ԱԺ նիստին հետևում էի Սահմանադրությունն ու իրավագիտության դասագրքերը ձեռքիս
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ` նույնիսկ բանտում ինձ սկսել եմ զգալ, ասես, ֆիզիկական ազատության մեջ, քանի որ հույս կա` վերջապես արդարությունը կվերականգնվի բոլոր ոլորտներում, այդ թվում, շատ հնարավոր է՝ ներկայիս մահացած «արդարադատությունը» հարություն առնի:
Բոլորիդ պես ես էլ մայիսի 1-ին հետևում էի ԱԺ-ում կատարվող իրադարձություններին: Ընթացքում բացում էի Սահմանադրությունը, նաև իրավագիտության դասագրքերս: Պետական քննությունների հարցաշարում կա այսպիսի հարց` պետական իշխանության լեգիտիմությունը և լեգալ լինելը: Եթե կարճ ասելու լինենք` լեգալն այն է, երբ իշխանություններն ընտրվել են օրենքի տառին համապատասխան, իսկ լեգիտիմ այն իշխանությունն է, որին ընդունում է ժողովուրդը և պարտաստ է ենթարկվել (լեգիտիմությունը բարոյաիրավական կատեգորիա է): Ելնելով այս կոնցեպտից՝ ՀՀԿ-ի իշխանությունը որևէ կերպ չի կարող համարվել լեգիտիմ: Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս օրերին մեր ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ուղղակիորեն:
Այո՛, պառլամենտական կառավարման ձևն ընտրած պետություններում 3 ճյուղերի բաժանված իշխանությունների մեջ գերակայությունը տրվում է օրենսդիր իշխանությանը, սակայն… եկեք տեսնենք, թե ինչ են ասում գիտնականները այս հարցի վերաբերյալ. «…Օրենսդիր իշխանության գերակայությունը չի կրում բացարձակ բնույթ: Նրա սահմանները սահմանափակված են իրավունքի սկզբունքներով, մարդու բնական իրավունքներով, ազատության և արդարության գաղափարներով: Այն (օրենսդիր իշխանությունը) վերահսկվում է ժողովրդի կողմից…»:
«Իրավական պետությունը պարզապես պետություն չէ, որը պահպանում է օրենքները: Դա հասարակություն է և պետություն, որը իրավունքը ճանաչում է որպես հասարակության գիտակցության մեջ պատմականորեն զարգացող, ընդլայնվող ազատության և արդարության չափորոշիչ…» (Պետության և իրավունքի տեսություն, Ա.Ս. Պիգոլկինա):
Գիտեմ, որ նոր վարչապետի ընտրությունը մայիսի 8-ին է նշանակված: Եվ քանի որ սեպտեմբերի 15-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես ժողովրդավարության օր, ես էլ առաջարկում եմ մայիսի 8-ը հռչակել՝ որպես ժողովրդի հաղթանակի օր:
Մայիսի 18-ին էլ նշանակված է դիպլոմային աշխատանքիս պաշտպանությունը Հայ-ռուսական «Սլավոնական» համալսարանում: Արդեն դիմել եմ ՀՀ ՔԿ վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին` խնդրանքով, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն` ապահովելու համար իմ ներկայությունը համալսարանում: Տեղյակ եմ, որ նման նախադեպ Հայաստանում եղել է, երբ դատապարտյալին ուղեկցող գունդը հասցրել է դիպլոմային աշխատանքի պաշտպանության: Հուսով եմ, որ իմ պարագայում էլ չեն մերժի: Հակառակ դեպքում` պաշտպանությունը տեղի կունենա կամ համացանցի` տեսակապի միջոցով կամ էլ հանձնաժողովից կմտնեն «Նուբարաշեն» բանտ:
Դիպլոմային աշխատանքիս թեման վերաբերում է դատական սխալներին, օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայմանը: Անչափ շնորհակալ եմ գիտական ղեկավարիս` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ղուկասյանին, ով թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ մարդկային մոտեցմամբ աջակցեց իր նկատառումներով, շտկումներով, օրենսդրական փոփոխությունների մասին գրականությամբ, տեսական և գործնական կարևոր առաջարկներ անելով:
Շնորհակալությունս եմ հայտնում «Սլավոնականի» ռեկտոր պարոն Արմեն Դարբինյանին, Իրավունքի և քաղաքագիտության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանին, քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ստեփան Ծաղիկյանին և բոլոր այն դասախոսներին, ում շնորհիվ հնարավոր դարձավ իմ ուսումը համալսարանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել