HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական ապահովման պետը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 12 պաշտոնատար անձանց և նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի վերաբերյալ քրեական գործն այսօր մտավ դատաքննության փուլ։

Շուրջ 7 ամսվա ընթացքում  այս գործով նշանակված դատական նիստերից միայն մեկն էր կայացել, որի ընթացքում դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժել էր կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալի՝ Արմեն Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունն՝ իր պաշտպանյալի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Այսօր մեղադրող կողմն ընթերցեց ամբաստանյալների մեղադրանքների եզրափակիչ հատվածները։

Ըստ գործի նյութերի, հիշեցնենք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց քաղաքացիներից վերցրել են գումար՝ նրանց օգտին եզրակացություններ տալու համար։ Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին։

Գործի շրջանակներում Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, աշխատասենյակներում ընդունել է գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող իրեն ենթակա բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովների նախագահներին ու մեկ միասնական դիտավորությամբ նրանցից ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1,528,600 դրամին համարժեք կաշառք:

Արմեն Սողոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց։

Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժաննա Հովհաննիսյանը մեղադրվում է Արմեն Սողոյանին որպես կաշառք 200,000 ՀՀ դրամ տալու մեջ:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պողոսյանն, ըստ մեղադրանքի, Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին տվել է 150,000 ՀՀ դրամ կաշառք:

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արոնա Սիմոնյանը մեղադրվում է Արմեն Սողոյանին  600 ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ: Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Զորիկ Մկրտչյանը մեղադրվում է  2016թ. նոյեմբերի 24-ին և 2016թ. դեկտեմբերի 23-ին  Սողոսյանի աշխատասենյակում վերջինիս որպես կաշառք համապատասխանաբար 40,000 և 100,000 ՀՀ դրամ տալու մեջ:

Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Երեմ Մարգարյանը, Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Լիլիա Մանուցյանը, Երևանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետյանը, Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ժիրայր Պետրոսյանը,  Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արշավիր Հմայակյանը, Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ալլա Թովմասյանը մեղադրվում են Սողոյանին 100,000-ական դրամ կաշառք տալու մեջ:

Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանը մեղադրվում է Սողոյանին 265,000 դրամ կաշառք տալու մեջ:

Ամբաստանյալներ Արամ Պետրոսյանը, Արմեն Ավետյանը, Արշավիր Հմայակյանը,  Ալլա Թովմասյանը,  Շողիկ Ավետիսյանն իրենց առաջադրված մեղադրանքները նույնպես չընդունեցին, ինչպես Արմեն Սողոյանը։

Ժաննա Հովհաննիսյանն ու  Զորիկ Մկրտչյանը իրենց առաջադրված մեղադրանքն ընդունեցին ամբողջությամբ։

Ամբաստանյալ Արոնա Սիմոնյանը, նշեց, որ իրեն մեղսագրվող արարքում իրեն մեղավոր չի ճանաչում, բայց արարքի համար զղջում է, թե ինչ արարքի համար է զղջում Սիմոնյանը, այս պահին մեզ հայտնի չէ։

Ամաբաստանյալներ Երեմ Մարգարյանն ու Ժիրայր Պետրոսյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեցին։

Լիլյա Մանուցյանն ու Ցիալա Խուդինյանը իրենց մասնակի մեղավոր ճանաչեցին։

Դատարանն այսօր որոշեց նաև ապացույցների հետազոտման հաջորդականությունը, համաձայն որի՝ հաջորդիվ կհետազոտվեն գործում առկա ապացույցները։ Այսօրվա նիստը հետաձգվեց։ Հաջորդը նշանակվեց մայիսի 21-ին։

Գլխավոր լուսանկարում դատավոր Արմեն Բեկթաշյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter