HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ գյուղերին տնտեսական արտոնություններ են պետք

Շիրմաքարերը միակ վկայությունն են, որ այստեղ ադրբեջանցիներ են ապրել: Վրաստանին սահմանամերձ Պաղաղբյուր գյուղում հազվադեպ կարելի է գտնել տեղից հանված կամ կոտրած գերեզմանաքար:

Ադրբեջանից այստեղ գաղթած հայերը դրանց չեն դիպչել, պարզապես մտել են ադրբեջանցիների տներն ու շարունակել ապրել: Գյուղի նախկին բնակիչների տների մի մասը դատարկ է: Տարիների ընթացքում դատարկ տները վնասվել են ու հիմա կիսափուլ են:

Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղը գտնվում է վրացական սահմանից 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Գյուղում ապրում է 182 մարդ, որոնց հիմնական մասը փախստական է Բաքվից: Գյուղապետարանի քարտուղար Արուսյակ Դումիկյանն ասում է, որ փախստականները չեն հարմարվել գյուղական պայմաններին, ու նրանց մեծ մասը հեռացել է գյուղից: Մնացողներն էլ անհնար են համարում գյուղում ձմռանն ապրելը: Այդ ամիսներին լքում են գյուղն ու վերադառնում միայն գարնանը: Արուսյակ Դումիկյանի հավաստմամբ, գյուղը լքելու հիմնական պատճառը աշխարհագրական դիրքն ու անանցանելի ճանապարհն է: Ձմռան ամիսներին գյուղացին չի կարողանում նույնիսկ մոտակա գյուղ հասնել, քանի որ միակ նեղ ճանապարհը փակվում է ձյան հաստ շերտով ու գյուղացուն մեկուսացնում մնացյալ աշխարհից:

Գյուղին ամենամոտ քաղաքը Տաշիրն է, ուր հասնելու համար հարկավոր է կտրել-անցնել 7 կմ-ից ավելի խորդուբորդ ու քարքարոտ ճանապարհը: Դեռ ավելին, միջհամայնքային որեւէ տրանսպորտ չի հասնում գյուղ: Գյուղացիները մի քանի անգամ տրանսպորտի խնդիրը բարձրացրել են Լոռու մարզպետի մոտ, որը խոստացել է երկու ավտոբուս տրամադրել՝ մեկը՝ Պաղաղբյուրին, մյուսը՝ հարեւան Ձյունաշողին:

Աշխարհից կտրված սահմանամերձ Պաղաղբյուրում ծնունդները տնային պայմաններում էլ են լինում, հիվանդներին բուժում են ինչպես պատահի: Հարսանիքները հազվադեպ են:

Գյուղի ութամյա դպրոցում սովորող 24 աշակերտներին կրթում ու դաստիարակում են միջնակարգ կրթությամբ ուսուցիչները: Բարձրագույն ուսումնական հաստատություն դպրոցից երբեք չեն ընդունվում:

Գյուղը վարելահող չունի: 20 հա վարելահողում վաղուց արդեն անասնակեր են ցանում: Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հարեւան Վրաստանի հետ ապրանքներ են փոխանակում:

«Վրացական Իրղանչայ գյուղի բնակիչների հետ լավ հարաբերություններ ունենք, ապրանքներ ենք փոխանակում, այդպես էժան է եւ ավելի հարմար, քան սեփական երկրի հետ»,-ասում է Արուսյակ Դումիկյանը:
Իրղանչայ գյուղում ադրբեջանցիներ են ապրում: Նրանց հետ հայերը գյուղատնտեսական ապրանքներ են փոխանակում, ձմռան վառելիքի հարցը լուծում:
Հայրենի կառավարությունից հույսները կորցրած՝ Պաղաղբյուրի բնակիչները օգտվում են վրացական հեռախոսացանցից: Նրանց մեծ մասը վրացական բջջային հեռախոսակապի բաժանորդ է:

Պաղաղբյուր գյուղն իր խնդիրներով միակը չէ: Վրաստանին սահմանամերձ հայկական բոլոր բնակավայրերում նույն վիճակն է. մեկուսացում կենտրոնական բնակավայրերից, անանցանելի ճանապարհներ, առեւտրային հարաբերություններ ոչ թե Հայաստանի մյուս բնակավայրերի, այլ Վրաստանի հետ:

