Ակունք համայնքն ուղերձով դիմում է պատգամավորներին, որ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքը՝ համայնքապետ Արծրուն Ղարիբյանի գլխավորությամբ, աշխատակազմը և ավագանու անդամները ուղերձով դիմել են Ազգային ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով քվեարկել վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին:
«Ակունք համայնքի ղեկավարությունը, ավագանին և համայնքի բնակիչները կոչ են անում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, հատկապես Հանրապետական պատգամավորներին և հատկապես Գեղարքունյաց աշխարհից ծնված մեր հայրենակից պատգամավորներին և հորդորում են՝ չկոտրել մեր որդիների պատերազմում թրծված կամքը և հավատը: Անսալ հարյուր հազարավոր մեր հայրենակիցների պահանջը և միաձայն, ոչ թե կեսով կամ մեկ երրորդով, այլ հարյուր տոկոսով ձայն տալ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին»,- նշված է ուղերձում:
Գրավոր փաստաթղթում նաև արձանագրել են, որ Ակունք համայնքը տասնամյակներ շարունակ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ըմբոստ ու անաչառ վարքագծով: Նշում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ համայնքը ոչ միայն նյութապես ու ֆինանսապես, այլև ֆիզիկապես կանգնած է եղել սխրանքներ գործող երիտասարդների կողքին: Եվ այսօր այդ հերոսների կողմից բարձրացված համազգային զարթոնքի օրերին ևս համայնքի բնակիչները և հատկապես երիտասարդները, եղել են շարժման մեջ և ազատ արտահայտել իրենց կամքը:
Արծրուն Ղարիբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ուղերձն արտահայտում է նաև համայնքի բնակչության կարծիքը: Նրա խոսքերով՝ ուղերձով դիմելը նպատակ է հետապնդել հեշտացնել պատգամավորների գործը, որպեսզի վերջիններս տեղեկանան, որ ժողովրդի՝ իրենց ընտրողների պահանջն է:
«Ուղերձը բաց նամակի տեսքով հղում ենք պատգամավորներին, և ինձ թվում է՝ կկարդան»,-ասում է Արծրուն Ղարիբյանը:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել