HY RU EN

Դիանա Ղազարյան

«Դիլիջանի ազգային պարկ»-ում ծառեր են հատվել. գործը կհասնի ոստիկանություն

Օրեր առաջ «Դիլիջանի ազգային պարկ»-ում ծառեր են հատվել։ Ծառահատումները իրականացվել են Հաղարծնի վանք տանող ճանապարհին։

Այս մասին «Հետք»-ին հայտնեց «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։ Բնապահպանի փոխանցմամբ՝  ծառահատումները նկատել և նկարահանել են մայիսի 5-ին, երբ ծառերը դեռ նոր էին հատված։ Որոշ ծառերի բների վրա ծառագողերը անվադող էին այրել, դրանք սևացրել՝ փորձելով թաքցնել ծառահատումները։

Նրանց հաշվարկներով՝ այդ օրը հայտնաբերել են նոր հատված 4 հաստաբուն ծառ, որոնցից մեկը ծառահատողները չեն հասցրել տանել և կիսականգուն վիճակում թողնելով՝ հեռացել են։ Եվս մեկ հատված ծառ էլ բնապահպանները հաջորդ օրն են գտել։

Գոռի հաղորդմամբ՝ կոտրված է եղել նաև տարածքը հսկող ուղեփակոցի փականը և դրա փոխարեն նորն է տեղադրվել: Կոտրված հին փականը ընկած է եղել ուղեփակոցի կողքին։ Այդ կերպ ծառահատողները կարողացել են տարածք մուտք գործել և դուրս գալ։ Այդ հատվածում եղել են նաև ավտոմեքենայի այրված անվադողերի հետքեր։

Ծառահատման դեպքերը տեսնելուց հետո բնապահպանները կանչել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և «Դիլիջան ազգային պարկ»-ի աշխատակիցներին։ Պատահարի մասին տեղյակ են պահել նաև բնապահպանության նախարարությանը։

Տարածքի հետագա պահպանության հարցում «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները անտառապետի հետ պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս, ցերեկային ժամերին նախաձեռնության անդամները մոտոցիկլետներով հսկեն այդ տարածքը, իսկ գիշերային հսկումը կիրականացնեն պարկի աշխատակիցները։

«Հետք»-ի հետ զրույցում «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը նշեց, որ հատվել է 5 ծառ, որից չորսը ծառագողերը կարողացել են տեղափոխել։ Տնօրենի փոխանցմամբ՝ այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել ծառագողերին և արձանագրությունում հայտնել են, որ ծառահատումները անհայտ անձիք են կատարել։ Ծառահատման փաստը բացահայտելու համար արդեն աշխատանքներ կիրականացնի ոստիկանությունը։ Աբրահամյանը կարծում է՝ ծառերը հատել են մոտակա գյուղերի բնակիչները, քանի որ այդ տարածքը գյուղի կողքին է, և գյուղացիների համար դժվարություն չէ տարածք մտնել-դուրս գալը. «Այս տարածքը գյուղին կպած է։ Հատկապես այս պահաբաժինն էլ համարյա գյուղի մեջ է։ Կարող են ցանկացած ժամանակ մտնեն։100-200 մետր խորանում են, ծառ կտրում»,- նշեց պարկի տնօրենը։

Տվյալ տարածքի պահպանությունն այս պահին ըստ կարգի չի կատարվում, քանի որ, Աբրահամյանի փոխանցմամբ, մոտ մեկ ամիս առաջ պահաբաժնի անտառապահին ձերբակալել են և այլ աշխատակից չեն կարողանում գտնել. մարդիկ վախենում են այդ աշխատանքին անցնել. «Ոչ մեկը չի գալիս։ Հրահանգել ենք տվել, տեսչական հատուկ ջոկատի տղաները հերթապահություն են տանում։ Այսօր ոչ մեկը չի մոտիկանում այդ աշխատանքի համար»,- ասում է Աբրահամյանը։ 

Արմեն Աբրահամյանը ծառահատումները կանխարգելելու միջոց է համարում կադրային փոփոխությունը։ Նրա հավաստմամբ՝ ազգային պարկը ունի բավարար թվով աշխատակիցներ, սակայն նրանց պետք է փոփոխել, ինչը դժվար աշխատանք է։ Աշխատողներին հեռացնելիս պետք է տևական ժամանակ սպասեն, որպեսզի այլ աշխատող փոխարինի նրան, քանի որ գյուղացիներն ասում են՝ որևէ մեկի տեղը չեն աշխատի, նրան հացից չեն կտրի։

«Հետք»-ին բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը հայտնեց, որ ծառահատման մասին տեղեկանալով՝ ահազանգը փոխանցել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները նույն օրը եղել են դեպքի վայրում և արձանագրել փաստը: Նախարարության փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ կրկին արձանագրել էին ապօրինի անտառահատման ևս երկու դեպք. «Ազգային պարկի տարածքը լիարժեք պահպանելու համար քաղաքացիների աջակցությունը միշտ էլ անհրաժեշտ է, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամներին, իսկ հարակից համայնքների բնակիչներին կոչ ենք անում նպաստել ապօրինությունների վերացմանը»,- ասվում է բնապահպանության նախարարությունից։

Լուսանկարները փոխանցել է Գոռ Հովհաննիսյանը