HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոլսում տիրացու, Հայաստանում քաղաքացի

Նստած Պոլսում, անընդհատ մտածում էի թեկուզ մի քանի խոսքով նեցուկ լինել Հայաստանի երիտասարդներին, Նիկոլին եւ բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել փողոց վերականգնելու համար իրենցից անարդարության բոլոր միջոցներով, տարիներ շարունակ խլված արդարությունը։ Եւ վաղ թե ուշ հաղթելու են, գիտե՛մ։

Հայաստանը եւ իր նոր հասարակությունը մեզնից՝ ավանդաբար սփյուռք կոչված զանգվածից բաժանված է գաղափարական հսկա մի անդունդով. անդունդ, որ մի անգամ եւս ողջ խորությամբ երեւաց այս օրերին։ Համեմատական անելու բազմաթիվ տարրերից վերցնելու եմ այն մեկը, որ այսօր հուզում է մեզ՝ պոլսահայերիս։

Հիշեցման կարգով ասեմ, որ 2008 թվականից Թուրքիայի հայության ղեկավարը նկատվող պատրիարքը անբուժելի հիւանդ է եւ փաստորեն պատրիարք չունենք։ 2010-ին բյուզանդական տարբեր խաղերի արդյունքին, մի քանի հոգեւորականների քվեով, այսինքն առանց ժողովրդի ընտրության, Արամ արք. Աթեշյանը ինքն իր համար, մինչ այդ գոյություն չունեցող «պատրիարքի ընդհանուր փոխանորդ»ի կարգավիճակով, պետությունից ապահովեց այն բոլոր իշխանությունը, որ ունենում են ընտրյալ պատրիարքները։ Անցյալ տարի երբ պատրիարքական ընտրություն անցկացնելու իրավական գետինը համարյա պատրաստ էր, Արամ արք. Աթեշյան ու իր մանկլավիկները նորից իրենց խաղերով խանգարեցին ամեն ինչ ու մենք նորից վերադարձանք 2010-ի անցանկալի վիճակին։

Վահան Տերյանի ասած «տիրացու»ն ու 21-րդ դարում քաղաքացի լինելու տարբերությունը ահա հայտնվում է այս փուլում։

Հայաստանի քաղաքացիները անարդար ընտրությունների, միայն բռնացողների իշխանությունը վերարտադրելու միտված սահմանադրական փոփոխությունների, թալանի, կեղծիքի, օլիգարխների ու քաղաքական կուսակցությունների սերտաճած իշխանության, ճնշված մամուլի դեմ կանգնեց քաղաքացիական արիությամբ, «ո՛չ» ասաց, բարձրացրեց բողոքի իր արդար ու խաղաղ ձայնը ու նվաճեց, նվաճելո՛ւ է այն ապագան, որին արժանի է։

Իսկ Թուրքիայի հայությո՞ւնը։ Տիրացուի արյունն է հոսում իր երակներում, ո՛չ թե արի ու հպարտ քաղաքացու։ Հոգեւորականի սքեմի տակ թաքնված ուխտադրուժին նա շփոթում է ասենք Եղիշէ արք. Դուրյանի կամ Կոմիտաս վարդապետի հետ, կարծում է որ երբ բողոքի իր ձայնը բարձրացնի ապա վիրավորելու է այս ու այլ նվիրական անձնաւորությունների հիշատակը ու երբեք չի էլ մտածում թե Դուրյանների ու Կոմիտասների սքեմին տակ թաքնվածները լաւ էլ գիտեն կեղծուպատիր խոսքերով, երկերեսանի գործունեությամբ չարաշահել, շահագործել, կողոպտել իրենց սրբազան նախնյաց ժառանգությունը։ Տիրացուն չի տեսնում թե հարսանիքի կամ թաղումի համար հաւատարմորեն եկեղեցուն նվիրաբերած իր գումարները ինչպես են տրվում քամուն, մտնում սա կամ նա խմբագրի ջեբը՝ Արամ Աթեշյանի գովազդի կատարման համար։ Տիրացուն չի հետապնդում իր իրավունքների կողոպտիչին։ Նա հաշիվ չի պահանջում նրանից, երբ խոստանում է հրաժարական տալ, սակայն հետո ամեն ինչ անում է պաշտոնում մնալու համար։ Նա ստում է, տիրացուն՝ լռում։ Տիրացուն միայն փակ դռների հետեւում է խոսում, բողոքում, երբ Արամ Աթեշյան անունով հայտնի անձը ցեղասպանված իր պապերին համարում է «իմպերալիստական» ուժերի խամաճիկը՝ ուրացողի հռետորաբանության այլ «մարգարիտներով»։ Եւ տիրացուն միայն «անասուն» է համարում այն մի քանի բողոքարկուներին, որոնք ամեն առիթ օգտագործում են Աթեշյանի երեսին տալու նրա կատարած արարքները։

Այն ամեն ինչը որի դեմ ոտքի են ելել այսօր Հայաստանի երիտասարդները, նույնությամբ առկա են նաեւ Պոլսում. բարերարազգեստ օլիգարխներ, որոնք հանրության կամքն են ճնշում, իշխանամետ, գնված մամուլ, իրենք իրենց «արդարացնելու», Պոլսոյ պայմանները եզակի ցույց տալու հազարումի պատճառաբանություն, ձեւ (ինչպես անում էին Հայաստանում)…

Պայմանները նույնն են, այո՛, սակայն հասարակութիւնն է տարբեր։ Նոյնիսկ մարդիկ, որոնք հրապարակայնորեն նեցուկ են կանգնում Հայաստանի ժողովրդական շարժման, խօսքը երբ գալիս է Արամ Աթեշյանի դեմ շարժման անցնելու՝ սկսում են «բայցերի», «սակայների» անվերջ մի շարք, որ իհարկե չեն կարող համոզիչ լինել։

Պոլիսը բացառություն չէ. այսօր սփյուռքի ո՞ր գաղթօջախում են հաշիվ պահանջում իրենց ղեկավարներից, որոնք ընտրվել են նույն այդ գաղթօջախի անդամների քվեներով։ Այսօր ո՞վ է հաշիվ պահանջում սփյուռքի մեծ կառույցներից, որոնք շատ անգամ առնում են անընդունելի որոշումներ։

Հայաստանը, այո՛, մեզ սովորեցնելու շատ բան ունի։ Չէ՛, ո՛չ թե հայոց լեզու, գրականություն, պատմություն… Դրանց մի կերպ հասնում է մեր խելքն էլ։ Հայաստանը սփյուռքահային պիտի սովորեցնի քաղաքացի՛ լինել։ Պիտի սովորեցնի տե՛ր լինել իր իրավունքներին, եթե նույնիսկ դրանց կողոպտիչը Արամ Աթեշյան, Սերժ Սարգսյան կամ նման անուններ կրող հայեր են։ Եւ իր բնակած երկրում (լինի Հայաստան թե Թուրքիա) քաղաքացի լինելու գիտակցության հասած անհատն է որ կսկսի հետաքրքրվել նաեւ իր մշակույթով, լեզվով։

Քա՛յլ արա, Սերժից հետո Արամին էլ մերժիր…

 

ՍԵՒԱՆ ՏԵՅԻՐՄԵՆՃՅԱՆ

ՊՈԼԻՍ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter