HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ տարի ուղղիչ աշխատանքներ` լրագրողին խոչընդոտելու համար

Նարեկ Տոնոյան

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, փետրվարի 4-ին ավատեց «Հայկական ժամանակ» («ՀԺ») օրաթերթի թղթակից Արման Գալոյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար հարուցված քրեական գործի դատաքննությունը, եւ դատավորը դատավճիռ կայացրեց:

Հիշեցնենք, որ 2004թ. սեպտեմբերի 24-ին Գումի շուկայի մի խումբ աշխատակիցներ հարձակվել էին «ՀԺ»-ի թղթակից Արման Գալոյանի վրա եւ խոչընդոտել նրա լրագրողական օրինական գործունեությունը: Գալոյանը Գումի շուկա էր այցելել հարակից կրպակատերերի ահազանգով, ըստ որի՝ իրենց կրպակներն ապամոնտաժվում են: «ՀԺ»-ի թղթակիցը դեպքի վայր էր մեկնել պարզելու, թե ինչքանով է ապամոնտաժումն օրինական: Գումի շուկայի որոշ աշխատակիցների դուր չի եկել, որ թղթակիցը զրուցում է կրպակատերերի հետ եւ փորձում հասկանալ նրանց բողոքների պատճառը: Այդ պահին ինչ-որ մարդիկ մոտեցել են Ա. Գալոյանին եւ առաջարկել հեռանալ շուկային հարակից տարածքից: Արման Գալոյանը շարունակել է իր աշխատանքը, որից հետո շուկայի աշխատակիցներից մեկը հայհոյանքներով հարձակվել է լրագրողի վրա եւ խլել նրա ձայնագրիչը: Գալոյանը շարունակել է աշխատել, եւ քիչ անց նրա վրա երկրորդ հարձակումն է տեղի ունեցել. հարձակվողը խլել է լրագրողի բլոկնոտը եւ պատռել այն էջերը, որի վրա գրառումներ են եղել:

Փետրվարի 4-ին դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Արմեն Վարդանյանը: Վերջինս պատմեց տեղի ունեցածը: Նա հայտարարեց, որ «ՀԺ» թղթակից Արման Գալոյանը «լրագրելիս խանգարում էր ընթացող շինարարական աշխատանքներին», ու ինքը դրա համար է նրա ձեռքից խլել ձայնագրիչը: Իսկ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե գողացել է, անմիջապես նստել է ավտոմեքենա ու ձայնագրիչը տարել ոստիկանությանն է հանձնել: Ամբաստանյալը նաեւ հայտարարեց, որ ինքը զղջում է կատարած արարքների համար ու պատրաստ է փոխհատուցել պատճառած վնասը, քանի որ, ըստ փորձագիտական եզրակացության, թղթակցի ձայնագրիչը նա փչացրել էր: Մեղադրող Սերգեյ Աբրահամյանը մեղադրական ճառում ասաց, որ ամբաստանյալ Արմեն Վարդանյանի մեղքը հաստատվել է բազմաթիվ ապացույցներով: Նա դատարանից պահանջեց, հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները, այն է' նախկինում դատված չի եղել, խոստովանել է արարքն ու զղջացել դրա համար, ամբաստանյալին դատապարտել 1 տարի 6 ամիս ժամանակով: Ամբաստանյալն էլ, իր վերջին խոսքում կրկին հայտարարելով, որ զղջում է կատարածի համար, դատարանից մեղմ պատիժ խնդրեց:

Խորհրդակցական սենյակից դուրս գալով' դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակեց դատավճիռը: Ըստ այդմ, Արմեն Վարդանյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 164 (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) եւ 258 (Խուլիգանությունը) հոդվածների առաջին մասով ու դատապարտեց մեկ տարի ուղղիչ աշխատանքների, որը նա պետք է կրի իր աշխատավայրում եւ այդ ընթացքում իր աշխատավարձի 20 տոկոսը պետք է փոխանցի պետբյուջե:

Ի դեպ, երեկ դատարանում ամբաստանյալը նաեւ փոխհատուցեց «ՀԺ» թղթակից Արման Գալոյանին պատճառած վնասը, որը կազմում էր 50 ԱՄՆ դոլար:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ դատարան 15 օրվա ընթացքում: Թեեւ, ամենայն հավանականությամբ, ամբաստանյալը դա չի անի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter