Փաշինյանը նորաձևություն է թելադրում
Նորայր Շողիկյան
Աննա Խաչատրյանը վաղը սպասվող հանրահավաքին Հանրապետության հրապարակ է գնալու սպիտակ շապիկով, որի վրա պատկերված է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն ու «դուխով» գրությունը: Այս նպատակով մի քանի օր առաջ Աննան Ռուսաստանից ժամանել է Հայաստան։
«Որոշել եմ գալ ու մասնակցել ցույցերին և ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ»,- ասում է Աննա Խաչատրյանը։
Վարչապետի ընտրության օրը շատերն են պատրաստվում Հանրապետության հրապարակ գնալ սպիտակ վերնաշապիկներով։ Սոցիալական ցանցերում վերջին օրերին բազմաթիվ հրապարակումներ են հայտնվում, որոնցում օգտատերերն առաջարկում են, որպես խաղաղության նշան, մայիսի 8-ին կրել միայն սպիտակ գույնի շապիկներ։
Ստեղծված իրավիճակից օգտվում են մանրածախ առևտրով զբաղվողները։ Խանութներում և վաճառքի կետերում Նիկոլ Փաշինյանի նկարով շապիկներն ու գլխարկները շատ արագ սպառվում են։ Վաճառող Արթուր Մինասյանի խոսքով՝ վաճառքի ու դրանից ստացված եկամտի աճն այս օրերին ակնհայտ է։
«Երբ տեսա, որ Փաշինյանը «դուխով» գրությամբ գլխարկ է կրում, այդ օրվանից սկսեցինք այդպիսի շապիկներ ու գլխարկներ պատրաստել։ Մասնավորապես, սպիտակ շապիկներ կրելու ակցիայի հայտարարությունից հետո, դրանց վաճառքի տարբերությունը մեծ է»,- ասում է Արթուր Մինասյանը։
Արթուրի խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն հագուստի, այլև ձևի նորաձևություն է թելադրում։
«Գլխարկներից սևն ու կարմիրն են ավելի շատ վաճառվում, որոնք նա կրում է»,- նշում է Արթուրը։
Մայիսի 8-ին խաղաղություն խորհրդանշող սպիտակ գույնի շապիկներ կրելով` քաղաքացիները սահմանափակվել չեն պատրաստվում։ Առավոտյան նաև սպիտակ մեքենաներով երթ է նախատեսվում Երևան քաղաքում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել