
ԿԲ. 2017-ին Հայաստանի բանկերը 39.7 մլրդ դրամի զուտ շահույթ են ստացել
2017 թվականը Հայաստանի ֆինանսական համակարգի համար բարենպաստ տարի է եղել: Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած տարեկան ֆինանսական հաշվետվության տվյալները: Մասնավորապես, բանկային համակարգը առանցքային ցուցանիշներով աճ է գրանցել՝ կապիտալով, ակտիվներով, շահույթով և այլն:
2017-ին ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը և տնտեսությանը տրամադրված վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել են համապատասխանաբար 91.4% և 49.8%:
Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը շարունակում է մնալ բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 85.5%-ը: Նաև նկատելի է, որ 2016 թվականի համեմատ բանկերի կշիռը շուկայում որոշակիորեն պակասել է. 2016-ին այն 87.2% էր:
Ավելացել է վարկային կազմակերպությունների կշիռը՝ 8.6%-ից դառնալով 9.3 %:
Ապահովագրական ընկերությունների կշիռը 1% է, ներդրումային ընկերություններինը՝ 1.3%, այլ ֆինանսական կազմակերպություններինը՝ 0.9%: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվներն էլ կազմել են ֆինանսական համակարգի 2.1%-ը:
Բանկերի զուտ շահույթը 8 մլրդ դրամով աճել է
Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ 2017 թվականին Հայաստանի բանկային համակարգի ակտիվներն ավելացել են 9.2%-ով, ընդհանուր կապիտալը՝ 4.9%-ով, պարտավորությունները՝ 10.1%-ով:
Իսկ համակարգի զուտ շահույթը կազմել է 39.7 մլրդ դրամ: Համեմատության համար՝ 2016-ին այն կազմել է 31.7 մլրդ դրամ: Այսինքն՝ բանկերի զուտ շահույթը մեկ տարում աճել է 8 մլրդ դրամով:
Աճել է բանկերի շահութաբերությունը: Ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 1% և 6%: Համեմատության համար՝ 31.12.2016թ. դրությամբ այս ցուցանիշները եղել են 0.9% և 5.8%): ԿԲ-ի մենկաբանմամբ՝ շահութաբերության աճին հիմնականում նպաստել է ակտիվների հնարավոր կորուստների պահուստին զուտ մասհանումների նվազումը:
Բանկային համակարգի կայունությունը բնութագրող կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները շարունակում են գտնվել պահանջվող նվազագույն սահմանաչափերից բարձր. մասնավորապես` ընդհանուր կապիտալի համարժեքությունը կազմել է 18.6% (նվազագույն նորմատիվային սահմանաչափը կազմում է 12.0%):
2017-ի ընթացքում տնտեսությանը տրամադրված վարկերն էլ, ըստ ԿԲ-ի, ավելացել են 8.5%-ով:
Ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքներին, ապա ԿԲ-ն այդ մասով նվազում է արձանագրել:
Իսկ չաշխատող վարկերի («հսկվող», «ոչ ստանդարտ», «կասկածելի» ռիսկային դասեր) տեսակարար կշիռը տարեվերջին կազմել է 5.5%:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել