HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Ազատությունը ճշմարտությանը հասանելի լինելն է

Գրեթե երկու տարի առաջ «Գարուն»-ի նախկին գեղարվեստական խմբագիր, այժմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի վարժարանի տնօրեն կամ պարզապես արտիստ Գրիգոր Խաչատրյանի ծննդյան 50-ամյա տարեդարձի առթիվ Վարդան Ջալոյանը գրեց. «Գրիգոր Խաչատրյանի աշխատանքները միշտ պրովոկատիվ են` նախատեսված հանդիսատեսին շփոթի մեջ դնելու: Ո՞ւմ է խաղում արտիստը»: Նաեւ` «Գրիգոր Խաչատրյանը Հայաստանի ամենահին եւ ամենակարեւոր պերֆորմանսիստներից է: Անկասկած է, որ նրա աշխատանքները մեծ դեր են խաղացել արվեստի նոր լեզվի եւ նոր դիտանկյունի մշակման տեսանկյունից»: 

Իսկապես, ո՞ւմ է խաղում արտիստը: Ո՞վ եք Դուք Ձեր բնորոշմամբ, եւ ո՞րն է Ձեր դերը արվեստում: 

Երեւի իմ ամենալավ եւ ամենաբնութագրական աշխատանքներից մեկը 1990թ. արված «MANIFEST» ֆոտոպերֆորմանսն է (գործողություն, որի դեպքում արվեստագետն է հայտնվում կենտրոնում, եւ իր գործողության հետքերը դառնում են այն ցուցանմուշները, որոնք իրացնում են այդ մտածողությունը)` արտիստի մերկ մարմինը` ցուցադրված անֆաս, պրոֆիլ եւ կոնտրֆաս: 

Կարծում եմ` ժամանակակից արվեստի խնդիրն է, որ արվեստագետն ինքը դառնա ստեղծագործության օբյեկտ: Օրինակ` Վիլյամ Սարոյանի ստեղծագործության օբյեկտն ինքն էր: Երբ արտիստն ինքն է դառնում իր ստեղծագործության օբյեկտը, միջանկյալ տարածքը ջնջվում է, եւ նա անմիջական կապի մեջ է մտնում հասարակության հետ: Սա պայմանականություններից հրաժարում է նշանակում: Ես 9-րդ դասարանից սկսած դադարեցի գեղարվեստական գրականություն կարդալ: Ինձ թվում է, որ գեղարվեստական գրականությունը մի տեսակ շինծու է, սարքովի եւ ոչ անմիջական, միջնորդավորված կապի մեջ է իրականության հետ: Ինձ ավելի շատ հետաքրքրում են Հենրի Միլլերի խորհրդածությունները, քան նրա գեղարվեստական երկերը: 

Արտիստի հիմնական գործառույթներից մեկը, կարծում եմ, եթե ոչ` ամենակարեւորը, տեսնելը եւ ցույց տալն է: 

Երբ երեխաները աշխարհի ճանաչողության առաջին քայլերն են անում, շատ հաճախ են մեծերին ցույց տալիս այն, ինչ իրենք տեսել են: Փաստորեն, արտիստի գործառույթը նման է այն երեխայի վարքին, ով ցույց է տալիս, ուշադրություն հրավիրում: 

Փաստորեն, Ձեր աշխատանքները մարտահրավեր են հասարակությանը... 

Իմ աշխատանքներն իրենց վրա ուշադրություն հրավիրելու տարր են պարունակում, ինչը, կարծում եմ, անհրաժեշտություն է: Ժամանակին ես փոքրիկ տեսանյութերի միջոցով վիդեոաշխատանքներ էի ցուցադրում «Ար» հեռուստաընկերությամբ: Պլակատը խտացված գաղափար է. սյուժե, որը մի կադրի միջոցով մի ամբողջ գաղափար է արտահայտում: Հեռուստատեսությունում այդ գաղափարն ավելի մատչելի է դառնում լրացուցիչ ձայնի միջոցով այն պարզ պատճառով, որ տեսողականից բացի ազդում է նաեւ լսողական օրգանների վրա: 

Այսօր եկել է մի սերունդ, որն ազատագրված է բոլոր կեղծ գաղափարախոսություններից, «իզմ»-երից: Այդ ազատությունն ինչպե՞ս է արտահայտվում արվեստում (մասնավորապես` կերպարվեստում): 

Ազատությունը ճշմարտությանը հասանելի լինելով, ապրելով կարելի է զգալ: Երբ մարդ որեւէ բանի չի հասնում, անմիջապես դրա իմիտացիայով է զբաղվում: Բանն այն է, որ մենք մեր գիտակցության մեջ բավականին աղբ ունենք կուտակած, եւ դրանից ազատվելու խնդիր կա: Կրթության այսօրվա համակարգը հաճախ խանգարում է լինել ինքնուրույն: Հիշենք Ավետարանում ասված խոսքերը. «Անունները, որոնք երկրային իրերին են տրված, մեծ մոլորություն են պարունակում»: 

Տեսեք` մինչեւ 20-րդ դարը նկարչության հիմնական գործառույթներից մեկը արտանկարչությունն էր: Հետո եկավ կինոյի ժամանակը, եւ նկարիչները ազատագրվեցին իրերի, բնության նմանության հետապնդման խնդրից եւ փորձեցին տեսնել եւ ցույց տալ իրերի եւ բնության ներքին կյանքը:

Կարծում եմ` ժամանակակից արվեստն ամենամոտն է կանգնած յուրաքանչյուր մարդու եւ ամենաանհրաժեշտն է: Պատճառը մեկն է. ժամանակակից արվեստում գիտակցությունը եւ ճանաչողությունն ավելին են, քան նախկինում: Այսօր ՆՓԱԿ եւ «Հայ-արտ» մշակութային կենտրոններն արվեստի ընկալման եւ մտածողության առումով կարեւոր աշխատանք են կատարում: 

Բայց այդ մտածողությունն ու ճանաչողությունը գերիշխող չեն դառնում հասարակության լայն շերտերի համար, ինչն էլ կհանգեցներ արժեքային որոշակի համակարգի ձեւավորմանը... 

«Գարուն»-ը հրապարակախոսական լայն դաշտ ուներ, եւ այնտեղ տպագրված գործերն արագ անդրադառնում էին հասարակական կյանքի վրա: 90-ականներին բազմաթիվ մտավորականներ, գրողներ դարձան քաղաքական գործիչներ: Հնարավորություն էր ստեղծվել, որպեսզի գրականության մեջ արտահայտված գաղափարները նրանք իրականացնեն որպես քաղաքական կամ պետական գործիչ:

Այսօր ունենք հասարակություն եւ իշխանություն, բայց չունենք իր տեղում գտնվող մտավորականություն, որ կարողանա իր ազդեցությամբ նպաստել բարեփոխումներին, առաջընթացին: 

Մշակութային այն շերտը, որը քաղաքացիական դիրքորոշում ունի, կարող է ճաշակ ու չափանիշներ թելադրել, ձեռնտու չէ իշխանություններին, հետեւաբար իր տեղում չէ: 

Իսկ «Գրիգոր Խաչատրյան» մրցանակին արժանանալու չափանիշը ո՞րն է: 

Մրցանակը սահմանել եմ նրանց համար, ովքեր իրենց գործունեությամբ իմ ուշադրությանը կամ հիացմունքին են արժանանում: Իսկ դա ենթադրում է, որ որեւէ ոլորտում նրանք արել են սպասվածից ավելին: Վերջին երեք մրցանակները շնորհել եմ Նիկոլ Փաշինյանին, Աշոտ Բլեյանին, Աննա Իսրայելյանին: Հաջորդ հավակնորդը Շողեր Մաթեւոսյանն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter