HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փաստաբանության մասին» օրենքը տպավորիչ ձեռքբերում է Հայաստանի համար»

Ազգային ժողովը 2004թ.-ի դեկտեմբերի 14-ին ընդունեց «Փաստաբանության մասին» նոր օրենքը: Օրենքի ընդունումից հետո Փաստաբանների միջազգային միությունը (ՓՄՄ) հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ առաջին ընթերցման ներկայացված նախագծի վերաբերյալ փաստաբանները բավականին դիտողություններ են ունեցել, բայց արդարադատության նախարարությունը (ԱՆ) նրանց հայտնել է, թե դեռեւս փոփոխություններ են լինելու։ Սակայն ԱԺ-ն ընդունել է «Փաստաբանության մասին» օրենքի մի նախագիծ, որտեղ արդարադատության նախարարը գաղտագողի անցկացրել է իրենց համար անընդունելի մի շարք դրույթներ: Օրենքի ընդունումից հետո Փաստաբանների միջազգային միության կոլեգիան նամակով դիմեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին՝ համոզմունք հայտնելով, որ նա չի ստորագրի օրենքը, սակայն հունվարի կեսերին ՀՀ նախագահը վավերացրեց այն: Փաստաբանները պատրաստվում են դիմել նաեւ միջազգային կառույցներին:

«Փաստաբանության մասին» օրենքի մշակմանը մեծապես աջակցել է «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության» (ABA) Հայաստանի գրասենյակը' 2 տարի շարունակ քննարկումներ կազմակերպելով նախագծի շուրջ: «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության» Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարին Քենդրիքի հետ մեր հարցազրույցը նպատակ ուներ պարզելու, թե օրենքի' իրենց համար անընդունելի դրույթներին որքանո՞վ էին անտեղյակ փաստաբանները, եւ ինչպիսի՞ն է նրա տեսակետը «Փաստաբանության մասին» նոր օրենքի վերաբերյալ:

Տիկին Քենդրիք, ՓՄՄ ղեկավարությունն անընդունելի համարեց «Փաստաբանության մասին» նոր օրենքով Հանրային պաշտպանի համար կայուն աշխատավարձ սահմանելը՝ կարծելով, որ նրանք շատ ծանրաբեռնված են լինելու, եւ դա կազդի աշխատանքի որակի վրա։ Նրանց ասելով՝ դրանով մարդկանց զրկում են նաեւ փաստաբան ընտրելու հնարավորությունից, քանի որ այսուհետ Հանրային պաշտպանը որոշակի անձ է լինելու:

Հանրային պաշտպանին տրվող կայուն աշխատավարձի վերաբերյալ շատ բուռն քննարկումներ ծավալվեցին, եւ փաստաբանները երկու կողմից էլ հանդես են եկել' ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ: Շատ մեծ սխալ կլիներ պնդել, որ բոլոր փաստաբանները դեմ են արտահայտվել կայուն աշխատավարձ սահմանելուն: Միջազգային փորձագետները, նաեւ մեր կազմակերպության կողմից հրավիրված փորձագետը, նույնպես այն կարծիքին են եղել, որ շատ կարեւոր է ունենալ կայուն աշխատավարձ, որովհետեւ դա կարող է կանխել կոռուպցիան:

Եթե Հանրային պաշտպանի աշխատավարձը կայուն չլինի, ապա միշտ վիճարկելի կլինի, թե ինչ վճարում պետք է տրվի Հանրային պաշտպանին, քանի որ ժամաքանակը հաշվելը վիճահարույց է, մանավանդ որ այն հաշվում է դատախազության կամ այլ մարմնի աշխատակիցը: Հանրային պաշտպանի լիակատար անկախությունը ապահովելու համար այդ հարցը պետք է այլ կերպ լուծվի, կայուն աշխատավարձն ավելի նպատակահարմար է նրանց անկախությունն ապահովելու համար: Այդ կերպ Հանրային պաշտպանի եկամուտն արդեն երաշխավորված է լինում, եւ նա որեւէ նյութական շահ չի ունենա քննիչի կամ այլ մարմինների աշխատակիցների հետ գործարքի մեջ մտնելու համար, որովհետեւ դրանից նրա աշխատավարձը ո՛չ կավելանա, ո՛չ կպակասի: Ըստ էության, հիմա խոսում եմ «գրպանի փաստաբանների» մասին, որը բավականին երկար ժամանակ Հայաստանում ընդունված է համարել գոյություն ունեցող խնդիր: Շատ մեծ առաջընթաց է սա, որ կարողացել ենք հասնել նման դրույթի, դա կապահովի «գրպանի փաստաբանների» վերացումը: Կարծում եմ՝ ոչ բոլոր փաստաբաններն են, որ համաձայն են, թե սա դրական առաջընթաց է, բայց շատերն են կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարում սա նշանակալի քայլ է:

Մինչեւ ԱԺ օրակարգում ընդգրկելը օրենքը ներկայացվե՞լ է միջազգային փորձաքննության։

Սա երկու տարվա գործընթաց է, օրենքի շատ նախագծեր են գոյություն ունեցել: 2003թ.-ի աշնանը օրենքի ամբողջական տարբերակ ներկայացվել է փորձագետներին, ABA-ը եւ Եվրոպայի խորհուրդը 2 մասնագետներ հրավիրեցին, նրանց դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա վերանայվել է նախագիծը: Վերջապես կանգ առանք մի տարբերակի վրա, եւ ԱՆ-ի, փաստաբանական երկու միությունների, մեր կազմակերպության ներկայցուցիչները Եվրախորհրդի փորձագետների հետ տող առ տող քննարկել են նորացված նախագիծը: Այս գործընթացը, պետք է ասել, մեր կազմակերպության համար բավականին հաջողված փորձ էր։ Տարբեր երկրներում գտնվող մեր կազմակերպության գրասենյակները շատ հաճախ են աշխատում օրենսդրական նախագծերի վրա եւ շատ երկներում տեսել ենք այնպիսի դառը փորձ, որ տվյալ երկրի ներկայացուցիչը պարզապես շնորհակալություն է հայտնել փորձաքննության համար, սակայն արդյունքները օրենքում չեն զետեղվել: Այս դեպքում մենք այլ մոտեցում տեսանք: Ես սա համարում եմ Հայաստանում դրական փոփոխությունների կարեւոր փուլ, եւ սա նշան է, որ այս երկրում, իսկապես, դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ շարժվելու նվիրվածություն կա: Կատարյալ օրենք ես երբեք չեմ տեսել, օրենքների մեծ մասը պարզապես փոխզիջումների արդյունք են:

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի կազմում փաստաբաններից բացի ներառված են նաեւ այլ անձինք՝ Վճռաբեկ դատարանից, ԱՆ-ից եւ մեկ գիտնական իրավաբան: Փաստաբաններից ոմանց կարծիքով, այս հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ 15 տարի դատավոր աշխատած անձը առանց որակավորման քննություն հանձնելու միանգամից փաստաբան է դառնալու, փաստաբանական ինստիտուտը ստորադասելու ձեւ է։

Ես հասկանում եմ այդ մտահոգությունը, բայց ինչ վերաբերում է միջազգային նորմերին, այդտեղ խախտում չեմ տեսնում: Որակավորման հանձնաժողովի 9 անդամներից միայն 3-ն են այլ ոլորտից: Մեծամասնությունը փաստաբաններն են, եւ որոշումը նրանց ձայների մեծամասնությամբ է ընդունվելու: Ընդունում եմ, որ 15 տարի դատավոր աշխատած անձին առանց որակավորման քննություն հանձնելու փաստաբանական գործունեություն արտոնելը օրենքի լավագույն դրույթներից չէ։ Սակայն, եթե ավելի ուշադիր նայենք օրենքին, կտեսնենք, որ դա այնքան էլ խնդրահարույց չէ, քանի որ մեծ թվով մարդկանց վրա չի ազդելու եւ բացասական հետեւանքների չի հանգեցնելու: Ի վերջո, շուկայական հարաբերությունները պետք է այստեղ դեր ունենան, եւ հաճախորդն ինքն է որոշում, թե ում վճարի փաստաբանական ծառայության համար:

Օրենքի 48-րդ հոդվածում տեղ է գտել մի դրույթ, ըստ որի փաստաբանական պալատը ձեւավորվելու է 2 ամսում, իսկ ձեռնարկատերերի հայտերն ընդունվելու են առաջիկա 1 ամսում։ Օրենքի նախագծի քննարկումներին մասնակցած փաստաբանների պնդմամբ, այս դրույթը Արդարադատության նախարարը վերջին պահին է անցկացրել՝ նպատակ ունենալով ազդել փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների վրա:

Այդ դրույթը օրենքի տարբեր նախագծերում մտել եւ դուրս է եկել, 2003թ.-ի տարբերակում, օրինակ, եղել է: Կարծում եմ՝ մի առումով այս օրենքը բավականին լավն է, որ որակավորման քննությունների հատվածը փորձ է անում լավագույն թեկնածուներին փաստաբան դառնալու հնարավորություն տալ: Այս ոլորտը փոխզիջումների ոլորտ է եւ դեռ պետք է տեսնել, թե ապագա պալատը ինչպիսի որոշումներ կկայացնի, որպեսզի ապահովի այս խմբի որակավորման բարձրացումը: Փաստաբանների պալատի կարեւոր պարտականություններից մեկն էլ այն է, որ ապահովի իր անդամների որակի շարունակական բարձրացումը:

Ձեր նշածն էլ լավ օրինակ է այն առումով, որ օրենքը կատարյալ չէ, բայց հնարավորություն է ընձեռում տարբեր ձեւերով մոտենալ օրենքին եւ, համենայնդեպս, այն միջազգային նորմեր չի խախտում: Պետք է սպասենք ու տեսնենք, թե փաստաբանները միասնաբար ինչպես կկիրառեն օրենքը: Այս օրենքը Հայաստանում փաստաբանի մասնագիտության մեջ շատ կարեւոր ու նշանակալի փոփոխություն կատարելու հնարավորություն է տալիս: Բայց միայն օրենքի առկայությունը բավարար չէ, որ իսկապես տեղի ունենա այդ դրական մեծ փոփոխությունը: Միանգամայն հնարավոր է, որ հակառակը լինի, եթե փաստաբանները, օգտագործելով օրենքը, պատրաստ չլինեն դրական փոփոխությունների հասնել։ Միանգամայն հնարավոր է, որ փաստաբանի մասնագիտությունը նորից ԽՍՀՄ-ի հին մոդելով շարժվի, կոլեգիայի ավանդույթները վերականգնի:

Օրենքն ընդամենը հնարավորություն է, սկիզբն է, եւ փաստաբանները տարբեր սպասելիքներ ունեն ապագա պալատից: Այս օրենքը բավական ճկուն է տարբեր լուծումներ գտնելու համար եւ, տարածաշրջանի այլ երկրների օրենքների հետ համեմատած, լայն հնարավորություններ է ընձեռում մարդու իրավունքների պաշտպանության համար: Կարծում եմ՝ այն տպավորիչ ձեռքբերում է Հայաստանի համար եւ մեծ աջակցություն է փաստաբաններին, որովհետեւ նրանք կարեւոր դեր են կատարում հասարակության մեջ մարդկանց իրավունքները պաշտպանելու առումով։

Այնուամենայնիվ, փաստաբանները մտահոգություններ ունեն առաջիկա ընտրությունների հետ կապված, եթե դրան էլ հավելենք այն, որ օրենքը լիազորագրով ընտրելու հնարավորություն է տալիս, ընտրությունների օրինականությունը առավել մտահոգող է։

Լիազորագրով ընտրելու մոդելն ընդունված է շատ երկրներում, բայց նաեւ հնարավոր է, որ չարաշահումների տեղիք տա: Տեսնենք, թե փաստաբաններն ինչպես կորոշեն մեկնաբանել եւ կիրառել այն: Մենք պատրաստ ենք օժանդակելու փաստաբանների հիմնադիր ժողովին, բայց իրենք պետք է որոշեն դա: Կարծում եմ՝ շատ օգտակար կլինի, եթե այն բոլոր փաստաբանները, ովքեր մտահոգություններ ունեն այս հարցերում, օգնեն մշակելու ընտրության այնպիսի կարգ, որն իրենց ցանկալի ձեւով կտանի ընտրությունների ընթացքը: Կարծում եմ՝ կլինեն փաստաբանների խմբեր, որոնք շատ հետաքրքրված կլինեն այս հարցում եւ ջանքեր կգործադրեն։ Դեռեւս շատ բան կա անելու Հայաստանում այս ուղղությամբ: Ինչպես ես եմ մեր գրասենյակի աշխատակիցներին ասում՝ այս օրենքը մեզ համար առաջիկա տարում հսկայական աշխատանքի աղբյուր կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter