանադրության համաձայն՝  Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:

Այսօր ՀՀԿ-ական պատգամավորները խուսափում էին լրագրողների հետ զրույցում որևէ մեկնաբանություն տալ առաջիկա ընտրության մասին: ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել՝ ՀՀԿ-ն թեկնածու կառաջադրի, թե ոչ: