Մեղրեցիները բոյկոտեցին. Թաղամիրի ոսկու հանքերևակման շուրջ նախատեսված հանրային քննարկումը չկայացավ
Սյունիքի մարզի Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանրային քննարկումն այսօր Մեղրիում չկայացավ. մեղրեցիները բողոքի ակցիա էին կազմակերպել և բոյկոտել այն:
Թաղամիրի ոսկու հանքերևակման տարածքն ընդգրկում է Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Լիճք գյուղի տարածքից երկու տեղամաս: Հիշեցնենք, որ հայցվող տարածքը զբաղեցնում է 290 հա մակերես, որից 79 հա-ն գտնվում է «Արևիկ» ազգային պարկում:
Մեղրիի համայնքապետարանն ավելի ուշ հայտարարեց, որ հաշվի առնելով Մեղրի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիան` ձեռնարկողի և լիազոր մարմնի քննարկման ընթացքում ձեռք բերված համաձայնությամբ՝ 2018 թվականի մայիսի 8-ին, ժամը 10:30-ին Տաշտուն բնակավայրում՝ վարչական ղեկավարի նստավայրում «ԱՏ Պլյուս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերում 2018-2021 թթ. ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը ևս չի կայանալու:
ՀՀԿ անդամ, վարչապետի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանի որդու հիմնադրած «ԱՏ պլյուս» ՍՊ ընկերությունն էլ հավակնում էր 255 հա մակերեսում ուսումնասիրություններ կատարել, որի կեսից ավելին՝ 140 հա-ն գտնվում է «Արևիկ» ազգային պարկում, իսկ 5 հա-ն անտառային հողեր են:
Մեկնաբանել