
Հանրապետական լինելը կաշկանդում է ուսանողներին
Նորայր Շողիկյան
Թատերական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Միլենա Բալդրյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից։ Ուսանողուհին ինքնուրույն է կայացրել այս որոշումը։
«Ճնշումներ բացարձակ չկային ո՛չ ուսանողների, ո՛չ էլ կուսակցության կողմից։ Լինելով արվեստի բուհի ներկայացուցիչներ՝ մենք հասկացանք, որ ավելի լավ է լինենք նեյտրալ գոտում։ Թատերական ինստիտում սովորում են ամենաանկաշկանդ ու ազատ ուսանողները և նրանք միշտ էլ միտված են ազատությանը»,- ասում է Միլենան։
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի անդամներն այսօր հավաքվել են Մշակույթի նախարարության շենքի մոտ, որպեսզի ներկայացնեին իրենց պահանջները։
«Խնդիրները շատ-շատ են մեր ոլորտում։ Առաջիկայում կփորձենք նաև Ուսանողական խորհրդի անունից բարձրաձայնել դրանք ու հասնել լուծումների»,- նշում է Միլենան Բալդրյանը։
Մշակույթի ոլորտը ներկայացնող ուսանողներին միացել է նաև կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ով ՀՀԿ անդամների քվեարկությունը սխալ է համարում ու կարծում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրվի վարչապետ, քանի որ այս տարիներին մշակույթի ոլորտում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել։
«Պետք է մշակույթի գործիչները արժանապատիվ մարդու նման ապրեն, ոչ թե 55000 դրամ աշխատավարձով։ Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն այդքան գումար են ստանում։ Այդպիսի աշխատավարձով կարող են աշխատել միայն էնտուզիաստները»,- ասում է Երվանդ Երզնկյանը։
Հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանը նույնպես աջակցում է ցուցարարներին ու կարծում, որ իշխանությունն անհապաղ պետք է հանձնել ժողովրդին։
«Մի քիչ անհասկանալի ձգձգում են, չգիտեմ՝ ինչի վրա են հույս դրել․ բանակցում են, երաշխիքներ են ուզում, թե ուղղակի ձևն է այդպես՝ միանգամից չհանձնվել»,- ասում է Էդուարդ Զորիկյանը։
Մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մի մասը երկրում բազմաթիվ խնդիրներ է տեսնում, որոնք փորձում է բարձրաձայնել տարբեր տեղերում։ Նրանցից շատերին էլ կարելի է այս օրերին տեսնել նաև հանրահավաքի հարթակում։
Մեկնաբանել