Վաչե Տերտերյանը ներկայացրել է նախարարության արձանագրած ձեռքբերումները
ՏԿԶ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողների հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է նախարարության կողմից որդեգրված գործունեության հիմնական ուղղությունները, կատարվող աշխատանքների ընթացքը, վարչատարածքային բարեփոխումների արդյունքները, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում արձանագրված ձեռքբերումները։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրել է, որ տեղական ինքնակառավարման բնագավառում շուրջ 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք: Ներկայումս հանրապետության համայնքների ընդհանուր թիվը կազմում է 502, դեռևս չխոշորացված համայնքների թիվը կազմում է 450: Խոշորացված փնջում ներառված համայնքների թիվը միջինացված կազմում է 8,9, իսկ փնջի բնակչության միջինացված թիվը՝ 12.560 (նախկինում բնակչության միջինացված թիվը կազմում էր` 4517): Համայնքայինկառավարման տեղեկատվական համակարգեր են ներդրվել թվով 18 խոշորացված համայնքներում: Ընդհանուր առմամբ` նման էլեկտրոնային համակարգեր շահագործվում են հանրապետության 502 համայնքներից մոտ 400-ում:
Թվով 14 համայնքներում ստեղծվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին առավել որակյալ հանրային ծառայություններ մատուցելու նպատակով: ՔՍԳ-ներ են գործում ՀՀ 29 համայնքներում, որոնցից 12-ը՝ խոշորացված համայնքների վարչական կենտրոններում:
Խոշորացված 18 համայնքներում ԱՄՆ ՄԶԳ, Շվեյցարական զարգացման գործակալության դրամաշնորհների, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվում են ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված ներդրումային ծրագրեր` 10,86 մլն դոլարին համարժեք դրամ միջոցներով:Ընդհանուր առմամբ` ԱՄՆ ՄԶԳ-ի և ՇԶԳ ֆինանսավորմամբ մոտ 5,3 մլրդ դրամ միջոցների հաշվին ՀՀ համայնքների համար ձեռք են բերվել 96 միավոր շինարարական և սպասարկող տեխնիկա, 47 միավոր գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, 53 միավոր կցորդներ և օժանդակ սարքավորումներ, մոտ 2000 միավոր սարքավորում և 1200 միավոր գույք, կառուցվել են ծածկարաններ, հարթակներ, կայանատեղիներ և կանգառներ:
Վ. Տերտերյանը հատկապես կարևորել է համայնքային սեփական եկամուտների դինամիկ աճը, համաձայն որի` 2018 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների տարեկան պլանը կազմել է 43,563.1 մլն դրամ, առաջին 4 ամսվա ծրագիրը նախատեսվել է` 12,918.0 մլն դրամ, փաստացի հավաքագրվել է 12,511.6 մլն դրամ, կատարողականը`96.9%: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն աճել է` 19.3 %-ով, կամ 2,024.3 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է` 26.4 %-ով, կամ 1,108.8մլն դրամով): 2018 թվականին կանխատեսվում է սեփական եկամուտների աճ շուրջ 12 %-ով կամ 43,563.1 մլն դրամ:
Համայնքներին սուբվենցիայի տրամադրման գործընթացի շրջանակներում ՀՀ մարզպետարանների և համայնքների կողմից ներկայացված թվով 150 ծրագրային հայտերից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել թվով 84 ծրագիր, որոնց իրականացման համար ներկայումս ընթանում է մրցութային գործընթացը: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը: 84 ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 3.35 մլրդ դրամ, որից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 1,72 մլրդ ՀՀ դրամ, մասնավոր հատվածի համաֆինանսավորումը՝ 188 մլն ՀՀ դրամ, իսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 1,45 մլրդ ՀՀ դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել