HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Երաշխիքային սպասարկում»` առանց երաշխիքի

Բժիշկ Հովսեփ Շամախյանը 2004թ. դեկտեմբերին Սայաթ-Նովա 24 հասցեում գտնվող «Ֆիլիպս» խանութից գնում է «Ռայփուլ» («Whirlpool») ֆիրմայի սառնարան, որը, ի վերջո, նրան հասցնում է դատարան:

Գնման օրից 7 ամիս անց` երաշխիքային ժամկետի ընթացքում, 465 դոլար արժողությամբ սառնարանը սկսում է չիրականացնել իր հիմնական` սառեցման ֆունկցիան: Խանութն ուղարկում է մի քանի մասնագետներ, որոնցից առաջինն անսարք դետալը փոխարինում է այլ ֆիրմայի դետալով` պատճառաբանելով, թե «Ռայփուլ» ֆիրմայի դետալներ չեն բերվում, իսկ օրեր անց ի հայտ եկած նույն թերությունն արդեն երկրորդ մասնագետը ոչ մի կերպ չի կարողանում վերացնել:

Վերջինս նշում է, որ անսարքությունը գործարանային է, եւ պետք է ուղղակի փոխել սառնարանը: Ի դեպ, 2 մասնագետներն էլ հրաժարվում են լրացնել երաշխիքային կտրոնը` պնդելով, թե խանութի աշխատողներ չեն ու պահանջում են վճարել իրենց կատարած աշխատանքի եւ փոխված դետալի համար:

Խանութի տնօրինությանը հանդիպելու Հ. Շամախյանի փորձերն ապարդյուն են անցնում. «Ամեն անգամ վաճառողներն ասում էին, թե տնօրենը քաղաքում չէ, մենեջեր չկա, իսկ սառնարանը փոխելու պահանջս մերժում էին` պատճառաբանելով, որ այն իմ մեղքով է փչացել»,-պատմում է Հ. Շամախյանը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված «ապրանքը նմանօրինակ նմուշի ապրանքով փոխարինելու» պահանջով բժիշկ Շամախյանը գրավոր դիմում է խանութին, բայց ապարդյուն: Հետո նույն պահանջով հայց է ներկայացնում դատարան: Նրան փաստաբանական օգնություն է տրամադրում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը:

ՀԿ-ի աշխատակից Վարդուհի Սարոյանի խոսքերով` հայցի մերժման համար պատասխանողը պետք է դատարանում ապացուցի, որ ապրանքի թերությունը սխալ օգտագործման հետեւանքով է առաջացել, ինչն էլ մեզ հետ զրույցում ընդգծում էր «Ֆիլիպս» խանութի վաճառող Աշոտ Ավետյանը:

Ըստ նրա` սառնարանի անսարքության ամենահավանական պատճառը գերծանրաբեռնված շահագործումն է եղել. « «Զավադսկոյ դեֆեկտը « մինչեւ 20 օրը կերեւար, ոչ թե 7-8 ամիս հետո: Էդ «խալադելնիկը» դրել « նագռուզկի» տակ աշխատացրել են, ուզում են չփչանա՞: Ութ ամսում մարդն ա մաշվում-մեռնում...»,- ասում է նա:

Հունվարի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր` Հրաչ Հովհաննիսյան) պատասխանող կողմի` «Ֆիլիպս» խանութի սեփականատեր «Նոր վերելք» ՍՊԸ-ի (տնօրեն` Նարինե Ասլանյան) չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգեց փետրվարի 3-ին:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Վ. Սարոյանը վստահ է, որ դատարանը հայցը կբավարարի: Իսկ «Ֆիլիպս» խանութի վարքագիծը նա պայմանավորում է նրանով, որ այսօր պրակտիկայում հազվագյուտ է լինում, երբ սպառողը գլխացավանքների գնով փորձում է պաշտպանել իր ոտնահարված իրավունքները. «Մարդիկ գերադասում են վնաս կրել, քան դատարան դիմել»,-շեշտում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter