HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյչ-Էս-Բի-Սի բանկ»-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակման գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակմամբ զուգորդված երկու անձի սպանության փաստով հարուցված քրեական գործն  ընդունվել է ՀՔԾ վարույթ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Քրեական գործի նյութերով պարզվել է, որ 03.05.2018թ.-ին' ժամը 14:10-ի սահմաններում, զինված, դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ իր մոտ գտնվող կարաբինից կրակել և կյանքից ապօրինաբար զրկել է հիշյալ մասնաճյուղում իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանին, այնուհետև դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին' Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար և դիմել փախուստի:

Զինված հարձակում գործած անձն այդ ընթացքում կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող' ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ' նրան պատճառելով մարմնական վնասվածք, որի հետևանքով վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է, ով դեպքից հետո ձերբակալվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ' հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter