
«Մեղրեցուն հավատն է պակասում»
Տարիներ առաջ Մեղրիում ծանոթներիցս մեկը հետաքրքիր մի դիտարկում արեց. «Մեղրին աքսորավայր է քահանաների համար»: Եվ նա իրավացի էր: Վերջին տասը տարում մի քանի քահանաներ են եկել Մեղրի, հավատացել եւ հավատացրել, որ այստեղ հոգեւոր գործունեություն կծավալեն, ժողովրդի մեջ կարթնացնեն կոմունիստական իշխանության տարիներին խարխլված հավատը: Սակայն քահանաների գործունեությունը կարճատեւ է եղել: Արդյունքում գրեթե երկու տարի մեղրեցիները մնացել էին առանց քահանայի:
Ծնունդով լիբանանցի Գալուստ վարդապետ Դարբինյանը անցյալ տարվա սեպտեմբերին է եկել Մեղրի: Մինչ այդ եղել է Եգիպտոսում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում:
«72 երկիր պտտել եմ: Հայաստան շատ եմ այցելել համայնավարներու օրոք: Վերջին անգամ եկա 2004թ. մայիսին: Ինձ առաջարկեցին մեկնել Գյումրի, Վանաձոր կամ Մեղրի: Գերադասեցի գալ Մեղրի»,- պատմում է 66-ամյա վարդապետը:Նրա տպավորությամբ մեղրեցիները բարի եւ խոնարհ ժողովուրդ են, սակայն միաժամանակ՝ համառ եւ անհավատ:
«Ես չեմ հավատար, որ համայնավարությունն է միակ պատճառը, ժամանակին յոթ եկեղեցի է գործել այս փոքրիկ շրջանում: Մեղրեցին ավելի շատ համառ է եւ կամչնա հոգեւորականին դիմել»,- նկատում է հայր Գալուստը:
Կրոնական աղանդները(հիսունականներ, Եհովայի վկաներ եւ այլք) տարածված են հատկապես նախկին ադրբեջանաբնակ գյուղերում՝ Ալվանքում, Նյուվադիում, Լեհվազում, ուր, վարդապետի դիտարկմամբ, երեխաներ կան, ովքեր իրենց կյանքում հոգեւորականի երես չեն տեսել:
«Կրոնի մեջ մենք չենք հասել ազատամտության: Պետք է ոչ թե մարդու կրոնական զգացումները վիրավորել, այլ կամաց-կամաց մոտենալ, բացատրել: Կրոնը եղած է մարդու համար եւ՝ ոչ հակառակը: Հայ ժողովրդին կխանգարի նաեւ անցյալապաշտությունը: Չգիտես ինչու կթվա, որ ինչ անցյալում է եղել, գովելի է: Բայց տգիտություն է անընդհատ անցյալի մեջ ապրելը: Դարը փոխվել է, մենք էլ պիտի փոխվենք»:
Գալուստ վարդապետ Դարբինյանը դժգոհ է, որ հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաեւ Մեղրու տեղական իշխանությունները չեն աջակցում իրեն:
«Հոգեւորականը պետք է ֆինանսապես ապահովված լինի, որպեսզի կարողանա լիարժեք հոգեւոր գործունեություն ծավալել»,-ասում է նա: Մինչդեռ վարդապետը ապրում է կենցաղային շատ համեստ պայմաններում, ավտոմեքենա չունի, որպեսզի այցելի գյուղեր եւ հանդիպումներ ունենա գյուղաբնակների հետ: Եղած սուղ միջոցներով էլ հոգեւոր գրականություն է ձեռք բերում եւ անվճար բաժանում մարդկանց:
Մեկնաբանել