«Եթե դա չլիներ, գյուղի վառելիքի հարցը չէր լուծվի»,-ասում է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի գյուղապետ Ռազմիկ Սարուխանյանը: Գյուղը Վրաստանի սահմանից հեռու է ընդամենը երեք կիլոմետր: Որպեսզի ապրանքները հասցնեն մոտակա քաղաք՝ Տաշիր, հարկավոր է կտրել-անցնել 9 կիլոմետր երկարությամբ խորդուբորդ ճանապարհը: Անշուշտ, ավելի նպատակահարմար է հատել վրացական սահմանը: Ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում է վրացական հայաբնակ Ախքյորփի գյուղի ու մոտակա այլ գյուղերի հետ: Փայտի դիմաց վրացիներին տալիս են կարտոֆիլ, անասուն կամ միս: Ապրանքափոխանակություն կատարվում է ոչ միայն Լոռու, այլեւ Շիրակի եւ Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերում:

«Եթե սահմանը բաց լինի, ազատ առեւտուր կլինի: Հիմա սահմանային ռեժիմի խստացումը խոչընդոտում է գյուղերի միջեւ ապրանքափոխանակությանը»,-հավաստում են Զորակերտի գյուղացիները: Եթե սահմանով տեղափոխվում է մինչեւ 50 կգ ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 ԱՄՆ դոլարը, ապա, Հայաստանի Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն, մաքսատուրք չի գանձվում: Այս դեպքում մաքսային կետում վճարվում է 3.500 դրամ՝ որպես մաքսային վճար: Օրենքը նման հնարավորություն է ընձեռում, երբ ապրանքների տեղափոխումը տեղի է ունենում 180 օրվա ընթացքում մեկ անգամ, բացառությամբ կառավարության որոշումների հիման վրա ստեղծվող սահմանամերձ առեւտրի շուկաների, երբ նախատեսված արտոնությունից մեկ ամսվա ընթացքում կարող են օգտվել մեկ անգամ: Մնացած դեպքերում քաղաքացին պարտավոր է վճարել մաքսատուրք, որի արժեքը կախված է տեղափոխվող ապրանքի տեսակից, արժեքից ու քաշից:

Օրենքով նախատեսված սակագները գյուղացուն ձեռնտու չեն, մանավանդ, երբ մեծածախ առեւտրով հնարավորություն չունեն զբաղվելու: Փոխարենը հայ գյուղացիները գտել են օրենքը շրջանցելու միջոցը. նրանք հատում են սահմանը զարտուղի ճանապարհներով: Շատ դեպքերում էլ օգտագործում են սահմանապահների հետ ձեւավորված հարաբերությունները. միմյանց նույնիսկ դեմքով են ճանաչում, արդեն փոխադարձ վստահություն են ձեռք բերել ու ապրում են մեկը մյուսով:

Գյուղացին այս կերպ հացի խնդիր է լուծում, հաճախ էլ ոչ շահավետ գործարք կատարում՝ մի գլուխ անասունը փոխանակելով մեկ պարկ ալյուրի կամ շաքարավազի հետ: Լոռու եւ Շիրակի մարզերի սահմանամերձ գրեթե բոլոր բնակավայրերում շրջանառվում է ազատ շուկա ստեղծելու գաղափարը, սակայն սայլը դեռեւս տեղից չի շարժվում:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակը հայ-վրացական սահմանամերձ բնակավայրերում անցկացրել է ուսումնասիրություններ: «Այս բնակավայրերը կարիք ունեն այնպիսի արտոնությունների, որոնք կնպաստեն հարեւան երկրի հետ ազատ ապրանքափոխանակությանը եւ համատեղ շուկայի ձեւավորմանը, ինչպես Սադախլոյի շուկան: Եթե Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ ու հաճախ համատեղ են լուծում տարածաշրջանային որոշ խնդիրներ, ապա սահմանամերձ բնակավայրերում համագործակցության այլ դրսեւորումներ են գերիշխում: Եվ որքան էլ երկու երկրները փորձեն սահմանափակել ազատ շուկայական հարաբերություններն ու այս կամ այն կարգը սահմանեն, միեւնույն է, սահմանամերձ վայրերի բնակիչները կգտնեն դրանք շրջանցելու ելքը»,-ասում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter