HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գուդբայ Սերժ» կամ Հայկական «ԳԿՉՊ»-ն

Արտակ Ս․ Խաչատրյան

Մայիսի 1-ի իրադարձությունները կմնան Հայոց պատմության էջերում։ Բազմից գրվում է և դեռ կգրվի դրա մասին։ Կհնչեն տարաբնույթ մեկնաբանություններ, գնահատականներ և վերլուծություններ։

Ներկայումս, թերևս, մեզ մոտ հիմնական մտազուգադրական համեմատությունը ոչ հեռավոր 1991 թ․ օգոստոսի 19-21-ն ընկած մոսկովյան դեպքերն են, որոնք ավելի հայտնի են ԳԿՉՊ-ի խռովություն կամ պուտչ անվամբ։

Ի՞նչու հենց այդ դեպքերը և ի՞նչու հիմա։ ԵՎ ուրեմն, 1991 թ․ գարնանը ՍԽՀՄ այն ժամանակվա նախագահ Մ․ Գորբաչովը մտադիր էր կազմել նոր միութենական համաձայնագիր և ներկայացնել միութենական հանրապետությունների հաստատմանը։

Ըստ այդ փաստաթղթի՝ ԽՍՀՄ-ն այլևս չէր լինելու նախկինը, այլ ենթարկվելու էր էական կերպափոխումների։ Սակայն երկրում առկա էին դեռևս բրեժնևյան լճացման տարիներից պետական ապարատում մնացած ազդեցիկ անձինք, որոնք սովորել էին խորհրդային կյանքի անփոփոխականությանը և օրորոցում խեղդում էին ցանկացած փոփոխության հնարավորությունն իսկ։

Նրանք ուղղակի որևէ այլ կերպ չէին կարողանում պատկերացնել ԽՍՀՄ-ը և այդպիսի փորձերն անգամ համարում էին պետության կործանման իրական հնարավորություն։ Եվ ահա Գորբաչովյան նոր միութենական համաձայնագիրը նրանց համար ազդարարում էր նոր իրողությունների սկիզբը, այն, որ այլևս նախկինը չի լինելու։

Խորհրդային նոմենկլատուրայի այդ անդամները կտրված էին ժողովրդից, իսկ տնտեսությունը գտնվում էր ողբերգական իրավիճակում, խանութները դատարկ էին, տրամադրությունը՝ մռայլ։

Մեծ թափով ծավալվում էին երկրում առկա էթնոքաղաքական հակամարտությունները, ամիսներով չէին դադարում համաժողովրդական ցույցերը, հանրահավաքները, գործադուլները։

Եվ ահա ԽՍՀՄ փոխնախագահ Յանաևը, պաշտպանության նախարար Յազովը, ՆԳ նախարար Պուգոն, ՊԱԿ պետ Կրյուչկովը, վարչապետ Պավլովը և այլք, կազմեցին Արտակարգ դրության պետական կոմիտեն (ռուսերեն ГКЧП) և օգտվելով ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի ՝ հանգստավայրում գտնվելու հանգամանքից՝ օգոստոսի 19-ին հայտարարեցին երկրում արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ որոշումը։

Դա պատճառաբանվում էր Գորբաչովի՝ առողջական վիճակով պայմանավորված իր պարտականությունները կատարելու անհնարինությամբ։ Սակայն երկրի ժողովրդավարական ուժերը ՌԽՖՍՀ ԳԽ նախագահ Բ․ Ելցինի գլխավորությամբ կազմակերպեցին դիմադրություն և հաղթանակ տարան եռօրյա դիմակայության արդյունքում։

Շարադրված դեպքերը կարծես ներկայումս կրկնվում են Հայաստանում։ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը կարծես կրկնում է ԽՍՀՄ փոխնախագահ Յանաևի հնչեցրած տեքստը՝ պարտականությունները կատարելու անհնարինության առումով։

Այսքանից հետո գործի դրվեց հայկական ԳԿՉՊ-ն ՝ ի դեմս ԱԺ ՀՀԿ խմբակցության։ Ինչպես  ռուսական պուտչիստները, հայկական պուտչիստները ևս իրենց գործելակերպով ցուցանում են ժողովրդից և երկրում կատարվող աննախադեպ դեպքերից իրենց գիտակցաբար թե անգիտակից անտեղյակությունը և օտարվածությունը։ 1991 թ․ օգոստոսյան դեպքերը սաբոտաժ էին պետության դեմ, ինչը ավելի արագացրեց ԽՍՀՄ անկումը։

ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ևս սաբոտաժ էր, սակայն դա արագացնելու է ոչ թե պետության անկումը, այլ սեփական կուսակցության քաղաքական ինքնաոչնչացման գործընթացը։ Հակառակ պարագայում ինչպես են պատկերացնում հետագա իշխանավարումը։ Այսօրվա համազգային հանրահավաքները մտազուգորդումների տեղիք են տալիս նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության հետ։

Երբ նացիստական Գերմանիան պարտվեց և սկսվեց ապանացիստականացումը, գերմանացիները պնդում էին, որ իրենք երբեք էլ չեն համակրել Հիտլերի գաղափարները և չեն սատարել նրան, չնայած մինչև այժմ էլ պահպանվել են Նյուրնբերգի և այլ տեղերի նացիստական քայլերթերը, որոնց միլիոնավոր գերմանացիներ էին մասնակցում։

Երբ 1991 թ․ հոգեվարք էր ապրում վերջին տոտալիտար կայսրությունը՝ ԽՍՀՄ-ը, 40 միլիոնանոց Կոմկուսից չգտնվեցին լոկ 1000 մարդ, ովքեր դեմ արտահայտվեին կամ իրական գործողություններ կատարեին խորհրդային կարգերը պահպանելու համար։ Հիմա շատերը հարցադրում են անում, թե 160 հազարանոց ՀՀԿ-ից ինչու թեկուզ հազար հոգի դուրս չեն գալիս ցույցի՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի։ Հենց նույն տրամաբանությամբ, ինչ գերմանացիները և նախկին 40 միլիոն կոմունիստները։

Սա տոտալիտար համակարգերի բնութագրիչներից մեկն է, երբ համակարգի փլուզման պրոցեսը ուղեկցվում է գերիշխող կուսակցության անդամների կամ համակիրների լուռ «ուրացմամբ»։

Ուրացմամբ, քանզի այդ կուսակցությունների անդամ են դարձել ոչ թե գաղափարախոսության համար ( այդպիսիք ևս հանդիպում են, սակայն ոչ մեծ փոքրամասնությամբ), այլ կարիերայի աստիճաններով իրենց վերելքն արագ ու անարգել կազմակերպելու համար։ Հենց դա էլ, ի թիվս այլ գործոնների, պայմանավորում է համակարգի փլուզումից հետո նրանց արագ ճամբարափոխը։

Հենց այդպես են փլուզվում տոտալիտար համակարգերը։ Եվ եթե ԳԿՉՊ-ի 91 թվականի օգոստոսյան պուտչը տևեց 3 օր, ՀՀԿ-ական ԳԿՉՊ-ն կարող է վերջանալ շատ շուտով։ Եվ ահա թե ինչու։ 1991 թ․ օգոստոսյան պուտչի ժամանակ խռովարարների մեջ էին նաև Խորհրդային Միության ուժային կառույցների բոլոր ղեկավարները, և խռովության որոշակի պահի ուժայինների որոշ ստորաբաժանումների հրամանատարներ հրաժարվեցին կատարել բանավոր հրամանները և ծածուկ տեղեկատվությամբ էին օժտում ելցինային թևին։

ՀՀԿ-ական ԳԿՉՊ-ի դերակատարները հիմնականում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են, իսկ ուժային կառույցների ղեկավարները երևացող դիրքերում չեն և ակնհայտ դերակատարություն գոնե չեն դրսևորվում։ Գոնե մայիսի 1-ի դրությամբ։ Իսկ մայիսի 1-ի ԱԺ նիստի ընթացքում հանրապետական պատգամավորների պահվածքը և հղումն առ այն, որ իրենք շուրջ 800 հազար ձայն ստացած կուսակցություն են, ակամայից հիշեցնում է հայտնի գերմանական տրագիկոմեդիկ ֆիլմը, որտեղ նվիրյալ սոցիալիստ Քրիստիանան ապրում է որդու ստեղծած երևակայական իր աշխարհում և չի էլ գիտակցում, որ բեռլինյան պատը քանդված է, և երկու Գերմանիաները՝ միավորված։

Հայաստանի ժողովուրդը քանդել է իր «բեռլինյան պատը»։ Այն պոտյոմկինյան գյուղերի պատերը, որոնք կառուցվել էին ՀՀԿ իշխանության տարիներին և քողարկում էին իրականությունը՝ աննախադեպ կոռուպցիան, իշխանության ուզուրպացիան, պետական պաշտոնների տոտալ կուսակցականացումը, կրթական համակարգի լծորդումը իշխող կուսակցության իշխանավարման երկարակեցության կառուցարկմանը, ուսխորհուրդների վերածումը յուրատեսակ «հիտլերյուգենդների», ԶԼՄ-ների համընդհանուր վերահսկողությունը, իրենց իշխանության քարոզչական միջոցների փոխարկմանը։

Նախկին «մեր դեմ խաղ չկա» կարծրատիպային դիրքորոշմանը հակադրվեց համաժողովրդական «Ձեր դեմ խաղ չկա, քանի որ մենք ձեզ խաղի տեղ չենք թողել» դիրքորոշումը։

Հայկական «բեռլինյան պատը» քանդված է, ուստի և սպասելի՝ հանրապետական Քրիստիանայի «հոգեհանգիստը»։

Մեկնաբանություններ (2)

Սարգիս
Իսկ մեզ մոտ հիմնական մտազուգադրական համեմատությունը 1990 թ-ի մայիսի 20-ի Գերագույն խորհրդի ընտրություններում, ՀՀՇ կուսակցության տարած հաղթանակն էր: 1,5 տարի անց` 1991-ի հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրություններին Տեր-Պետրոսյանի հաղթանակից հետո ՀՀՇ-ը, ամբողջությամբ իշխանությունը վերցնելով իր ձեռքն, այն պահեց առ 1998 թ-ը:
Սարգիս
Իսկ վերլուծելու ընդունակ մարդկանց մոտ հարց է առաջանում_Այդ ի՞նչպես եղավ, պ-ն Ս․ Խաչատրյան, որ ձեր ամենադժգույն գույներով նկարագրված կոմունիստական “տոտալիտար համակարգից”, ձեր ասելով, մի կերպ դուրս պրծած հայ ժողովուրդը 1999-ին 130161 ձայն տվեց կոմունիստական գաղափարախոսություն դավանող կուսակցությանը (նշեմ, որ այդ ձայներին կարելի է նաև գումարել նախկին կենտկոմի քարտուղար Կ.Դեմիրճյանի գլխավորած “ՀԺԿ” կուսակցությանը տված ձայների կեսից ավելին): Հարցս ոչ այնքան հեղինակին է ուղղված, որքան ընթերցողին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter